Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձաքննության եզրակացությունն ասում է՝ ստեղծված իրավիճակում ոչ միայն կարող էին, այլ պարտավոր էին հակահարձակում իրականացնել»․ Արսեն Սարդարյանը՝ Ջալալ Հարությունյանի գործով եզրակացության մասին

Նոյեմբեր 10,2023 16:49

«Շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունն օրեր առաջ ստացել ենք՝ 11 փորձագետի կողմից ստորագրված։ Որպես կանոն 15-30 տարի փորձառություն ունեցող և տարբեր առանցքային ոլորտներում մեր բանակում աշխատած սպաներ են։ Նրանք միակարծիք եզրակացություն են տվել, որը կարծում եմ՝ յուրաքանչյուր իրավաբանի գնահատմամբ՝ առևերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողությունների, նրան ներկայացված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

Նա տեղեկացրեց՝ փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո ունեցան դատախազի հիմնավոր որոշումը առաջին դրվագով մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ․ խոսքը հակահարվածի մասին է․ «Ջալալ Հարությունյանին մեղադրում էին, որ իբր ուժերի հարաբերակցությունը հաշվի չի առնվել, և այդ իրադրությունում թշնամու նկատմամբ հարձակում կատարելը չէր կարող կանոնադրության պահանջներից բխել։ Ռազմագետները պատասխանում են, որ այդ իրադրությունում հարձակում կատարելը եղել է ոչ միայն օրինական, այլև անհրաժեշտություն։ Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց։ Անունով նոր է, բայց այն ամբողջը կրկնում է նախկին մեղադրանքին․ կարծես այս ռազմագիտական փորձաքննությունն ընդհանրապես գոյություն չի ունեցել»։

Փաստաբանը մեջբերում կատարեց եզրակացությունից․ «Ցանկանացած պարագայում, եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպած լիներ կրակային դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանությունը և մասնավորապես նշանակած լիներ դիտորդներ, ապա հնարավոր կլիներ հանկարծակիի չգալ, և խմբի պատկանելիությունը՝ դիտորդի վրա գրոհելու պարագայում կբացահայտվեր, որը հնարավորություն կտար արդյունավետ կազմակերպել մարտկոցների հետագա գործողությունները։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է այն բանի համար, որ երբ դիվիզիոնի հրամանատարը կապվել է նրա տեղակալի՝ Գենադի Բաղդասարյանի հետ, վերջինս զեկուցել է Ջալալ Հարությունյանին, որ խմբավորում է մոտենում, իբր Ջալալ Հարությունյանն ասել է, որ դա յուրային խմբավորում է։ Իբր այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ մենք ունեցել ենք այդ կորուստը։ Ռազմագետները պատասխանում են, որ դիվիզիոնը մեր համապատասխան ոլորտում գործողությունների կանոնների համաձայն՝ պետք է մի շարք միջոցառումներ իրականացրած լիներ։ Պետք է ունենային համապատասխան դիտակետեր և դիտորդներ։ Այսինքն՝ եթե որոշակի հեռավորության վրա, որտեղից հակառակորդի խմբավորումը գալիս է, դիտորդ նշանակված չէ այն հեռավորության վրա, որտեղ պետք է բացահայտել հակառակորդին և մարտի անցնել, սա անմիջական թերացումն է դիվիզիոնի։ Այսինքն՝ անկախ նրանից՝ Ջալալ Հարությունյանը բանավոր հարցին ինչ է պատասխանել, դիվիզիոնի ունեցած կորուստները միանշանակ դիվիզիոնի հրամանատարության թերացման հետևանք են»։

Ըստ փաստաբանի՝ ռազմագիտական փորձաքննությունը միանշանակ իրենց օգտին է տրված, բայց երկրորդ դրվագով մեղադրանքը նորից առաջադրում են․ «Փորձագետները հստակ են պատասխանել և իրենց հասանելիք հարցերին ամբողջ պատասխանը տվել են։ Իրենք տալիս են եզրակացություն մարտական կանոնների խախտման բացակայության փաստի մասին։ Եզրակացությունն ասում է՝ ստեղծված իրավիճակում ոչ միայն կարող էին, այլ պարտավոր էին հակահարձակում իրականացնել, քանի որ այդ իրավիճակում մենք պաշտպանության այլ ելք չունեինք, քան գրոհի անցնելու։ Կամ պետք է հակահարձակման անցնեինք, կամ ահավոր կորուստներ ունենայինք»։

Փաստաբանը նաև հայտնեց՝ այսօր տեղեկացել են քննչական մարմնից, որ իրենց հրավիրում են գործի ավարտ հայտնելու մասին․ «Այսինքն՝ քննչական մարմինը, կոմիտեն վերջնական կարծիք ունեն, որ երկրորդ դրվագով գործն ուղարկվում է դատարան։ Մենք ուզում ենք հասկանալ՝ եթե այս աստիճանի առերևույթ է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող արարքում հանցակազմի բացակայությունը, ի՞նչն է նպատակը դատարան ուղարկելու։ Այնպիսի տպավորություն է, որ անկախ ամեն ինչից պետք է գործը գնա դատարան։ Գրեթե այդպիսի հնչեղության գործ չեմ հիշում, երբ սկսվի քննվել և դատարան չուղարկվի։ Այս մեղսագրվող արարքը ռազմագիտական ոլորտում է, ռազմագետները դիրքորոշում տվել են, բայց նոր մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրանքում չկա անդրադարձ եզրակացությանը, քանի որ հենց անդրադառնան, պետք է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնեն։ Ո՞նց կարելի է նման կերպ մոտենալ այսպիսի հարցին։ Մենք ունենք մեր պաշտպանության ոլորտում հեղինակավոր անձ, որը, որպես հայ՝ գտնում եմ, որ մեր էրեխեքին ոգեշնչող կերպար է, բայց ամեն կերպ ուզում ենք այս կերպարին արատավորել, ուղարկել դատարան, նրան զերծ պահենք պաշտոնավարելու, մեր բանակն ուժեղացնելու, իր գիտելիքները մեր բանակին, պաշտպանությանը ծառայեցնելուց, որովհետև հնչեղ գործ է, և չի կարելի այն ամբողջությամբ կարճել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930