Նոյեմբերի 10-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սփյուռքի հարցերով Հունաստանի ԱԳ փոխնախարար Յորղոս Կոցիրասին։
Կողմերն անդրադարձել են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերին, առկա միջազգային մարտահրավերների պայմաններում սփյուռքյան կառույցների միջև սերտ համագործակցության կարևորությանը:
Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափերում, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցության էլ ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը:
Դեսպանը Մկրտչյանը զրուցակցին է ներկայացրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ և դրանից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները։ Դեսպանն ընդգծել է միջազգային կառույցների դերակատարությունը՝ կանխելու ինչպես մշակութային ցեղասպանությունը, այնպես էլ վերադարձնելու հայ ռազմագերիներին և պահվող անձանց։
Կարդացեք նաև
Դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացմանը՝ միջազգային երաշխիքների առկայության դեպքում։ Քննարկվել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարները։
ՀՀ դեսպանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հունաստանին` հայ ժողովրդին և Հայաստանին հուզող հարցերի նկատմամբ աջակցության համար:
Հունաստանում ՀՀ դեսպանատուն