Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը

Նոյեմբեր 13,2023 12:12

Կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը:

Ռազմավարությամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։

Ռազմավարության հիմքում ընկած է ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը, ազգային և համամարդկային արժեքների հետ զուգորդումը և հաղորդակցումը: Առաջնային են համարվում համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը: Կարևորվել է մշակույթի տնտեսականացումը, կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումն ու  կարողությունների զարգացումը, մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը, պետություն-մասնավոր համագործակցության փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժողովրդավարական արժեքների գերակայության ամրապնդումը,  աշխարհի մշակութային քարտեզում հայկական մշակույթի դիրքավորումը։

Ըստ այդմ՝ սահմանվում են մշակույթի ոլորտների զարգացման տեսլականը, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ ժամանակացույցի համաձայն։ Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել ամրակայված, նորոգված և վերականգնված վտանգված պատմության և մշակույթի հուշարձանների թիվը, համալրել ՀՀ թանգարանային առարկաների շտեմարանը: Նախատեսվում է ներդնել թանգարանների և գրադարանների կառավարման նոր ձևաչափ, խթանել ստեղծարար ոլորտները, ապահովել բարենպաստ միջավայր և մրցակցային դաշտ ստեղծագործական ինքնարտահայտման համար, ինչպես նաև նպաստել միջազգային մշակութային գործընթացներին երիտասարդ ստեղծագործողների ինտեգրմանը, մշակույթի և ստեղծարար ոլորտներում ձևավորել պետական խրախուսման մեխանիզմներ և այլն:

Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝

Մշակույթն ազգային ինքնության կայացման և համընդհանուր արժեքային հենքով միջազգային համակեցության պայման է

Մշակույթն ազգային անվտանգության ապահովման գրավականն է,

Մշակույթը հայապահպանության երաշխավորն է Սփյուռքում,

Մշակույթն արժեքահեն քաղաքացու կրթության և դաստիարակության գրավականն է, մարդկային կապիտալի զարգացման կարևորագույն պայմանը,

Մշակույթն ազատ  քաղաքացու ձևավորման պայման է,

Մշակույթն անձի ստեղծագործական ազատության, ոգեղենության արտահայտման և ինքնադրսևորման միջոց է,

Մշակույթը հանրային համերաշխության և բարեկեցիկ հասարակության ձևավորման երաշխիք է,

Մշակույթը միջազգային համագործակցության ընդլայնման գործոն է:

Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականն ու նպատակները, ինչպես նաև նախանշում է բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունն անհատի և հասարակության վրա։

Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային՝ ընդգրկելով մասնագիտական հանրության և միջազգային կազմակերպությունների առաջարկները։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել