«Նախնական քննարկումների պատասխանը եղել է, որ ժամանակավոր պաշտպանության կամ փախստականի կարգավիճակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում քաղաքացիները չեն զրկվելու աջակցության ծրագրերից»,- Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը:
Լրագրողի հարցին՝ եթե վաղը հնարավորություն ստեղծվի արցախցիների համար վերադառնալ Արցախ ինչ կարգավիճակով են վերադառնալու, եթե ունեն փախստականի կարգավիճակ կամ ՀՀ քաղաքացիություն, պետնախարարը պատասխանեց. «Ժամանակավոր պաշտպանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակը տարբեր իրավունքներ և պարտականություններ են սահմանում։ Քաղաքացի դառնալու դեպքում բոլոր իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենսդրությամբ:
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ամբողջ իրավունքներն ու պարտավորությունները մեր հայրենակիցների համար նույնպես գործելու են, այդ թվում՝ զինվորական ծառայություն անցնելու կարգավորումների առումով: Իսկ փախստականի կարգավիճակի մասով դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծումներ ստանան և այդ մասով պարզաբանումներ են ներկայացվելու մեր հայրենակիցներին, որ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Մի քանի օր առաջ Հայաստանի Սոցապ նախարարությունը պարզաբանում ներկայացրեց նպաստների և թոշակների մասով, շեշտվեց, որ պարտադիր չէ ստանալ ՀՀ քաղաքացիություն թոշակառու կամ նպաստառու համարվելու համար։ Ընդամենը պետք է հաշվառման հասցե ունենալ Հայաստանում և ՀՀ սահմանված կարգով ստանալ»։
Կարդացեք նաև
Արթուր Հարությունյանի խոսքով, ըստ իրենց նախնական քննարկումների՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակառու եւ նպաստառու հանդիսացող քաղաքացիները թոշակը Հայաստանում ստանալու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա: Սեպտեմբեր ամսվա վճարները, ըստ պետնախարարի, կանեն Արցախի բյուջեից, հոկտեմբեր ամսվա հաշվարկները կկատարվի, թե՝ ոչ, դա դեռ քննարկման փուլում է, իսկ նոյեմբերի 1-ից թոշակառուն հաշվառվելուն պես համարվելու է ՀՀ թոշակառու։
Հարությունյանը նաեւ ասաց, որ կուտակային կենսաթոշակների հարցով քննարկում են կուտակված գումարները շահառուներին վերադարձնելու մասին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ