Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարի տրամադրվածությունը պարտադիր է, բայց բուհերը բարեգործական կազմակերպություն չեն». Վահրամ Դումանյան

Նոյեմբեր 12,2023 19:40

ՀՀ նախագահի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանն օրերս ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հանդիպել է Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ եւ ի թիվս այլնի՝ քննարկել են ԱրՊՀ դասախոսների հետագա մանկավարժական եւ  գիտական գործունեությանն առնչվող խնդիրներ: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է Վահրամ Դումանյանի հետ: Նրանից հետաքրքրվել ենք, թե ո՞րն էր այդ հանդիպման նպատակը եւ ինչ ակնկալել դրանից:

«Նախ  եւ առաջ, մենք պարոն Սարգսյանի հետ վաղեմի գործընկերներ ենք, երկրորդ՝ պատերազմից հետո ԿԳՄՍ նախարարության ամբողջ կազմով  մեկնել էինք Արցախի պետական համալսարան՝ 2021թ. հունվարին, որպեսզի տեղում ծանոթանայինք իրավիճակին եւ աջակցեինք:  Ավելի շուտ պետք է կայանար մեր հանդիպումը, սակայն տարբեր պատճառներով ձգձգվեց: Այժմ հանդիպել ենք, որպեսզի բուհի առաջին դեմքից լսենք, թե ինչ խնդիրներ ունեն ուսանողները, դասախոսները, ուզում ենք ծանոթանալ ընդհանուր տրամադրությանը՝ եւ մարդկային, եւ գործնական շփումների շրջանակում»,-ասաց պարոն Դումանյանը:

«Բնականաբար, որոշ ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի այդ խնդիրները գույքագրվեն: Հիմա արդեն խնդիրները կարծես  խմբավորվել են՝ կապված թե դասախոսների, թե ուսանողների հետ: Հայաստանի Հանրապետությունն իրենց տրամադրել է առավելագույն պայմաններ, որպեսզի ինտեգրվեն: Օրինակ, ուսանողներին տրվել է հնարավորություն իրենց ցանկությամբ ընտրել բուհը՝ ըստ մասնագիտության: Նույնիսկ ինչ-որ տեղ կարգից մի քիչ շեղվել ենք՝ հօգուտ արցախցի մեր ուսանողների այն առումով, որ սովորաբար կանոնավոր տեղափոխության ժամանակ տարբերությունները 20 կրեդիտից ավել չպետք է լինեն, որպեսզի  ուսանողը տվյալ մասնագիտությամբ կուրսից նույն կուրս տեղափոխվի:

Բայց տվյալ դեպքում՝ Արցախի մեր ուսանողների համար բացառություն է արվել, կրեդիտները չի հաշվվել: Իհարկե, դա կառաջացնի որոշակի խնդիրներ ուսումնառության ընթացքում, բայց հուսանք, որ ուսանողները այդ բացը կլրացնեն, որովհետեւ ի վերջո բուհը պետք է բուհ մնա, բուհը բարեգործական կազմակերպություն չէ, բարի տրամադրվածությունը պարտադիր է, բայց բարեգործություն չպետք է անել, բուհը  գիտելիք ստանալու համար է»,-ընդգծեց ԿԳՄՍ նախկին նախարարը:

Վահրամ Դումանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է սպասվում  Արցախի Հանրապետության բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին, իր տպավորությամբ ինչպե՞ս պետք է օգտագործվի այդ պատկառելի ռեսուրսը, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չի պահպանում Արցախի բուհերը եւ փորձում է տարրալուծել Հայաստանի բուհերի մեջ:

«Ցավոք սրտի, Արցախի բուհերը՝ որպես իրավակազմակերպական ձեւ, գործող կառույց հնարավոր չէ պահել: Հիմնադրել նոր պետական բուհ Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մեր հայրենակիցների կոլեկտիվը, արցախյան բուհը մեկին մեկ տեղափոխվի, անհնար է, հատկապես,  որ այդքան պետական բուհեր արդեն ունենք Հայաստանում, եւ իմաստ չունի եւս մեկը ավելացնել, հատկապես, որ հայաստանյան բուհերի համեմատ  արցախյան բուհերի մասշտաբները փոքր են: Ընդ որում, խնդիրը ոչ թե այն է, որ Արցախի բուհ է, դրա համար, այլ այն պատճառով, մեր ռազմավարությամբ հայաստանյան բուհերն ենք ուզում խոշորացնել: Մենք արդեն իսկ ունենք 16 պետական բուհ, եւ շատ ձեւական կլինի եւս մեկը բացելը:

Մյուս կողմից՝ հարցը լեգիտիմ է, եւ շատ կարեւոր է Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետագա ճակատագիրը: Եթե այս ամենը դիտարկում ենք այն համատեքստում, որ իրենք այսուհետեւ պետք է գործեն Հայաստանի Հանրապետությունում, ապա  Հայաստանի Հանրապետությունում  իսկապես ունենք որակյալ կադրերի դեֆիցիտ: Վստահաբար որակյալ մասնագետները՝ տարբեր մասնագիտությունների գծով, անկասկած կգտնեն իրենց հարմար աշխատանք ՀՀ բուհերում եւ գիտահետազոտական ինստիտուտներում:

Այս պահին դա բարդ է, որովհետեւ ուսումնական տարին սկսված է, դասախոսների ծանրաբեռնվածությունները կազմված են, եւ այդքան շատ թափուր ժամեր չկան, որպեսզի հնարավոր լինի հարյուրավոր մասնագետների ապահովել աշխատանքով: Բայց հետագայում կլինեն մրցույթներ, Արցախի լավագույն մասնագետները կդիմեն մրցույթների եւ կաշխատեն: Ի վերջո, մենք այդքան հարուստ չենք լավ կադրերի իմաստով, լավ կադրերի կարիք միշտ կա՝ բոլոր մասնագիտությունների գծով:

Ուզում եմ ընդգծել, որ բուհը ոչ թե բարեգործական, այլ պրոֆեսիոնալ կազմակերպություն է, այնտեղ պետք է չափանիշները, բուհական կրթության որակը պահպանել: Հասկանալի է, որ ներկայումս բռնի տեղահանված մեր հայրենակիցների վիճակը ծանր է, բայց հույս կա, համոզմունքն էլ հետ, որ  հետագայում ամեն ինչ լավ է լինելու, եւ որակյալ մասնագետները որեւէ խնդիր չեն ունենալու»,-ասաց Վահրամ Դումանյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930