Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Դժվար կատարվող» կոնցերտը նվագում է 11 տարեկանից

Նոյեմբեր 13,2023 12:00

Անուշ Նիկողոսյանի մասնակցությամբ կմեկնարկեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համաշխարհային հյուրախաղերը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 20-րդ դարի ամենափայլուն կոմպոզիտորների ցանկում ընդգրկված Արամ Խաչատրյանի Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը՝ գրված 1940թ., կարելի է ասել՝ իր համաշխահային տուրնեն սկսեց 1948թ., երբ աշխարհահռչակ Դավիդ Օյստրախը ձայնագրեց կոնցերտը։ Այսօր էլ այդ ստեղծագործությունը ցանկացած համբավավոր ջութակահարի ու նվագախմբի երկացանկում է եւ, ամենակարեւորը՝ ցանկալի ու սպասված երաժշտասերների կողմից։ Մեզ հետ հարցազրույցներում թե մեր եւ թե հյուրախաղորդ երաժիշտները նշել են, որ այս կոնցերտը դժվար կատարվող ստեղծագործություն է եւ ջութակահարից պահանջում է մեծ վարպետություն։ Նաեւ չեն մոռացել փաստել, որ Խաչատրյանը ֆենոմենալ մարդ է, ով սկսել է լրջորեն երաժշտական գործիք նվագել միայն 20 տարեկանում, սակայն չնայած ամեն ինչին, համաշխարհային փառք է ձեռք բերել։

Ջութակի կոնցերտը նոյեմբերի 12-ին  Աթենքի հեղինակավոր «Մեգարոն» համերգասրահում կհնչեցնի ճանաչված ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Սա ֆիլհարմոնիկ նվագախմբի համաշխարհային հյուրախաղերի առաջին համերգն է, որին կհաջորդեն ելույթները ԱՄՆ-ում եւ Կանադայում։

Մեզ հետ զրույցում ջութակահարուհին տեղեկացրեց, որ հյուրախաղերը նվիրվում են Արամ Խաչատրյանի ծննդյան 120 եւ Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակներին։ Բացի Խաչատրյանի կոնցերտից, ֆիլհարմոնիկը կներկայացնի հատվածներ  «Սպարտակ» բալետից, կհնչեցնի Ռախմանինովի 2-րդ սիմֆոնիան, ինչպես նաեւ կոմպոզիտորի Դաշնամուրի 3-րդ կոնցերտը՝ անվանի երաժիշտ Սերգեյ Բաբայանի մեկնաբանմամբ։ Նա ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա Սալոնիկում, Մոնրեալում եւ Բոստոնում։ «Ջութակի կոնցերտի կատարման համար հրավիրված է նաեւ Սերգեյ Խաչատրյանը։ Նա մեր նվագախմբի հետ հանդես կգա ԱՄՆ-ում եւ Կանադայում։ Ծրագրված է նաեւ ֆիլհարմոնիկի բեմելը հռչակավոր Քարնեգի սրահում»,- հայտնեց ջութակահարուհին։

Հարցին՝ երբվանի՞ց է Խաչատրյանի կոնցերտը իր նվագացանկում, ջութակահարուհին պատասխանեց. «Կոնկրետ թվականը չեմ կարող ասել, բայց 11 տարեկանից նվագում եմ այս կոնցերտը։ Կատարել եմ Լեհաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում, Չինաստանում, Իտալիայում, Չեխիայում եւ այլն, ընդ որում՝ տարբեր նվագախմբերի ընկերակցությամբ ու դիրիժորների ղեկավարությամբ։ Այս պահին մտաբերեցի ճանաչված դիրիժորներ Օլիվեր Վեդերին, Ալեքսեյ Մորգունովին, Ջեյմս Պյուլիին»։ Իսկ թե ինչումն է կայանում Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարման դժվարությունը, մեր զրուցակիցն ընդամենն ասաց, որ ցանկացած մեծ կտավի կոնցերտ բարձր մակարդակով բեմ հանելը բարդ է եւ պատասխանատու։

Զրույցի ընթացքում այս բարձրարվեստ գործի մասին խոսելիս արվեստագետը փաստեց, որ այս կոնցերտը իսկապես շատ արագ ժողովրդականություն ձեռք բերեց եւ հետաքրքիր է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին այն արդեն հայտնի էր եւ հաճախ էր հեռարձակվում ռադիոյով, այդպիսով ամրապնդելով հավատը հաղթանակի հանդեպ։ «Կոնցերտի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան, դրանցից մեկն այն մասին է, որ թեեւ Խաչատրյանն իր կյանքում հանդիպել է աշխարհի բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն Չառլի Չապլինի հետ նրա հանդիպումը անջնջելի տպավորություն է թողել կոմպոզիտորի վրա։ Չապլինն արդեն մեծ տարիքում էր, ապրում էր Ժնեւում եւ հյուրեր գրեթե չէր ընդունում։ Բայց Խաչատրյանի համար բացառություն է անում։ Ընդունելով նրան, դերասանը ցույց է տալիս Ջութակի կոնցերտի ձայնագրությունը, ասում, որ այն իր սիրելի ստեղծագործությունն է եւ լսում է շատ հաճախ։ Կարծում եմ, որ այդ ձայնագրությունը Օյստրախի մեկնաբանությունն է եղել, ով առաջինն է կատարել այս գործը»,- ներկայացրեց ջութակահարուհին։

Կարելի է պատկերացնել, թե ինչ դժվար է երկու երեխաների մայր Անուշ Նիկողոսյանի համար ընտանեկան հոգսերը զուգահեռել կարիերայի հետ, մասնակցել համերգների, փառատոների ոչ միայն մեզ մոտ, այլեւ արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Ի դեպ, 10 տարեկանում է կայացել  նրա առաջին բեմելը Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ։ Որպես մենակատար նա բեմ է բարձրացել Լիտվայի ազգային ֆիլհարմոնիկի, Ուրալի ֆիլհարմոնիկի, Վուհանի ֆիլհարմոնիկի, Կարինթիայի սիմֆոնիկի հետ եւ այլն։ Որպես կամերային երաժիշտ էլ հանդես է եկել այնպիսի հնչեղ անունների հետ, ինչպիսիք  են Նիլս Մյոնքեմեյերը, Մարիո Բրունելլոն եւ այլք։  Նման զբաղվածության հետ մեկտեղ Հանրային ռադիոյում Անուշ Նիկողոսյանը վերջերս ստեղծել է «Դասականը բոլորի համար» համերգաշարը, համատեղելով համերգային կատարումները երաժշտության շուրջ քննարկումների հետ։ Բեմական ու ստեղծագործական գործունեության ոչ ամբողջական թվարկմանը, բնականաբար, պետք է հետեւեր հարցը, թե ինչպես է հասցնում այդ ամենը։ «Կողքիս կան մարդիկ, ովքեր ըմբռնումով են մոտենում այդ ամենին եւ սիրով օգնում, ինչը ինձ թույլ է տալիս ամբողջությամբ նվիրվել սիրած գործին։ Բայց երեխաներս ու ընտանիքս, անկասկած, առաջին տեղում են ու վեր ամեն ինչից…»,- հավաստիացրեց Անուշ Նիկողոսյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930