Հայաստանում անցկացվում է աննախադեպ մասշտաբների մանկապատանեկան գեղեցկության մրցույթ՝ «Երիտասարդ հայուհի 2023», որը միտում ունի լինելու շարունակական։ Մրցույթի առաջին փուլին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին MeriDian Expo սրահում, մասնակցում էին ՀՀ 11 մարզի 8-18 տարեկան շուրջ 300 հայուհի: Մրցույթին մասնակցության հայտերը 1000-ից ավելին են եղել, 14 հոգուց բաղկացած մասնագիտական թիմը նախապես մեկնել է մարզեր ու կատարել ընտրություն՝ որոշ չափորոշիչների համապատասխան։
Եզրափակիչ փուլ անցած երեխաները հնարավորություն ունեն ներկայանալու նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այստեղ յոթ հոգուց բաղկացած մասնագիտական ժյուրին՝ Անի Մնացականյանի գլխավորությամբ, կընտրեն յոթ հաղթողներին։ Առաջին տեղը զբաղեցնողը որպես մրցանակ կստանա մեքենա, իսկ մյուս վեց հաղթողները կստանան դեպի Դուբայ շրջագայության ամբողջական փաթեթ։
Մրցույթն իրականություն է դարձել «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի կողմից՝ Սմբատ Հակոբյանի եւ Անի Մնացականյանի գաղափարով։ Անի Մնացականյանը երկար տարիներ զբաղվել է պարարվեստով, հայ ազգային մշակույթի պահպանման եւ տարածման գործում ունի բավական ներդրում։ «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնն արդեն մոտ 8 տարի իրականացնում է տարբեր միջոցառումներ, որոնց հիմնական ուղղվածությունը բարեգործական հիմք ունի՝ աջակցում եւ օգնում են անապահով ընտանիքներին։ Այս պահին բոլոր ռեսուրսները ուղղված են արցախցիներին օգնելու համար, իսկ Արցախից եկած շատ երեխաների համար այս մրցույթի մասնակցությունը եղել է անվճար։
Տեսնելով Հայաստանում մանկապատանեկան գեղեցկության մրցույթների կարգավիճակները, կազմակերպման որակները եւ արդարությունը՝ Անի Մնացականյանի մոտ ցանկություն է առաջացել նախաձեռնել եւ իրականացնել այս մրցույթը, որն իր մասշտաբներով եւ կազմակերպչական շքեղությամբ առաջինն է մեր երկրում։
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ