Արցախի Սահմանադրական բոլոր մարմիններն իրենց ղեկավարներով շարունակում են հասարակական հիմունքներով զբաղեցնել իրենց պաշտոնները: Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը: Նա նկատեց, որ հետագայում էլ, ըստ անհրաժեշտության, Արցախի կառավարությունը որոշակի աշխատանքներ է իրականացնելու:
«Այս պահի դրությամբ Արցախի կառավարությունը ոչ մի ծրագիր չի կարող իրականացնել, քանի որ ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում չենք կարող ծրագրեր իրականացնել: Մեր հայրենակիցների սոցիալական, կրթական, առողջապահական եւ այլ հարցերի վերաբերյալ կարգավորումները տրվում են ՀՀ կառավարության կողմից, ամբողջ պարտավորությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը: Մենք ունենք տարբեր ձեւաչափերով համագործակցության, քննարկումների, հանդիպումների օրակարգ եւ այդ ընթացքում կարողանում ենք ապահովել մեր ժողովրդի խնդիրները, ներկայացնել առաջարկների տեսքով ՀՀ կառավարությանը, որ կարողանանք սոցիալական հոգսերը թեթեւացնել կամ ծրագրերն ավելի արդյունավետ դարձնել »,-ասաց պետնախարարը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ