Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան․ «Հայաստանում քաղաքական հետապնդումների նոր ալիք է եւ յուրաքանչյուր հաջորդ ալիք աչքի է ընկնում ավելի մեծ լկտիությամբ, իշխանությունների ավելի նվազ ինքնասահմանափակումներով»

Նոյեմբեր 10,2023 23:00

«Ներկայում Հայաստանում քաղաքական հետապնդումների նոր ալիք է, որը սկիզբ առավ սեպտեմբերի 19-ից։ Եվ ինչպես մենք նկատել էինք, յուրաքանչյուր հաջորդ ալիք աչքի է ընկնում իր ավելի մեծ լկտիությամբ, իշխանությունների կողմից ավելի նվազ ինքնասահմանափակումներով։ Նրանք գնալով ավելի համարձակ են գործում։ Այս ամենի հետ մեկտեղ անձամբ իմ համար կա մեկը, որ ունի առավել քան սկզբունքային նշանակություն։ Խոսքը երջանկահիշատակ Արմեն Գրիգորյանի մասին է։

Հիշեցնեմ, 2022 թվականին դիմադրության շարժման ժամանակ մայիսի 16-ի երկուշաբթի օրը Արմեն Գրիգորյանը ձերբակալվեց, այնուհետեւ շատ արագ կալանավորվեց, շատ արագ գործն ուղարկվեց դատարան եւ առաջին իսկ դատական նիստի օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի դահլիճում, երբ դատավորը դեռ չէր հասցրել անդրադառնալ կալանքի հարցին, իսկ նախորդ դատավորների՝ առաջին ատյանի դատավոր  Արուսյակ Ալեքսանյանի, որը ներկայումս անազատության մեջ է, վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանի որոշման հիման վրա Արմեն Գրիգորյանը շարունակում էր կալանքի տակ մնալ, բոլորիս աչքի առջեւ ուղիղ եթերում մահացավ։

Այս գործով շատ ուշագրավ զարգացում եղավ վերջին նիստին։ Թեեւ ես ասում եմ, որ դատավորների որոշման հիման վրա է Արմեն Գրիգորյանը անազատության մեջ, բայց իրականում կարելի է բնութագրել, որ տեղի է ունեցել դատավճիռ մինչեւ իմ կողմից նշված օրը՝ մայիսի 16-ը։ Եվ այդ դատավճիռը կայացրել է մի փորձագետ։ Սա վատ պրակտիկա է մեր երկրում եւ Արմենի գործն առաջինը չէ։ Շատ վատ պրակտիկա է, որ քննչական մարմինը ըստ էության իր լիազորությունը պատվիրակում է փորձագետներին։ Եվ փորձագետներին տալիս է ոչ թե մասնագիտական տիրույթին բնորոշ հարցեր, այլ հարցեր, որոնց պետք է դատավորը պատասխանի։ Օրինակ, տալիս է 47 րոպեանոց հարցազրույցից կտրած իրեն պետքական մեկուկես րոպեանոց հատվածը, թե արդյոք այդտեղ առկա՞ է ազգային թշնամանքի հարուցում։ Եվ փորձագետը, այս դեպքում լեզվաբան Լալիկ Խաչատրյանը ասում է՝ այո։ Ստացվեց դատավճիռ։ Այսինքն, փորձագետը փոխարինեց դատավորին։ Մինչդեռ, այդ հարցի պատասխանը պետք է տար դատարանը։

Հիշենք, դա ընտրություններից առաջ էր, Արմեն Գրիգորյանը այդ օրը գնացել էր Եռաբլուր եւ էմոցիոնալ ազդեցության տակ բավական բաց խոսակցություն  էր ունենում բավականին կոշտ քննադատություն էր հնչեցնում։ Այդ շրջանում Արմենը բավականին ակտիվ էր եւ քաղաքացիներին ամեն գնով, արդյունքում ստացվեց՝ իր կյանքի գնով, փորձում էր ցույց տալ,  իր հայտնի խոսքերը ասեմ, «Սրան հանեք, որ մարդ չմեռնի, էլ», «Սրան հանեք, որ հող չտանք, էլ»։ Բայց եղավ այն, ինչ եղավ։

Մեկ տարի առաջվա  այդ կոշտ քննադատությունների, մեկ տարի առաջվա հարցազրույցի համար Արմեն Գրիգորյանը, կարելի ասել, փորձագետի դատավճռով ձերբակալվեց, կալանավորվեց եւ դատարանում ողբերգականորեն մահացավ»,- այսօր «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով քաղաքական գործիչ Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում տեղի ունեցած  ողբերգական մահվան նախապատմության մանրամասները։ Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ հստակ քաղաքական պատվեր կար։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930