2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Մեկ օր տևած մարտերից հետո Արցախը, որը մինչ այդ շուրջ 10 ամիս գտնվում էր շրջափակման մեջ՝ զրկված լինելով սնունդի և վառելիքի մատակարարումներից, ստիպված եղավ հանձնվել․ Պաշտպանության բանակը վայր դրեց զենքերը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հանրապետության լուծարման մասին փաստաթուղթը, իսկ շուրջ 100 հազար արցախցիները լքեցին իրենց հայրենիքը:
Ինչպես նշեցինք, Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա տեղի ունեցավ շուրջ տասը ամիս տևած շրջափակումից հետո՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի անգործության պայմաններում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարբերաբար անդրադառնում է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը: Մեր վերջին նման հրապարակումն արվել է 2023 թ. փետրվարի 2-ին, երբ արձանագրել էինք այդ պահի իրադրությունը:
Այժմ՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ուղիղ երեք տարի անց, երբ արդեն, փաստացի, գոյություն չունի Արցախի Հանրապետությունը, իսկ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, մեկ անգամ ևս անդրադառնանք այդ եռակողմ հայտարարության 9 կետերի կատարմանը:
Կարդացեք նաև
9 կետերը
2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բաղկացած էր հետևյալ 9 կետերից:
1․ Նոյեմբերի 10-ին, մոսկովյան ժամանակով 00։00-ից հակամարտության գոտում պետք է հաստատվի ամբողջական հրադադար և ավարտվեն բոլոր ռազմական գործողությունները, իսկ կողմերը պետք է կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում են,
2․ Մինչև նոյեմբերի 20-ն Աղդամի շրջանը պետք է վերադարձվի Ադրբեջանին,
3․ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով պետք է տեղակայվի Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա,
4․ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը պետք է տեղակայվի Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ընդ որում, խաղաղապահ զորակազմը պետք է տեղակայվի 5-ամյա ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին,
5․ Պետք է ստեղծվի խաղաղապահ կենտրոն, որը կվերահսկի համաձայնագրերի կատարումը,
6․ Հայաստանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձնի Քելբաջարի շրջանը, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնալու է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Միևնույն ժամանակ, առաջիկա երեք տարում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանը, իր հերթին, պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով,
7․ Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ,
8․ Պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում,
9․ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Բացի սա, կողմերի համաձայնությամբ, պետք է ապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։
Իրավիճակը
Ընդհանրապես, այս փաստաթղթի ստորագրումից արդեն երեք տարի անց կարող ենք արձանագրել, որ այս ողջ ընթացքում ամբողջությամբ կատարվել են դրա միայն այն կետերը, որոնք վերաբերում էին հայկական կողմի տարածքային զիջումներին:
Հայտարարության առաջին կետի համաձայն, հակամարտող կողմերը պետք է կանգնեին այն դիրքերում, որոնք զբաղեցնում էին 2020 թվականի նոյեմբերի 10-ի 00:00-ի դրությամբ: Ադրբեջանը խախտել է այս դրույթն արդեն 2020 թվականի դեկտեմբերին՝ գրավելով Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը, իսկ հետագայում՝ 2022 թվականի մարտին, ադրբեջանցիները գրավել էին Փառուխ գյուղը՝ հարակից բարձունքով հանդերձ: Այս, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ ռուսական խաղաղապահ ուժերը չեն միջամտել և չեն փորձել կանգնեցնել հայտարարության, թերևս, ամենակարևոր դրույթը խախտող ադրբեջանական կողմին:
Հայտարարության երկրորդ կետը, համաձայն որի, հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձներ Աղդամի շրջանը, ամբողջությամբ կատարվել է՝ նշված ժամկետում:
Երրորդ կետը, որով շփման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքով պետք է տեղակայվեին ՌԴ խաղաղապահները, կատարվել է, փաստորեն, մինչև 2023 թ․ սեպտեմբերի 19-ը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետության լուծարումից հետո ռուսական խաղաղապահեր ուժերի հենակատերը աստիճանաբար հանվում են «շփման գծից», որը, փաստացի, այլևս գոյություն չունի:
Չորրորդ կետը, համաձայն որի, ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է տեղակայվեր հայկական ուժերի դուրսբերմանը զուգընթաց՝ հնգամյա ժամկետով, նույնպես կատարվել է, սակայն, կրկին, այս տարվա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից հետո իրադրությունը լիովին փոխվել է․ շփման գիծ չկա, ռուսական հենակետերը հանվում են:
Հինգերորդ կետը, որով պետք է ստեղծվեր ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոն, կատարվել է, սակայն պարզ չէ, թե ինչով այն պետք է զբաղի նոր իրողություններում:
Վեցերորդ կետի առաջին մասի համաձայն, հայկական կողմը պետք է հանձներ Քելբաջարի և Լաչինի շրջանները, ինչը և արել էր՝ նշված ժամկետներում: Սակայն այս կետով նախատեսվում էր նաև, որ պետք է ստեղծվեր 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցք, որով կապ կապահովվեր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև և որը կգտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Այս դրույթը կատարվել է, փաստացի, մինչև 2022 թ․ դեկտեմբերը, երբ ադրբեջանցիները արգելափակեցին Լաչինի միջանցքը՝ շրջափակելով Արցախը: Ռուս խաղաղապահները այդ ժամանակ ոչինչ չարեցին: Կետի մյուս հատվածը, ըստ որի, պետք է այլընտրանքային ճանապարհ ստեղծվեր Լաչինի միջանցքով, կատարվել էր․ սակայն այդ ճանապարհը, ինչպես արդեն նշեցինք, 2022 թ․ դեկտեմբերից արգելափակված էր Ադրբեջանի կողմից:
Յոթերորդ կետով, փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնային Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ․ սա ոչ միայն տեղի չի ունեցել, այլև Արցախը, ըստ էության, ենթարկվել է էթնիկ զտման և ամբողջությամբ հայաթափվել:
Ութերորդ կետի համաձայն, պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Հայկական կողմն Ադրբեջանին հանձնել էր բոլոր ռազմագերիներին, սակայն մինչ օրս Բաքվում են պահվում 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձինք, իսկ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո գերեվարվել են Արցախի նախկին երեք նախագահները, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և այլք: Այս կետն Ադրբեջանը չի կատարել:
Իններորդ կետով, պետք է ապաշրջափակվեին տարածաշրջանի բոլոր կոմունիկացիոն ուղիները, Հայաստանը պետք է երաշխավորեր տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Բացի սա, կողմերի համաձայնությամբ, պետք է ապահովվեր Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։
Այս կետը, սակայն, չի կատարվել Ադրբեջանի ապակառուցողական և առավելապաշտական քաղաքականության պատճառով: Պաշտոնական Բաքուն մեկնաբանում է հայտարարության այդ կետն այնպես, թե դրանով պետք է սուվերեն միջանցք ստանա Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Հայկական կողմը, սակայն, անընդունելի է համարում որևէ սուվերեն միջանցքի տրամադրումը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ապահովել Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ միջազգայնորեն ընդունված ընթացակարգերով:
Ստորև ներկայացնում ենք համառոտ ինֆոգրաֆիկա, որտեղ կարող եք տեսնել եռակողմ հայտարարության կետերի կատարումը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»