Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժեց «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը

Նոյեմբեր 13,2023 12:30

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 7-ին քննության առավ «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերության դիմումը: Ընկերության անհատական դիմումը մուտքագրվել էր Սահմանադրական դատարան օգոստոսի 11-ին: Դիմումատու ընկերությունը վկայակոչելով Աշխատանքային օրենսգրքի մի քանի հոդվածներ, ՍԴ-ից խնդրում էր ճանաչել ՀՀ սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: Ընկերությունը դատարանին ներկայացրել էր թիվ ԵԴ/12355/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդվածներից մեկով վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է Սահմանադրությանը, քանի որ կամայական մոտեցում է ցուցաբերվել հրամանի մասին հայցվորի ծանուցված լինելու խնդրի ուսումնասիրության հարցում, ինչպես նաեւ նույնացվել են «հանձնել» եւ «իրազեկել» եզրույթները:

Ըստ ընկերության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը չի նախատեսում գործատուի ընդունած ներքին եւ անհատական իրավական ակտերի մասին իրազեկելու հստակ կարգ կամ չի նախատեսում անձի իրազեկված լինելու բովանդակային անհրաժեշտություն՝ անկախ իրազեկման կարգից, ինչպես նաեւ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորվում է դրա եռօրյա ժամկետում հանձնման, այլ ոչ թե՝ իրազեկման հետ:

Օրենսգրքի վիճարկվող 30-րդ հոդվածի 4-րդ մասը եւ 265-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվում են այնպես, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը բողոքարկելու ժամկետի հաշվարկի սկիզբը, ինչի հետեւանքով կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսդրության կանոնները: Իսկ  օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը հնարավորություն են ընձեռում դատարաններին սեփական նախաձեռնությամբ գործատուից հօգուտ աշխատողի բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը՝ համապատասխան պահանջի բացակայության պայմաններում, հստակորեն չեն նախատեսում, որ գործատուի կողմից հօգուտ աշխատողի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի բռնագանձման անհրաժեշտ նախապայման է աշխատանքից ազատման հրամանի վիճարկումը: Դիմումատուն փաստել էր, որ Սահմանադրությանը համապատասխանելու նպատակով անհրաժեշտ է, որ առնվազն հստակորեն նշվի, թե՝ «առավելագույնը քանի ամսվա միջին աշխատավարձ է կարող բռնագանձվել գործատուից հօգուտ աշխատակցի»: Ըստ դիմողի՝ դա կարող է լինել, օրինակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռամսյա ժամկետը, որը ներկայում կրում է դեկլարատիվ բնույթ:

Այսինքն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող հոդվածի մեկնաբանությունը, որը ենթադրում է, թե դատարանը կարող է իր նախաձեռնությամբ, աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում վերջինիս տրամադրել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, եւ միաժամանակ, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության սկզբունքներին, այդ թվում՝ տնօրինչականության եւ մրցակցության սկզբունքներին, ասել է թե՝ հակասահմանադրական է:

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժեց այս գործով հետագա քննությունը, գտնելով, որ վեճի հիմքում դրված է կոնկրետ գործի փաստական հանգամանքների իրավական, սահմանադրական  գնահատման հարցը:

Ըստ ՍԴ-ի՝ սույն դիմումով չի հիմնավորվում դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող հոդվածների  իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասությունը Սահմանադրության երաշխավորված որեւէ հիմնական իրավունքին եւ (կամ) ազատությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930