Լրահոս
Օրվա լրահոսը

Բառախաղ և պարադոքս. իշխանության անփոփոխ ոճը

Նոյեմբեր 13,2023 10:30

Օրերս արձագանքելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդմանն առ այն, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերահսկողությունը պետք է իրականացնի ռուսական ԱԴԾ-ն՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը շեշտել է. «Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»:

Ինչ խոսք, տրամաբանությանը համապատասխանող մեկնաբանություն է: Իրոք, Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքը պետք է վերահսկվի միմիայն հայկական ուժերի կողմից:

Բայց արդյոք Հայաստանը երբևէ որևէ փաստաթուղթ չի ստորագրել իր տարածքի մի հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողության մասին:

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում բառացիորեն նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Սա վերցված է հենց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:

Հայաստանի իշխանությունը կրկին բառախաղի մեջ է: Ինչպե՞ս է ասվում, որ Հայաստանի տարածքում որևէ երրորդ երկիր վերահսկողություն չի կարող ունենալ, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթը հենց դա է նախատեսում: Բառախաղերին դիմելու սովորությանը հավատարիմ՝ իշխանությունը կրկին մոլորության է մատնում ժողովրդին:

Լավ է, եթե պաշտոնական Երևանը գիտակցում է, որ իր իսկ կողմից 2020-ին ստորագրված Ադրբեջանի և Նախիջևանի՝ Հայաստանի միջով անցնող ճանապարհի վերահսկողությունը ՌԴ ԱԴԾ-ին վստահելու դրույթը չի բխում հայկական շահերից, քանի որ այն սաստկացնելու է Հայաստանի արդեն իսկ խոր արմատներ ունեցող կախվածությունը Ռուսաստանից, և սրա վրա հիմնվելով՝ Կառավարությունը որոշել է փոխել հարցին իր մոտեցումը:

Սակայն, իրականությունը լեզվական պարադոքսներով կոծկելու փոխարեն պետք է պարզապես անկեղծ լինել սեփական ժողովրդի հետ: Ցանկացած ժողովուրդ արժանի է անկեղծ և թափանցիկ վերաբերմունքի:

Բայց միգուցե անկեղծությունը իշխանության շահերից չի՞ բխում, իսկ ժողովուրդն էլ խնդիր չի տեսնում իր նկատմամբ այս անանկեղծ վերաբերմունքի մեջ:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Մինչև հիմա չեք հասկացել, որ քանի էս թուղթն է վերջնականը՝ էդ պարտադրված դամոկլյան սուրը շարունակելու է մնալ, դրա համար էլ հարկավոր է նոր փաստաթուղթ, ո՛չ ռուսական հարթակում։ Գրանադան դա պիտի լիներ, դրա համար էլ այս թղթի շահառուները մի կերպ խույս տվեցին։ Բայց ոչինչ, այս թղթի ճակատագիրը չկատարվելն է, ուստի թող 9-րդ կետն էլ մնա մեր վրա, ավելի լավ է, քան սրա հիմքով նոր փաստաթուղթ ստորագրվի, հատկապես, որ «զզվելի Արևմուտքն» էլ ամեն բան անում է, որ նախ՝ սա չլինի հիմք, երկրորդն էլ, սրա հիմքով չկարողանան պարտադրել նոր պայմաններ։
    Մնացածը կարող եք մեկնաբանել ինչպես ուզում եք, անգամ կարելի է մեկնաբանել, որ ռուսական ԱԴԾ-ին վերաբերող մասը ներկա ժամանակով է գրված (այն ժամանակվա համար) ու ոչ մի առնչություն չունի ապագայի հետ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930