Այսօր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով առաջին դատական նիստն էր:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մասնավորապես, նա ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։
Դատարան աջակցության համար եկել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց. «Պարոն Բագրատյանի պարագայում իրենք կրկնակի խնդիր ունեն՝ չեն սիրում հայրենասեր մարդկանց եւ ատում են խելացի մարդկանց: Այստեղ իրենց համար կրկնակի «հանցակազմ» կա: Հերթական ֆարսն է՝ փորձել մարդկանց նյարդերին ազդել: Մի երկրում, որտեղ կա շուրջ 50 քաղաքական բանտարկյալ, նմանօրինակ դրսեւորումները զարմանալի չեն: Զարմանալի չի նաեւ այն, որ այստեղ գալու ճանապարհին նաեւ ես ստացա Քննչականից հարցաքննության հրավեր՝ նույն հոդվածով՝ բռնության կոչի: Ենթադրում եմ, որ վերաբերվում է ԱԺ-ում իմ ունեցած ելույթին»:
Հիշեցնենք, որ Մամիջանյանն ասել էր՝ «Երեւանը փոխվելու է իմ, ձեր, հայրենասերների քրտինքով եւ, եթե Փաշինյանը անմտություն անի, նաեւ արյամբ»: Ըստ Մամիջանյանի, նման ծիծաղելի գործերով փորձում են զբաղեցնել մարդկանց. «Դրան բացի ժպիտից, այլ արձագանք չունեմ»: Մամիջանյանն ասաց, որ եթե ուզում են մարդկանց վախեցնել այս գործերով, դա հիմար հաշվարկ է, որովհետեւ հայրենասերները ոչ քրգործերից են վախենալու, ոչ հարցաքննություններից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ