ԱՄՆ կախվածությունների բուժման կենտրոնի տվյալներով՝ լյարդին հարկավոր է 1 շաբաթից ավելի՝ ալկոհոլից լիովին ազատվելու համար, թեև դետոքսիկացիայի ընթացքում առաջացող ախտանշանները կարող են բավականին երկար ձգվել։
Ըստ հետազոտությունների՝ ոգելից խմիչքից հրաժարվելուց հետո ալկոհոլը կարող է մնալ արյան մեջ մինչև 6 ժամ, շնչառության, մեզի, թքի մեջ՝ 12-24 ժամ։
Այն, թե որքան ժամանակ հետո է լյարդը վերականգնվում խմելը թողնելուց հետո, ընդհանուր առմամբ կախված է հետևյալ գործոններից՝
- թե մարդն ինչ քանակությամբ է ալկոհոլ օգտագործել,
- որքան ժամանակ է խմում,
- ինչքան ժամանակ է անցել վերջին անգամ խմելուց հետո,
- մարդը երբևէ ունեցել է դետոքսիկացիայի հնարավորություն, թե՞ ոչ,
- օգտագործում է արդյոք որևէ դեղամիջոց,
- որքանով է վնասված լյարդը։
Հայտնի է, որ ալկոհոլի ճեղքումը մահացու ազդեցություն է ունենում լյարդի բջիջների վրա, սակայն առողջ լյարդը բավականին կենսունակ է և ի վիճակի է վերականգնվելու։ Այս փաստը հուսադրող է և խոսում է այն մասին, որ երբեք ուշ չէ ալկոհոլի չարաշահումից հրաժարվելը, սակայն չպետք է նաև մոռանալ, որ ալկոհոլի երկարաժամկետ օգտագործումը վատթարացնում է լյարդի վերականգնվելու ունակությունը՝ հանգեցնելով լյարդի անդառնալի վնասվածքների։
Կարդացեք նաև
Ոգելից խմիչքի չարաշահումն ընդհանուր առմամբ է բացասաբար ազդում օրգանիզմի վրա՝ առաջացնելով շատ տարբեր ախտանշաններ ու խնդիրներ՝
- անհանգստություն,
- դեպրեսիա,
- քնի վատ որակ, անքնություն,
- սուիցիդալ մտքեր,
- լյարդի ցիռոզ,
- քաղցկեղի վտանգի մեծացում,
- հորմոնալ խանգարումներ,
- որովայնի փքվածություն,
- զարկերակային բարձր ճնշում,
- կաթվածի վտանգի մեծացում,
- մկանների վնասվածքներ (կարդիոմիոպաթիա),
- մահ։
Կարևոր է իմանալ, որ ալկոհոլի օգտագործումը դադարեցնելուց հետո լյարդի մաքրման գործընթացը կարող է ուղեկցվել տհաճ ախտանշաններով՝
- Սրտխառնոց և փսխում,
- դող,
- անհանգստություն, նյարդային վիճակ,
- մկանային ջղակծկումներ,
- շփոթություն,
- հաճախասրտություն,
- առատ քրտնարտադրություն,
- զարկերակային ճնշման բարձրացում
- անքնություն,
- մղձավանջներ։
Ալկոհոլից հրաժարվելուց հետո լյարդի դետոքսիկացիան մի քանի փուլով է ընթանում։
Խմելը թողնելուց 8-10 ժամ հետո կարող են դրսևորվել ֆիզիկական ախտանշաններ՝ որովայնի ցավեր, որոնք ուղեկցվում են տագնապի զգացումով։ Մարդը կարող է հոգնածություն, անհանգստություն ու անքնություն ունենալ։
24-78 ժամ հետո կարող են առաջանալ գիտակցության շփոթություն, ուշադրության կենտրոնացման հետ կապված դժվարություններ։ Գլխուղեղի համար դժվար է լինում տեղեկատվությունը մշակելը։ Հնարավոր է մարմնի ջերմության, զարկերակային ճնշման բարձրացում, սրտի զարկերի արագացում և անհանգստություն, ինչն էլ իր հերթին ավելի է մեծացնում հոգնածությունը։
2-4 օր հետո մարդը կարող է նյարդային դառնալ, ավելի է սրվում ալկոհոլ օգտագործելու ցանկությունը։ Կարող են նկատվել հալյուցինացիաներ ու լսողական անոմալիաներ, զնգոց ականջներում, սև կետեր աչքերի առջև։
Սուր դետոքսիկացիայի ընթացքում կարող են լինել ջղակծկումներ ու վերջույթների դող։ Այդ ամենը երբեմն շատ դժվար է լինում հաղթահարել առանց կողմնակի աջակցության։
Երրորդ փուլի ախտանշաններն ավելի ծանր կարող են լինել, օրինակ՝ ալկոհոլի խիստ չարաշահման դեպքում լյարդի դետոքսիկացիան կարող է անգամ խաթարել լյարդի աշխատանքն ու սպիտակ տենդի հանգեցնել։
Շատերն այդ փուլում սխալմամբ փորձում են կրկին խմել՝ ախտանշաններից ազատվելու համար․ ահա թե ինչու է կարևոր ոգելից խմիչքից խիստ կախվածություն ունենալու դեպքում հրաժարման փուլերը հաղթահարել՝ մասնագիտական աջակցությանն ապավինելով։
Որ մթերքներն են օգտակար լյարդի վերականգնման համար
Կիտրոնի հյութ․ Լիմոնն ու այլ ցիտրուսայիններն օժտված են մաքրող հատկություններով։ Առավոտյան կիտրոնի հյութով ջուրը կարող է խթանել մարսողական համակարգի ու լյարդի աշխատանքը։
Խնձորը հարուստ է բջջանյութով, վիտամիններով, հանքանյութերով, բուսաքիմիական միացություններով, ֆլավոնոիդներով ու տերպենոիդներով, ինչի շնորհիվ համարվում է դետոքսիկացիոն լավագույն մթերքներից մեկը։
Քրքումը հակաբորբոքային ազդեցություն ունեցող հզոր համեմունք է, որն օգտակար է քրոնիկ բորբոքման դեպքում։ Քրքումը հարուստ է կուրկումինով, որն օժտված է հակաբակտերիալ, հակասեպտիկ, հակասնկային ու հակաքաղցկեղային ազդեցությամբ, այս հատկությունները լյարդին թափոններից ազատվելու հնարավորություն են տալիս։
Սխտորը ծծբի միացություններ, սելեն և հակաբակտերիալ նյութեր է պարունակում, որոնք պաշտպանում են լյարդի բջիջներն ու նպաստում այն ֆերմենտների արտադրությանը, որոնք խթանում են օրգանիզմի ինքնամաքրման գործընթացները։
Բազուկը, հատկապես վառ կարմիր գունավորում ունեցող տեսակը, ևս մեկ սուպերմթերք է, որն օգնում է մաքրել լյարդը։ Բազուկը հարուստ է երկաթով, ֆոլատով, ֆոսֆորով, պղնձով, վիտամին С-ով, կալիումով, մանգանով, բետա կարոտինով ու բուսական միացություններով։
Խաչածաղկավոր բանջարեղենը – գլուտաթիոնը, սուլֆորաֆանն ու այլ միացությունները, որոնք շատ արդյունավետ են լյարդի մաքրման համար, լիուլի պարունակվում են խաչածաղկավոր բանջարեղենի կազմում, այդպիսիք են բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, սովորական կաղամբն ու ծաղկակակղամբը։ Հիշյալ միացություններն ակտիվացնում են մաքրող ֆերմենտները, որոնք հարկավոր են օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերման համար։
Կանաչ տերևավոր բանջարեղենը պարունակում է քլորոֆիլ, որը կլանում է օրգանիզմն աղտոտող նյութերը։ Այս բանջարեղենի տեսակները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով ու բջջանյութով և ընդհանուր առմամբ բարենպաստ են ազդում առողջության վրա։
Յուղոտ ձկնատեսակները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք օգնում են պայքարել բորբոքման դեմ։ Որոշ հետազոտությունների համաձայն՝ դրանք նաև խոչընդոտում են լյարդում ավելորդ ճարպերի կուտակմանն ու օգնում պահպանել լյարդում անհրաժեշտ ֆերմենտները։
Ընկուզեղենը նույնպես կապվում է լյարդի ֆերմենտների մակարդակի բարձրացման հետ։ Օրինակ՝ ընկուզեղենը պարունակում է մեծ քանակությամբ գլուտաթիոն և օմեգա-3 ճարպաթթուներ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ MedicineNet