Աշխարհաքաղաքական շաբաթն ավարտվում է Փարիզում, որտեղ ընթանում է Խաղաղության 6-րդ համաժողովը:
Հիմա այդ համաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված ենք ներկայացնում: Ասել է. «Ես չեմ եկել խաղաղության այս ֆորումի ընթացքում խոսելու պատերազմի մասին։ Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո: Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։
Եվ այս ամենը կատարվում է՝ չնայած այն բանին, որ մենք, կարծես, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ»։
Արտառոց բան չկա այս հատվածում: Բոլորս էլ գիտենք Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունների, տարվող քարոզչության մասին:
Կարդացեք նաև
Բայց, այդ ելույթից մի քանի ամիս առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ հուլիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանն այստեղ մեծ ասուլիս էր տվել: Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նրան հիշեցրել է, որ 2022թ. օգոստոսին Ադրբեջանում գործող «Ադրբեջանի փախստականների համայնք» ՀԿ-ն վերակազմավորվել է՝ կոչվելով «Արևմտյան Ադրբեջանի համայնք», որը պետք է զբաղվի տեղահանված էթնիկ ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով։ Արևմտյան Ադրբեջան ասելով` և՛ Ալիևը, և՛ Ադրբեջանի պետական հովանավորությունը վայելող այս կառույցը նկատի ունեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։
Լրագրողը փորձել է ճշտել վարչապետի տեսակետն այս հարցում: Փաշինյանն էլ իր պատասխանում այդ լրագրողին մեղադրել էր ադրբեջանական նարատիվ հնչեցնելու համար:
«Եթե մեր լրատվամիջոցներն ավելի շատ Ադրբեջանի նարատիվն են տարածում, քան Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության, ի՞նչ վստահություն կարող է ունենալ։
Այսօր Դուք շատ մեծ մասով ապահովեցիք, որպեսզի ադրբեջանական նարատիվը դառնա, այդ թվում նաև հայկական օրակարգի մաս և քննարկման առարկա։ Երբ որ այսպիսի տրամաբանությամբ մենք գործենք, ոչ մեկը ոչ մի բանի վստահություն չի կարող ունենալ»:
Հիմա նույն Փաշինյանը, որը լրագրողին մեղադրել է ադրբեջանական նարատիվ տարածելու մեջ, գնում, հասնում է Փարիզ, ու միջազգային հարթակում նույն այդ նարատիվը տարածում: Հաստատ մոռացել է, թե ամիսներ առաջ ինչ է ասել այս հարցի վերաբերյալ: Հիմա ո՞նց կարելի է վստահել մեկին, որը տարածում է մտքեր, որոնց համար լրագրողին է մեղադրել: Ո՞ւմ այսքանից հետո կարելի է վստահել. իշխանությունների՞ն, որոնք ամիսը մեկ իրար հակասող հայտարարություններ են անում, թե՞ լրատվամիջոցներին:
Այս մի դրվագը, երբ ասուլիսում մի բան է ասում, իսկ Փարիզում՝ լրիվ այլ բան, Փաշինյանին շատ է բնորոշ: Դժվար է ասել, թե այս հինգ տարվա ընթացքում քանի անգամ է ինքն իրեն հակասել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում