«Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին ես վերաբերվելու եմ որպես հայ-թուրքական, ոչ թե հայ-ադրբեջանական բանակցություններ, որովհետև այդ բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված է և′ Թուրքիան, և′ Ադրբեջանը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման խնդրին` կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նա օրինակ բերեց ամերիկացի մաթեմատիկոս Ջոն Նեշի խաղերի տեսությունը․ «Այն կոչվում է բանտարկյալների դիլեմա։ Պատկերացրեք` երկու հոգի ոճիր են գործում, նստել են տարբեր խցերում, քննիչն ակնհայտ ապացույց չունի նրանց մեղադրանք առաջադրելու, փորձում է երկուսից ինչ-որ խոստովանություն կորզել, որ կամ երկուսին կամ մեկին մեղադրի։ Եվ այստեղ այդ երկու ձերբակալվածներն իրար հետ հաղորդակցություն չունեն, բայց նրանք մի բան գիտեն, որ եթե երկուսով լռում են, մեղադրանքը մեկը մյուսի վրա չի գցում, մեկ տարով նստում, դուրս են գալիս, գիտեն, որ եթե իրար վրա գցեցին, երկուսը հավասարապես հինգ տարով են նստելու, եթե մեկը լռեց, մյուսը մեղադրանքը գցեց այս լռողի վրա, ապա նա ազատ է արձակվելու, և այս լռողը տասը տարի է նստելու։ Այս երեք հնարավոր ելքերից ամենաօպտիմալը մեկական տարի նստելն է, դուրս գալը։ Բայց այս իրավիճակներում հազվագյուտ է, որ այս ելքը լինում է։ Այս օպտիմալ ելքը կոչվում է Նեշի հավասարակշռություն։ Եթե սա մենք պրոյեկտում ենք իրական կյանքում, միջազգային հարաբերություններում, հազվագյուտ են այդ տարբերակն ընտրում։ Երկուսը մեղադրում են իրար, հինգ տարով նստում են երկուսն էլ։ Այստեղ աշխատող տրամաբանությունը հետևյալն է․ երկուսն էլ մտածում են՝ կարևոր չէ, թե ես ինչ եմ մտածում, ես գիտեմ՝ լռելը ճիշտ է, բայց ես չգիտեմ, թե նա ինչ է մտածում, որ ես ինչ եմ մտածում։ Ահավասիկ, այս տրամաբանությունն է, որ խանգարում է, որ երկուսը լռեն»։
Վարդան Օսկանյանն այս տրամաբանությունը տարածեց նաև հայ-թուրքական բանակցությունների վրա․ «Կարող ենք լավ հասկանալ, թե որն է աշխատող տրամաբանությունն այս խաղաղության պայմանագիր կոչված գործընթացում։ Այստեղ էական չէ, թե որն է Նիկոլ Փաշինյանի իսկական ցանկությունը, իր խմբի, իշխանությունների։ Էականն այն է, թե թուրքերն ինչ են մտածում, թե Փաշինյանն ու հայ ժողովուրդը ինչ են մտածում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին։ Թուրքիան և Ադրբեջանը հավատում են, որ հայ ժողովուրդը խորապես հավատում է, որ նրանք մեր պատմական հողի վրա պետություն են կառուցել։ Նրանք խորապես հավատացած են, որ եթե ՀՀ-ն մի օր բարգավաճ պետություն լինի, նրանք անպայման այս հարցերին կվերադառնան, և դա կարող է Թուրքիայի ու Ադրբեջանի համար սպառնալիք լինել։ Այստեղ աշխատում է այդ տրամաբանությունը, դժվար է Նեշի հավասարակշռությանը հասնելը։ Այստեղ մտածողությունն արդեն այն է, որի մասին բացատրեցի»։
Ըստ Վարդան Օսկանյանի՝ իրոք, այն, ինչին թուրքերը հավատում են, այն, ինչ ենք մենք մտածում, համահունչ է այն բանին, ինչ որ այսօր առհասարակ հնչում է հայկական կողմից․ «Այստեղ է ողջ պերճանքն ու դառնությունն այս՝ խաղաղության պայմանագիր կոչվածի՝ հաշվի առնելով, որ այս խաղաղության պայմանագրի բանակցությունները վարում են այս իշխանությունները, որոնք տապալել են ամեն ինչ, զրոյացրել են, կորցրել ենք Արցախը, ադրբեջանական ուժերը գտնվում են հայկական տարածքում, զոհեր ունենք, ինչ-որ խոստումներ կան սեղանի վրա, որոնք հավանաբար այդ պայմանագրի միջոցով Ադրբեջանն ու Թուրքիան կպոկեն մեզնից։ Ես լուրջ մտահոգություն ունեմ, որ վերջնարդյունքում մեզ համար ոչ մի պերճանք էլ չի լինելու, և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի ու ավելի դառը իրականության առաջ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ