Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում տեղի ունեցավ Սամբոյի 2023թ. մեծահասակների աշխարհի առաջնության բացումը

Նոյեմբեր 10,2023 20:00

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավոր արարողությամբ տրվել է Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության պաշտոնական մեկնարկը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սամբոյի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների ղեկավարները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշխարհի առաջնության մասնակիցներին, միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին և Հայաստան ժամանած հյուրերին: Ժաննա Անդրեասյանը հաջող մրցելույթներ և ազնիվ պայքար է մաղթել առաջնության մասնակիցներին. «Կրկին հանդիպում ենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. դա նշանակում է, որ Հայաստանի մայրաքաղաքը ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին: Ընդամենը վերջին երկու տարում այս մարզահամալիրում անցկացվել են բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները, ֆուտզալի և բասկետբոլի միջազգային մրցաշարեր, սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները:

Հիմա անզեն ինքնապաշտպանության՝ սամբոյի աշխարհի ուժեղագույնների հերթն է. մեկնարկում է մեծահասակների աշխարհի առաջնությունը: Մարզաձևի հիմքում նաև հայկական կոխ ըմբշամարտն է, հետևաբար Հայաստանում այն ամենասիրվածներից է»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հիշատակել մարզաձևի հայ նվիրյալներին՝ աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանին, աշխարհի քառակի չեմպիոն Գորիկ Մանուկյանին և մեր մյուս մրցանակակիրներին:

«Հայաստանի պատվիրակներն այսօր էլ պատրաստ են ազնիվ մրցակցության մեջ մտնել աշխարհի ավելի քան 70 երկրներից ժամանած տղամարդկանց մարզական ու մարտական սամբոյի, կանանց մարզական սամբոյի ներկայացուցիչների հետ՝ բաղձալի մեդալների համար: Սիրելի՛ հյուրեր, բարով եք եկել մշակույթի ու արվեստի, գիտության ու սպորտի երկիր՝ Հայաստան: Հուսով եմ՝ կհասցնեք լինել նաև երկրի տեսարժան վայրերում ու սիրել Հայաստանը՝ որպես հյուրընկալ երկիր: Ցանկությունս է, որ մեր երկրից հեռանալիս կրկին վերադառնալու ցանկություն ունենաք»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Բացման արարողության ժամանակ պարային ու ակրոբատիկ  շոու-ծրագրով ներկայացվել են սամբո մարզաձևի ավանդույթները, հայկական սամբոյի պատմությունը, որին հաջորդել է մասնակից ավելի քան 70 երկրների դրոշների շքերթը, այնուհետև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը «Խաղաղության մեդալով» է պարգևատրել Միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին: Ի դեպ, «Խաղաղության մեդալը» պատրաստել է աշխարհի չեմպիոն Սերգո Չախոյանը:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովը FIAS-ի անունից ողջունել է տարվա գլխավոր մարզական միջոցառման մասնակիցներին և հյուրերին: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ այս տարի սամբո մարզաձևը տոնում է իր 85-ամյակը, և այդ առիթով Հայաստան են ժամանել անվանի սամբիստներ աշխարհի տարբեր անկյուններից:

«Դուք ներկա եք իսկական մարզական տոնի այս հրաշալի մարզահամալիրում: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի ազգային օլիմպիական կմիտեին, Հայաստանի սամբոյի ֆեդերացիային՝ աշխարհի առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար»,- նշել է Շեստակովը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս ընդգծել է մեր երկրում առաջին անգամ անցկացվող մեծահասակների աշխարհի առաջնության կարևորությունը:

Նշենք, որ  սամբոյի աշխարհի առաջնությանն ավելի քան 70 երկրի 650 մարզիկներ են մասնակցում:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930