Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ եմ արել, ասել եմ, բա ի՞նչ պիտի անեմ, բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք է կորում». Հրանտ Բագրատյանը՝ բռնության կոչի մասին

Նոյեմբեր 10,2023 21:21

Այսօր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով առաջին դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մասնավորապես, նա ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

Դատական նիստում, ինչպես տեղեկացրել ենք, որոշվեց Բագրատյանի նկատմամբ խափանման միջոցը՝ չբացակայելու վերաբերյալ հանել: Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խափանման միջոցի կիրառումը բազմաթիվ դեպքերում մեր երկրում դարձել է պատիժ:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում որ իշխանականները ակնհայտ բռնության կոչերով են հանդես գալիս՝ ականջներ կտրելու, լեզուներ կտրելու մասին, վարչապետը հորդորում է լիզել ասֆալտը, բետոնը, բայց փաստացի նրանցից ոչ ոք չի հայտնվում դատարաններում, փաստորեն, միայն ընդդիմադիրներն են այստեղ հայտնվում՝ Բագրատյանը պատասխանեց. «Փաստացի, այս բռնության տեսակը օգտագործվում է միայն ընդդիմության դեմ: Երբ օրենքը իշխանությանը չի վերաբերվում, միայն ընդդիմությանն է վերաբերվում, դա օրենք չէ, դա հաշվեհարդար է: Դատական պրոցեսն էլ դառնում է դատաստան: Հուսով եմ, այս դատավարության արդյունքում հասարակությունը Քրեական օրենսգրքից 330 հոդվածը կջնջի: Այն մարդը, որն ասում էր ականջ կտրեմ, լեզու կտրեմ՝ Արթուր Հովհաննիսյանը, նա իհարկե պիտի դատվեր, այդտեղ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա: Ինչ վերաբերում է բորդյուր լիզել, ասֆալտ լիզել եւ այլն, դրանք Փաշինյանի արտահայտություններն են, սրանք կարելի է ասել փոխաբերական իմաստով քաղաքական բան են: Բայց եթե Փաշինյանի նկատմամբ ոչինչ չեն ձեռնարկում, իմ պարագայում ընդհանրապես ոչինչ չպետք է անեն, ես ոչինչ չեմ ասել»:

Մեկնաբանելով իր խոսքը՝ Բագրատյանն ասաց, որ «վերացրեք էդ մարդուն» խոսքը բռնություն չէ, նշանակում է՝ հեռացրեք, դադարեցրեք, այդ իմաստով է օգտագործվել. «Ես շատ զարմացած եմ, քաղաքական գործիչ եմ, ելույթ եմ ունեցել, լավ եմ արել: Ի դեպ, ելույթը նվիրված էր՝ «արի Ղարաբաղը ճանաչիր, էգուց կորցնելու ենք», հետո կորցրեցինք Ղարաբաղը, լավ եմ արել, ասել եմ, բա ի՞նչ պիտի անեմ, բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք է կորում: Հայրենիքը կորավ»:

Ըստ Բագրատյանի, առջեւում նոր զիջումներ կան՝ Սյունիք, Տավուշ, միջանցք. «Եվրոպայում գիտեն այս դատի մասին, զարմացած են: Այն մարդիկ, որոնք Փաշինյանին ծափահարում էին: Մենք էլ մարդ ունենք Եվրոպայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Մալլադեց Բագրատյան, փաստորեն դու էլ լավ «կզցրեցիր»: Արա դե իշխանավորը մնում է իշխանավոր, նախկին լինի թե ներկա, դրանք բոլորն էլ էդ գործում վարպետ են:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930