Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարուստները փողի դիմաց պարտադիր զինծառայությունից ազատվելու հնարավորություն են ունենալու»․ ռազմական փորձագետը՝ ՔՊ-ականի օրենսդրական նախաձեռնության մասին

Նոյեմբեր 12,2023 16:58

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը բացասական է ազդելու հանրային համերաշխության վրա, եւ այն չի նպաստելու բանակի ուժեղացմանը։ Այս կարծիքին է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Հայկ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ «շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության եւ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով»։

Նախագծով, ըստ Սարգսյանի, 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.,

5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր.:

Կարեն  Վրթանեսյանը հիշեցնում է՝ այս իշխանության ներկայացուցիչները որերորդ անգամ են նման նախագիծ դնում շրջանառության մեջ, բայց նախագծի թիրախում գտնվող մարդկանց բազմիցս հնարավորություն տրվել է վերադառնալ եւ խուսափել քրեական պատասխանատվությունից․ «Թեման փակվել է 2018-ին, երբ որոշվեց ժամկետը չերկարաձգել։ Հիմա այս տեսքով եթե օրենքն ամրագրվի, ստացվում է` հարուստները փողի դիմաց պարտադիր զինծառայությունից ազատվելու հնարավորություն են ունենալու։ Ասում են, թե իբրեւ այդ գումարը կգնա բանակի կարիքներին, բայց Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ բանակը գումարի խնդիր չունի։ Հիմա ո՞րն է իմաստը այդ գործողությունն անելու, եթե ոչ ինչ-որ կոնկրետ մեծահարուստների երեխաներին, թոռներին բանակից ազատելը։ Ընդ որում, ուզում են կանանց ներգրավվեն բանակում, ու դրան զուգահեռ մեծահարուստների զավակներին փորձում են ազատել զինծառայությունից»։

Ընդ որում, ռազմական փորձագետը նկատում է՝ Զինված ուժերում կադրերի խնդիր կա, բանակը համալրելու խնդիր կա, իսկ այս նախագիծը ընտրյալներին բանակից ազատվելու մասին է, նույնիսկ կլինեն ընտանիքներ, որոնք ստիպված իրենց տուն-տեղը կվաճառեն, որպեսզի համապատասխան գումարը վճարեն ու ազատեն իրենց որդուն բանակից։

«Ինչո՞ւ պետք է 18 տարեկան 2 ամսվա զինծառայողին տանեն դիրքեր, ինչո՞ւ պետք է 40-50 տարեկաներին տանեն դիրքեր, իսկ  հարուստների երեխաները չպետք է գնան դիրքեր»,-ասում է Վրթանեսյանը։

«Դատելով հենց ՔՊ-ականների համառությունից, որ պարբերաբար նման նախագիծ են բերում ու փորձում անցկացնել, կարող եմ ենթադրել, նույնիսկ հիմնավոր կասկածել, որ  կոնկրետ ՔՊ-ամերձ ինչ-որ օլիգարխի հագով կարած օրինագիծ է, ինչ-որ մեկն ունի այդ տարիքի երեխաներ կամ թոռներ ու փորձում են նման նախագիծ անցկացնել»,-նշում է ռազմական փորձագետը։

Ընդհանրապես բանակն ուժեղացնելու, լավ կադրերով համալրելու համար փորձագետն ասում է` պետությունը նախ պետք է դադարի բանակն ավերել․ «Պայմանագրային զինծառայողների համար ինչ-որ խնդիրներ են ստեղծում, մարդկանց վրա «կոնվեյերի» սկզբունքով  քրեական գործեր են կարում։ Պարզ է, որ երբ սպայի դեմ դատարկ բանի համար քրգործ են փորձում կարել, նա  բանակում չի մնա։ Մի կողմից խնդիրներ են ստեղծում, որ պայմանագրայինները,  սպայական կազմը դուրս գա, մյուս կողմից էդ բացերը փորձում են լրացնել շարքային քաղաքացիներին գործից կտրելով (մարդ կա՝ արդեն մի քանի անգամ է հավաքների կանչվել) հավաքների են տանում, նորակոչիկներին նախկինում վեց ամսից  էին տանում առաջնագիծ, հիմա արդեն այն պրակտիկան է, որ երբեմն նույնիսկ երկու ամսվա ծառայողին են»։

Պատգամավորի ներկայացրած նախագծի նպատակը բանակի հզորացման մասին չէ։ Դրա ընդունմամբ, ինչպես գրել է պատգամավորը, ակնկալվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում․«Կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական եւ նյութական միջոցները։ Որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության եւ իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային ծանրաբեռնվածությունը։ Բազմաթիվ երիտասարդներ, շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաեւ կստեղծվեն նոր աշխատատեղեր, այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք։ Կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերը եւ այլն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930