Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 8-ը թշնամին հայտարարեց «հաղթանակի օր», բայց դա «չարագործի օր» պետք է հռչակվեր․ «Հայացք Երևանից»

Նոյեմբեր 12,2023 11:00

«Հայացք Երևանից» – Թշնամին Ստեփանակերտում հաղթանակի օր է նշում։ Կարող էի չգրել այդ մասին, բայց գրեցի, քանի որ ինձ պարտվող չեմ ճանաչում չարի ու բարու անհավասար պայքարում։ Պարտվող կլինեի, եթե մնայի թշնամու հպատակության տակ, բայց հազարավոր արցախցիների նման ընտրեցի չարից հեռու ազատությունը՝ հասկանալով, որ աշխարհն էլ խարդավանքներով լի է, որտեղ հաղթում են մարդուն իրենց հնարած օրենքներով կամ խաբելու, խորամանկելու «զինատեսակներով»:

…Երբեւէ չէի մտածել, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, բայց համոզված էի, որ մեկ-երկու հայկական դիրքերի վրա անօրենները կհարձակվեն, իբրեւ թե ահաբեկիչներին են ոչնչացնում։ Ամիսների շրջափակումից կոտրված, սովահար արցախցիների համար միջազգային կոչերն ու հայտարարությունները զրո արժեք ունեին, անգամ՝ միջազգային դատարանի որոշումներն ու վճիռները, որոնց հանդեպ միամտաբար հավատ ունեինք։

Այդպես էլ թղթերի վրա մնաց ամեն ինչ, այդպես էլ չկարողացանք ապացուցել, որ հայրենի հողի նվիրյալներն ահաբեկիչներ չեն:

Պաշտպանության բանակ ունեցող Արցախում արդեն քանի տարի մեր զինվորականները որակազրկվեցին, եւ աշխարհի աչքի առջեւ ազգի սերուցք կորցրինք, թե հանուն ինչի՝ մենք գիտենք, բայց մեզ այլ բան էին հուշում «հանուն ոչնչի» ապրողները։ Ու այդ «ոչինչը» բախվեց մեր ուղեղներին։ Մենք տհաս չէինք, որ չհասկանայինք, թե մեզ ինչ է սպասվում, սակայն հավատ ունեինք, որ քանի դեռ խաղաղապահներ կան Արցախում, գոնե մինչեւ նրանց վերջնաժամկետը, որ 2025-ի նոյեմբերին է լրանում, կապրենք մեր հայրենիքում։ Բայց մեր աչքերը բացեց հարեւան միապետը, որ իր նավթոտ դնչին չի բախվի ոչ մի երկիր, անգամ՝ Արցախում միջազգային խաղաղապահների ներկայության պարագայում։

Թշնամի բռնապետը լավ գիտեր, թե ովքեր են Արցախի համար կյանքը տվող հայորդիները, բայց աշխարհով մեկ թմբկահարեց, որ ահաբեկիչների դեմ է իր պատերազմը։ Եվ թույլ տվեցին մեր ներսում էլ մեր տղաների կյանքերի գնով կորցնել Արցախը, երբ գիտեին, որ մեկ-երկու օրը բավական է այդ «ահաբեկիչներին» ոչնչացնելու համար։

Այդ օրը` նոյեմբերի 8-ը, թշնամին հայտարարեց «Հաղթանակի օր»։ Ո՞ւմ հաղթեց այդ մարդասպան ցեղը, ինչպե՞ս հաղթեց, ի՞նչ «զինատեսակներով»: Սա «Չարագործի օր» պետք է հռչակվեր, քանզի հաղթել է չարը, անիրավը, խաբեբան, խարդախը… խորամանկությունն է հաղթել արդարին, երբ 120 հազարի կյանքեր «կանգնեցրին» Արցախում ամիսների շրջափակումով, երբ 24-ժամյա թուրք-ադրբեջանական տեղատարափով հաղթող դարձան անօրենները՝ տիրանալով սրբարան Արցախին։

Անգամ սպորտում՝ բռնցքամարտում լինի, թե ըմբշամարտում, քաշային հավասարակշռությունը պահպանվում է, բայց այս անօրեն ցեղը աշխարհի զինատեսակները մեր գլխին թափեց ու հաղթող ճանաչեց իրեն։

Չզարմանանք, որ ներքին կյանքում էլ «նազարներն» են հաղթող դառնում:

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930