Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 10-րդ փողոցում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, նշված հասցեի բնակչին մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, կիրառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան մոտ անհայտ անձինք զենքերով վիճաբանում են հոր հետ:
Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը, ժամը 17:20-ի սահմաններում, «BMW» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաներով մի խումբ անձինք գնացել են Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոց, դուրս հրավիրել նշված փողոցի տներից մեկի բնակիչ Ա.Խ.-ին, ապա ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ բռնի գործողությունները շարունակվել են անգամ երբ տանից դուրս են եկել Ա.Խ.-ի հայրը, եղբայրն ու այլ անձինք, այդ ընթացքում նշված հասցե եկած անձանցից մեկն իր մոտ գտնվող՝ ինքնաձիգին նմանվող առարկայով կրակահերթ է արձակել: Հարվածներ ստացած անձը բուժօգնության է դիմել բժշկական հաստատություն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա․Խ․- ն ճանաչվել է տուժող:
Կարդացեք նաև
Դեպքի վայրի զննությամբ տան դիմացից ու հարակից տարածքներից հայտնաբերվել և առգրավվել են թվով 11 կրակված պարկուճներ, ինչպես նաև՝ արնանման հետքեր: Առգրավվել է նաև դեպքի վայրը նկարահանող սարքերի տեսագրությունները։
Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձիք:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական ու վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, պատճառները, հանցավոր արարքներ կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանց նույնականացնելու, ինչպես նաև հրազենի բնույթն ու ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Նշված նպատակներով, ինչպես նաև ավտոմեքենաներով դեպքի վայր եկած և առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե