Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի հոգի այժմ Գենադի Բաղդասարյանի ենթակայության տակ են ծառայում, իրենց կարծիքները չեմ կարող համարել հավաստի»․ Արմեն Ասրյանը՝ Ջալալ Հարությունյանի գործով փորձաքննության եզրակացության մասին

Նոյեմբեր 12,2023 09:55

«Մի քանի հոգու ճանաչում եմ հրետանավորներից․ հիմնականում ասեմ, որ չեմ վստահում նրանց, ընդ որում, նրանք նաև ներկա դրությամբ Գենադի Բաղդասարյանի ենթակայության տակ են ծառայում։ Այսինքն՝ իրենց կարծիքները ես չեմ կարող համարել հավաստի»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ ղեկավար Արմեն Ասրյանը` անդրադառնալով Ջալալ Հարությունյանի գործով ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությանը։ 

Հիշեցնենք՝ Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանն օրեր առաջ հայտարարել էր, թե փորձաքննության եզրակացությունն ասում է՝ ստեղծված իրավիճակում ոչ միայն կարող էին, այլ պարտավոր էին հակահարձակում իրականացնել․ «Ցանկանացած պարագայում, եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպած լիներ կրակային դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանությունը և մասնավորապես նշանակած լիներ դիտորդներ, ապա հնարավոր կլիներ հանկարծակիի չգալ, և խմբի պատկանելիությունը՝ դիտորդի վրա գրոհելու պարագայում կբացահայտվեր, որը հնարավորություն կտար արդյունավետ կազմակերպել մարտկոցների հետագա գործողությունները»։

Արմեն Ասրյանն ասաց՝ միանշանակ այդպես է, որ հրամանատարությունը պետք է ինքնապաշտպանություն կազմակերպեր, բայց դա չի նշանակում, որ Ջալալ Հարությունյանը մեղք չունի․ «Մենք չենք ասում՝ ինչի ինքնապաշտպանություն չի եղել․ դրա համար չէ, որ մեղադրում ենք Ջալալ Հարությունյանին։ Մենք նրան մեղադրում ենք նրա համար, որ ինքը, իմանալով՝ կան դիվերսիոն խմբերի ներթափանցումներ տարբեր կողմերից, հավանականությունը մեծ է, այդ խմբի մասին լսելով՝ ինքն ասել է՝ մերոնք են․ դրանով իսկ ինչ-որ չափով նաև այնտեղի սպայական կազմի զգոնությունը թուլացրել է։ Մենք համարում ենք, որ դրանում է մեղավոր Ջալալ Հարությունյանը։ Ինչ վերաբերում է ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրներին, իհարկե, այդտեղ մեղավոր են և′ դասակի հրամանատարը, և′ դիվիզիոնի շտաբի պետը, և′ դիվիզիոնի հրամանատարը, բոլոր սպայական, հրամանատարական կազմը, որոնք անմիջապես պատասխանատու են յուրաքանչյուր իրենց ստորաբաժանման  անմիջական պաշտպանության և ինքնապահպանության ու ինքնապաշտպանության համար։ Միանշանակ համամիտ եմ, որ նրանք պետք է ինքնապաշտպանության միջոցներ ձեռնարկեին, քանի որ ի սկզբանե նրանք համոզված էին՝ երկու անգամ ճշտելուց հետո, որ մերոնք են մոտեցողները, նրանք անմիջապես կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկել»։

Արձագանքելով Ջալալ Հարությունյանի փաստաբանի պնդումներին՝ Արմեն Ասրյանն ասաց․ «Իրենք մարտական կանոնադրությունը բացել են, կետ առ կետ ինչ պետք է լիներ սպայական դիրքում, դրանք ասում են, որ պիտի լիներ, որ ելքն ուրիշ ձև լիներ։ Համամիտ եմ, պիտի անեին, բայց արդյոք Ջալալ Հարությունյանն այդ նույն հակահարվածը մարտական կանոնադրության համապատասխա՞ն է մշակել։ Շատ հակասություններ կան, այնքան բացթողումներ, սխալներ կան։ Հիմա իրենք պատճառ են բռնում, որ փաստացի սպայակազմն իր խնդիրը չի կատարել ինքնապաշտպանության առումով։ Իհարկե, չեն կատարել, դրա համար նրանք էլ պիտի պատասխանատվություն կրեն օրենքի ամբողջ խստությամբ, բայց այդ հանգամանքը չի ազատում Ջալալ Հարությունյանին իր մասնաբաժնով պատասխանատվություն կրելուց։ Ինքը չպետք է ասեր, որ դա մերոնք են։ Պետք է հստակ խնդիրը տար, ասեր՝ ճշտել, գործել՝ ըստ իրավիճակի, քանի որ դիվիզիոնը դիմել է գլխավոր հրամանատարական կետին։ Նրանք դրա կարիքը զգում էին»։

Մեր փաստմանը՝ Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը հայտարարել է, որ Ջալալ Հարությունյանն ասել է՝ ոչ թե մերոնք են, այլ պետք է որ մերոնք լինեն, Արմեն Ասրյանն այսպես արձագանքեց․ «Ինքն այդպես է ասում, Գենադի Բաղդասարյանն էլ այլ բան է պնդում։ Կան վկաներ, որ լսել են։ Այսինքն՝ առերեսվել են Ջալալ Հարությունյանին, Գենադի  Բաղդասարյանին։ Ես համոզված եմ, որ Ջալալ Հարությունյանն ասել է՝ մերոնք են, և սա ամենագլխավոր պատճառներից էր, որ ունեցանք այդ հետևանքները։ Ճանաչելով և′ Ջալալ Հարությունյանին անձամբ, և′ Գենադի Բաղդասարյանին, ես վստահ եմ, որ այդ առումով Գենադի Բաղդասարյանը չէր կարող ստել ու ինքնագլուխ տեղեկություն հաղորդել այդ զորամասի հրետանու պետին։ Ինչ վերաբերում է ինքնապաշտպանության հարցին, դրա համար էլ նրանք են պատասխան տալու․ մեկն իր  չարածի համար է պատասխան տալու, այս մյուսն էլ իր չարածի համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930