Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, այդ հարցը մնում է թուրք-ադրբեջանական օրակարգում»

Նոյեմբեր 13,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

– Պարոն Սաֆրաստյան, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում հայտարարում են, թե իբր Թուրքիան ու Ադբեջանն այլեւս «Զանգեզուրի միջանցք» չեն պահանջում Հայաստանից։ Իրո՞ք դա այդպես է, թուրք ու ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններում այլեւս չկա՞ այդ խոսույթը։

– Ես կարծում եմ, որ իրականում այդ խոսույթը դուրս չի էլ եկել նրանց օրակարգից։ Հենց վերջերս նման հայտարարությամբ թյուրքական երկրների կազմակերպության նիստում հանդես եկավ Էրդողանը։ Եթե ռազմավարական տեսանկյունից դիտարկենք, ապա, ես կարծում եմ, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար։ Ընդ որում, այդ նշանակությունը ոչ միայն ուղղակի կապն է Ադրբեջանի հետ, այլ նաեւ դա ամենակարճ ճանապարհն է՝ հաղորդակցվելու թյուրքական երկրների հետ։ Այնպես որ, այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, նաեւ Ադրբեջանի համար, եւ այն այսօր շարունակում է մնալ օրակարգում։

– Ուժի սպառնալիք մշտապես կա, բայց հնարավո՞ր է ուժով փորձեն բացել այդ միջանցքը։

– Այո, շատ ճիշտ նկատեցիք, ուժի սպառնալիքը կա, եւ չի բացառվում, որ դա կարող է ուժեղանալ։ Այստեղ մի խնդիր կա, որը պետք է լավ գիտակցենք։ Դա այն է, որ Իգդիրը Նախիջեւանի հետ կապող երկաթգծի՝ Թուրքիայի տարածքով անցնող հատվածը չի կառուցվել։ Դրա մասին տարիներ շարունակ Թուրքիայում խոսակցություններ կան, բայց մինչեւ հիմա շինարարությունը չի սկսվել։ Վերջերս Թուրքիան համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի հետ, որ համատեղ իրականացնեն այդ շինարարությունը։ Ես կարծում եմ՝ Թուրքիան այդպիսով փորձում է օգտագործել Ադրբեջանի միջոցները։ Այդ նախագիծը բավական ծախսատար՝ միլիարդների հասնող պրոյեկտ է եւ ժամանակ կպահանջի։ Հետեւաբար, հիմա Թուրքիայի համար իրատեսական չէ, որ «Զանգեզուրի միջանցքը» միանգամից կգործի։ Դա ապագայի խնդիր է, բայց հիմա Թուրքիայի համար կարեւոր է, որ ստանա Հայաստանի համաձայնությունը։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ ներկա փուլում Թուրքիան կշարունակի իր ճնշումները Հայաստանի վրա՝ օգտագործելով նաեւ Ադրբեջանին։ Կարող են լինել տարբեր սադրանքներ սահմանին։ Հետեւաբար, հարցին, թե ուժի կդիմե՞ն, ես այսպես կպատասխանեմ՝ ես կարծում եմ, որ այդ հնարավորությունը կա, բայց դեռեւս դա իրական չէ։

– Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը՝ դիմակայելու այս ծրագրերին։

– Հայաստանը պետք է շարունակի պնդել, որ պետք է լինի ոչ թե միջանցք, այլ ճանապարհ, որը կլինի ՀՀ ինքնիշխանության, իրավազորության եւ 100 տոկոսանոց հսկողության ներքո։

– ՀՀ իշխանության ներկայացուցիչները նաեւ վերջին շրջանում հայտարարում են, որ զգուշավոր լավատեսություն ունեն հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Օրինակ՝ իրատեսական են համարում այն, որ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կարող է բացվել երրորդ երկրների համար։ Դուք տեսնո՞ւմ եք նման միտում, լավատեսության համար հիմքեր կա՞ն։

– Լավատեսությունը կյանքում լավ բան է, իհարկե, բայց իրականությունը քիչ հնարավորություններ է թողնում լավատեսության համար։ Թուրքիան Հայաստանի հետ բանակցություններում կիրառում է որոշակի մարտավարություն։ Եվ այդ մարտավարությունը հետեւյան է՝ օգտագործելով Ադրբեջանի գործոնը, ճնշում է բանեցնում Հայաստանի վրա, որ Հայաստանից ստանա այն, ինչ ուզում է։ Եթե ինչ-որ մի բան ստանա, ինքը մի փոքր քայլ կանի։ Հետո, եթե դարձյալ մի բան ստանա, մի փոքր քայլ էլ կանի։ Բայց այդ հիմնական խնդիրը՝ սահմանի բացումն ինքը թողնում է ապագայի համար։ Սա է Թուրքիայի մարտավարությունը, եւ ես կարծում եմ, որ իրենք բավական լուրջ աշխատել են նույնիսկ նախքան բանակցությունների մեկնարկը։ Հատուկ խումբ է եղել, որն այդ մարտավարությունը մշակել է։

Հիմա այն փուլն է, որ թուրքերը հայտարարում են, թե սահմանը կարող է բացվել երրորդ երկրների համար։ Սպասում են, որ Հայաստանից ինչ-որ զիջում կորզեն, դա է իրենց նպատակը։ Հենց այնպես իրենք սահմանը չեն բացի, դրա դիմաց ինչ-որ զիջում կփորձեն ստանալ եւ շատ փոքր քայլ կանեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930