Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի ժողովուրդը պետք է օրինակ վերցնի Գազայի ժողովրդից, որը Իրանի հետ ռազմավարական գործակցության արդյունքում կարողացավ ապրել իր տարածքում». Էհսան Մովահեդիան

Նոյեմբեր 10,2023 17:06

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է ու չաջակցեց սեպտեմբերի 19-ին Արցախում սկսված պատերազմին. հենց այդ պատճառով էր, որ պատերազմը մեկ օր տեւեց, արցախահայությունը որեւէ աջակցություն չուներ»,- այս մասին այսօր ասաց իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդիանը՝ «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ի կազմակերպած՝ «Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Բանախոսը քննարկմանը միացել էր առցանց տարբերակով:

Իրանցի քաղաքագետը նաեւ նկատում է, որ ՀՀ իշխանությունները, 2020 թվականի պատերազմից հետո, Բաքվի զիվորականների կողմից հայկական տարածքների նկատմամբ ոտնձգություններին համապատասխան հակադարձող քայլեր չարեցին, ինչի արդյունքում ադրբեջանական առաջխաղացումները շարունակվում են: Քաղաքագետը նկատել է նաեւ, որ ներհայաստանյան կյանքում պառակտում կա, որը հիասթափության ու հուսահատության մթնոլորտ է ստեղծել, ինչը հանգեցնում է անտարբերության: Իշխանության կողմից էլ անփորձ կադրերի նշանակումը կարեւոր պաշտոններին պատճառ է դարձել պետության եւ բանակի թուլացման:

Էհսան Մովահեդիանը նաեւ կարծում է, որ Հայաստանի ճգնաժամային իրավիճակի խորացման պատճառներից մեկն էլ Հայաստանի կողմից «սխալ բարեկամների» ընտրությունն է. «Եվրոպական երկրները կարեւորություն չեն տալիս ՀՀ տարածքային ամբողջականության հարցերին: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն նպատակ ունեն ՌԴ-ին դուրս դնելու տարածաշրջանից, Իրանի գործոնը թուլացնել՝ Իրանի ազգային ու անվտանգային շահերը վտանգելով, ու այդ ճանապարհին Հայաստանին օգտագործում են որպես կամուրջ՝ ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ապահովելու համար»:

Իսկ Հնդկաստանի հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ, բանախոսը դիտարկում է Պակիստանի հետ մրցակցության համատեքստում եւ հնարավոր հաղորդակցությունների վրա վերահսկողություն ունենալու տեսանկյունից:

Հետեւաբար, իր կարծիքով, Արեւմուտքի հետ իր փոխհարաբերությունները պահպանելով, Հայաստանը պետք է հավասարակշռի հարաբերությունները Իրանի, ՌԴ-ի եւ Չինաստանի հետ, մանավանդ, որ Իրանն է այն հիմնական երկիրը, որը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը, քանի որ հակառակ պարագայում ինքն է հայտնվելու թուրքական շրջափակման մեջ. «Արեւմուտքի դրդմամբ Հայաստանի ծայրահեղական մոտեցումը բացասական հետեւանքների է հանգեցնելու հենց Հայաստանի համար: Իրանի հետ Հայաստանի ռազմական համագործակցության ամրապնդումը կարող է ավելի լավ արդյունքների բերել, Իրան-ՀՀ փոխհարաբերությունները՝ տնտեսական եւ մշակութային, ինչը արեւմտյան երկրների դրդմամբ է, պետք է փոխել: Այս առումով, Հայաստանի ժողովուրդը պետք է օրինակ վերցնի Գազայի ժողովրդից, որը Իրանի հետ ռազմավարական գործակցության արդյունքում կարողացավ գոյատեւել եւ ապրել իր տարածքում: Տարածքային ամբողջականության պահպանումը մեծ գին է պահանջում, իհարկե, եւ եթե նման նպատակ կա, պետք է վճարել այդ գինը: Իսկ Հայաստանի հասարակության մեջ դիմադրելու բացակայություն կա. մարդիկ մեծամասամբ կորցրել են դիմադրության ոգին: Հայաստանի ղեկավարությունը, էլիտան, մտավորականությունը պետք է ժողովրդին սովորեցնեն, որ հնարավոր չէ խաղաղություն ձեռք բերել՝ թշնամու դեմ անընդհատ ընկրկելով: Խաղաղությունը իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ թշնամին վախենա ձեզանից: Այս պարզ դրույթի բացակայությունն է Հայաստանում պատճառ դարձել, որ Բաքուն այդքան լկտիանա եւ սանձարձակ դառնա: Արցախահայության սատարումն անգամ շարունակական չէ. մեծամասնությունը վերադարձել է իր սովորական կյանքին, բայց Արցախում տեղի ունեցածը մոռացության մատնելը՝ վտանգավոր դաս է, թշնամու առաջ՝ կանաչ լույս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930