Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի համաձայնությամբ նոր էսկալացիայի հնարավորությունը մեծանում է. Արմեն Պետրոսյան

Նոյեմբեր 10,2023 16:45

Արաբագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ, «Համասի» կողմից Իսրայելի վրա հարձակման օպերացիան մանրամասն պլանավորված է եղել, Իսրայելի հետախուզական եւ ռազմական կառույցները լավագույնս տեղեկացված են եղել հարձակման մասին, բայց որոշել են քաղաքական ղեկավարությանը չասել, ինչը փաստում է այն, որ Իսրայելին առիթ էր պետք՝ հարցը նորից միջազգային օրակարգ բերելու համար եւ որքան մեծ լինեին Իսրայելի կորուստները, այնքան ավելի մեծ եւ անկաշկանդ կարող է գործել Իսրայելը՝ Գազայի հատվածում, ինչին էլ ականատես ենք լինում:

Այսօր «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ի կազմակերպած՝ «Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ, Արմեն Պետրոսյանը մանրամասն վերլուծեց իսրայելապաղեստինյան վերջին բախումը՝ նկատելով, որ որոշ գերտերությունների վառած կանաչ լույսն Իսրայելն այսօր փորձում է օգտագործել՝ Գազայի հատվածում իշխանությունը վերադարձնելու համար: Բնականաբար, կան նաեւ միջազգային այլ արձագանքներ, որոնք խոչընդոտում են Իսրայելի այդ ծրագրին, օրինակ, ԱՄՆ-ի դիրքորոշումը, որ Գազայի հատվածում ինքնավարություն պետք է հաստատվի:

Զուգահեռներ անցկացնելով մեր տարածաշրջանի եւ Արցախի շուրջ կատարվածի հետ, Արմեն Պետրոսյանն ասաց, որ համամիտ է Սուրեն Մանուկյանի հետ՝ Իսրայելի նպատակը Գազայի հատվածի արաբազրկումն է: Բայց Արցախի հետ համեմատականներում, ասում է, նաեւ էական տարբերություններ կան. բնակչության թվաքանակը եւ աշխարհագրական դիրքը: Նա համոզված է, որ Թուրքիան, արաբական շատ երկրներ, միանգամից հասկանալով Իսրայելի մտադրությունը, երբեւէ թույլ չեն տա, որ այդ տարբերակով հարցը լուծվի. «Բոլոր մուսուլմանական երկրները պնդում են՝ Գազայի հատվածի բնակչությունը պետք է մնա եւ իր կյանքը շարունակի իր պատմական հայրենիքում: Այլ հարց է, որ «Համասի» նկատմամբ վերաբերմունքը արաբական աշխարհում միանշանակ չէ եւ այդ կազմակերպությունն անվերապահորեն չի ընդունվում տարբեր մուսուլմանական երկրների կողմից, քանի որ կազմակերպության հիմքում «Մուսուլման եղբայրներ»-ն են, ուստի, ոչ բոլոր արաբական երկրների շահերից է բխում «Համասի» մեծ հաջողությունը: Ուստի, «Համասին» աջակցության մասով կա որոշակի կաշկանդվածություն, բայց, որ պաղեստինյան խնդիրը չի կարող Իսրայելի քիմքին հարմար լուծվել, միանշանակ մոտեցում կա»:

Իրանագետը էական հանգամանք է համարում այն, որ Ավետյաց երկրում մենք ունենք մոտ 10 հազարանոց համայնք: Նաեւ հիշեցնում է, որ վերջին օրերին, «Կովերի պարտեզ» տարածքի թեման էր կրկին ակտիվացել եւ եթե այս իրավիճակը սրվի, կարծում է, Իսրայելը փորձելու է ոչ իրավական եղանակով լուծել «Կովերի պարտեզի» հարցը՝ տարածքը ուղակի խլելով հայ համայնքից:

Ընդհանուր առմամբ, իրանագետի դիտարկումներով, Հարավկովկասյան տարածաշրջանում շատ է մեծանում նոր պատերազմի հավանականությունը. «Զանգեզուրի միջանցքի» թեման է կրկին ակտիվացել, Ադրբեջանը նոր հավակնություններ ունի հայկական տարածքների նկատմամբ եւ Իրանն ու ԱՄՆ-ը, որոնք շահագրգիռ ուժեր են տարածաշրջանային զարգացումներում, մեծապես «խրված» են իսրայելապաղեստինյան խնդիրների մեջ, ինչը մեծացնում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի համաձայնությամբ նոր էսկալացիայի հնարավորությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930