Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյան․ «Սպորտով չեմ զբաղվել, բայց շատ հաճելի է, որ կա հնարավորություն՝ նախարարի կարգավիճակում սպորտի զարգացմանն ուղղված քայլերին նպաստել»

Նոյեմբեր 11,2023 12:50

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  սամբոյի աշխարհի առաջնության պաշտոնական բացման արարողությունից հետո Aravot.am-ը զրուցեց ԿԳՄՍ նախարար, աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահ Ժաննա Անդրեասյանի հետ։

-Մինչեւ ԿԳՄ եւ սպորտի նախարարի պաշտոնը ստանձնելը սպորտին ինչպե՞ս էիք վերաբերվում։

-Լավ։ Նկատի ունեմ, որ միշտ կարեւորել եմ սպորտը։ Առանձին մարզաձեւեր կան, որոնցով միշտ հետաքրքրվել, նայել եմ։ Օրինակ, գեղասահքը, թենիսը, ֆուտբոլը։ Ի դեպ, մինչեւ նախարար դառնալը նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ եմ եղել։ Այնպես որ, ինձ շատ հաճելի է, որ կա հնարավորություն՝ հիմա նաեւ այս կարգավիճակում սպորտի զարգացմանն ուղղված քայլերին նպաստել։

Հիմա վերջնական հաստատման փուլում է սպորտի զարգացման ռազմավարությունը, որի վրա մեծ աշխատանք ենք կատարել։ Կարծում եմ, որ սպորտը ավելին է, քան ուղղակի որեւէ մարզաձեւով զբաղվելը, եւ հասարակական հարաբերությունների, հանրային առողջության եւ պետականության ամրապնդման կարեւոր գործիք է։ Այնպես որ, միայն ուրախ եմ, որ կա այս հնարավորությունը՝ նպաստելու  սպորտի զարգացմանը այն կարգավիճակում, որտեղ որ եմ։

-Անձամբ սպորտով չե՞ք զբաղվել։

-Եթե նկատի ունեք որեւէ մարզաձեւով պրոֆեսիոնալ կամ սիրողական մակարդակով զբաղվելը, անկեղծ ասեմ՝ ոչ։ Բայց շատ կարեւորում եմ, որ մեր երեխաները զբաղվեն սպորտով։ Մենք հիմա դպրոցում թե ֆիզկուլտուրա առարկայի, թե երեխաների՝ սպորտով զբաղվելու հնարավորությունը մեծացնելու ճանապարհին ենք։ Եվ ես շատ կարեւորում եմ, որ երեխաներից յուրաքանչյուրը մեկ սիրած մարզաձեւ ունենա, որով զբաղվում է։ Դա, կարծում եմ, առողջ ապրելակերպի խթանման կարեւոր միջոցներից պիտի լինի։

-Վերջին երկու տարում Հայաստանում միջազգային մի քանի խոշոր մրցումներ անցկացվեցին։ Ու բոլորն էլ՝ ուժային, մենապայքարային մարզաձեւերից․ բռնցքամարտ, ծանրամարտ, հիմա էլ՝ սամբո, որին ներկա եք ու հետեւում եք մենամարտերին։ Ուժային մարզաձեւերը ձեզ սկսել են հետաքրքրե՞լ, թե առաջ էլ դրանց հետեւում էիք։

-Չեմ կարծում, թե մտածում եք՝ իմ անձնական որոշումներով եւ իմ անձնական հետաքրքրություններով են դրանք պայմանավորված։ Բայց ոչ միայն ուժային, մենապայքարային մարզաձեւերն են։ Մենք արդեն 2027 թվականին մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անցկացնելու պայմանավորվածություն ունենք։ Բասկետբոլի մրցաշարեր կան, բասկետբոլը շատ արագ ու լավ զարգանում է եւ մեծ հեռանկար ունի։ Ֆուտզալի հավաքականն է շատ լավ խաղ ցուցադրում։

Խաղային մարզաձեւերի զարգացմանը նույնպես մեծ տեղ ենք տալիս։ Աթլետիկական ուղղությունը զարգացնելու մեծ կարիք կա։ Գիտեք, որ վերջերս Արտաշատում համապատասխան պայմանները ստեղծվեցին։ Մենք շարունակելու ենք այս աշխատանքները։

Կան մարզաձեւեր, որոնցում մենք ավանդաբար ունենք ավելի բարձր արդյունք։ Եվ միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելը առաջին փուլում սկսել ենք այդ մարզաձեւերից, որովհետեւ այդտեղ է, որ նաեւ մեր ֆեդերացիաներն ավելի ներկայանալի են, ավելի մեծ կշիռ ունեն։ Բայց դա չի նշանակում, թե սահմանափակվում ենք դրանով։ Սպորտի ռազմավարության մեջ, որի մասին նշեցի, առանձին մարզաձեւերի զարգացման ծրագրեր ենք մշակելու։ Օրինակ, ձմեռային մարզաձեւերի զարգացումը նույնպես կարեւորում ենք եւ քննարկում ենք Գեղարքունիքի, Շիրակի մարզերի որոշ դպրոցներում դահուկավարման ուսուցման հնարավորությունը։ Սպորտի զարգացմանը շատ լայն ենք նայում։ Որ մարզաձեւն էլ վերցնեք, կտեսնեք, որ այդ ուղղությամբ քայլեր արվում են։

-Երբ խոսք բացեցի ուժային մարզաձեւերի մասին, նկատի ունեի, որ մեր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները, պատերազմի մշտական վտանգն է ստիպում ուժային մարզաձեւերին առաջնային նշանակություն տալը։

-Իհարկե, դրանք շատ կարեւոր են։ Ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ այս տարի մենք անցկացրեցինք նաեւ բանակային խաղեր եւ այնտեղ արդեն ռազմականացված մարզաձեւերի զարգացման եւ ուժային կառույցների շրջանում դրանց տարածմանն ենք փորձում նպաստել։ Այսինքն, հաշվի առնելով այն մարտահրավերները, որ ունենք, խնդիրները, որ կան մեր տարածաշրջանում, բոլորս հասկանում ենք, որ այդ մարզաձեւերի զարգացումը հավելյալ ռեսուրս է մեր երկրի պաշտպանունակության, անվտանգության բարձրացման ճանապարհին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930