Խոսակցությունները, թե հիմնադրամներից արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվել Արցախի պաշտոնյաներին, կամ պետությունը գնել է որոշ պաշտոնյաների գույքը, Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ որակեց կեղծ տեղեկություններ:
«Մենք նույնիսկ հաշվետվություն ենք ներկայացրել, այսինքն չկա որեւէ իրականացված ծախս, որը չի համապատասխանում օրենսդրությանը: Այդ տեղեկությունները շատ հեշտ ստուգվող տեղեկություններ են, ամբողջությամբ դրանք կան ե՛ւ բազաներում պետք է երեւան, ե՛ւ բանկային հաշիվներում: Մենք նաեւ հորդորել ենք, որ եթե կան նման տեղեկություններ, թող ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգի այդ տեղեկությունը եւ եթե լինի որեւէ խախտում, թող օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նախարարը:
Նա նաեւ անդրադարձավ ՀՀ ու Արցախի կառավարությունների հարաբերություններին՝ ասելով, որ իրականում պարբերաբար հանդիպումներ են ունենում, բարձրաձայնում, քննարկում, առաջարկություններ ներկայացնում այս ժամանակահատվածում արցախցիների մոտ առաջացած խնդիրների մասին. «Հարցերը բազմապիսի են, վերաբերում են բոլոր ոլորտներին՝ սոցիալական, կրթական, տնտեսական եւ մնացած բոլոր ոլորտներում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, փորձում ենք ապահովել կոմունիկացիան մեր հայրենակիցների եւ ՀՀ կառավարության կողմից ավելի արդյունավետ իրականացնելու համար»:
Հարցին, թե կառավարության պաշտոնյաները ներգրավվա՞ծ են Հայաստանի կառավարությունում խորհրդատվական աշխատանքներում, նախարարն ասաց՝ այս պահին որեւէ տեղեկություն չունի այդ առումով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ