Արցախից բռնի տեղահանված այն քաղաքացիները, որոնք 100 հազար դրամ աջակցությունը դեռ չեն ստացել, նրանք եւս հանդիսանում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կառավարության երեկ հաստատած ծրագրի շահառու։
Այս մասին այսօր կառավարության հումանիտար կենտրոնում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։
Երեկ կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի` Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կստանան 50 հազարական դրամ աջակցություն։
Մանուչարյանն այսօր քաղաքացիներից հնչող հարցերի վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց, թե ինչպես եւ ովքեր կարող են օգտվել աջակցության ծրագրերից։
Կարդացեք նաև
Ըստ այդմ՝ նրանք, ովքեր չեն ստացել 100 հազար եւ 40+10 հազարական դրամները, կարող են դիմել միասնական սոցիալական ծառայության գրասենյակ կամ առցանց հարթակ, դիմումը հաստատվելուց հետո գումարը կփոխանցվի։ Նրանք, ովքեր ստացել են 100 հազար եւ 40+10 հազարական դրամները, նույնպես կարող են դիմել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար նախատեսած 50 հազարական դրամի համար։
Եթե միեւնույն հասցեում է բնակվում մեկից ավելի ընտանիք եւ ազգակցական կապ չունեն, ընտանիքների չափահաս անձինք պետք է առանձին դիմում ներկայացնեն՝ նույն դիմում լրացնելով նաեւ անչափահասների տվյալները։
Եթե երեխաներից մեկին ծրագիրը չի նույնականացնում, ապա Մանուչարյանը հորդորեց դիմել թեժ գծին՝ 114 համարին, փոխանցել հանրային ծառայության համարանիշը, որից հետո տվյալները կստուգեն ու կտեղեկացնեն հետագա գործողությունները։
Եթե ընտանիքի անդամները տարբեր հասցեներում են բնակվում, ապա նրանք պետք է առանձին դիմում ներկայացնեն։
Մանուչարյանը տեղեկացրեց, որ ծրագիրը չի վերաբերում 2020-ից հետո տեղահանված արցախցիներին, քանի որ նրանց երկու տասնյակից ավելի աջակցության ծրագրեր են տրամադրվել։
Մանրամասն՝ տեսանյութում
ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն էլ ներկայացրեց հաշվառում կամ քաղաքացիություն ստանալու գործընթացի հետ կապված որոշ տեղեկատվություն։
Ղազարյանի պարզաբանմամբ՝ ովքեր ցանկանում են Երեւանում ստանալ ՀՀ քաղաքացիություն, կարող են մոտենալ Զաքյան փողոցում գտնվող միգրացիայի եւ քաղաքացիության գրասենյակ, ներկայացնել դիմումները, իսկ մարզերում՝ անձնագրային ծառայություն․ «Ընթացակարգերը պարզեցվել են, եթե դիմեն՝ կարող են արագ ստանալ քաղաքացիություն»։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա տարածվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, նրանք ճանաչվել են փախստական եւ ուստի, ինչպես Ղազարյանն ասաց, փախստականի վկայական ստանալու համար եւս անհրաժեշտ է մոտենալ անձնագրային ծառայություն, դիմում ներկայացնել, փոխել հաշվառման հասցեն եւ ստանալ վկայականը։
Բացի այս, բռնի տեղահանված անձինք մտահոգություն են հայտնում, որ տան սեփականատերերը չեն հաշվառում այդ հասցեում կամ չեն տալիս համաձայնություն։ Այս առնչությամբ Ղազարյանը հայտնեց՝ անձը կարող է մոտենալ անձնագրային ծառայություն, ներկայացնել փաստացի հաշվառման համար դիմում, ոստիկանությունն այն կստուգի, կտրամադրի տեղեկանք անձնագրային ծառայությանը, որի համաձայն անձը փաստացի հիմքով կհաշվառվի տվյալ բնակության հասցեում։
Ղազարյանը վստահեցրեց՝ որեւէ հասցեում հաշվառվելով` տվյալ գույքի նկատմամբ որեւէ պարտավորություն չի առաջանում։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ