ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց 2024 թվականի բյուջեի նախագծին։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ 2024 թվականին կապիտալ ծախսերը կազմելու են 710 մլրդ դրամ, ինչն ավելի քան 30 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ Արդյունքում՝ 2024 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6,8 տոկոսը։ 2024 թվականին կապիտալ ծախսերի շուրջ 41,3 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։
«2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 555 մլրդ դրամ, ինչը 7 տոկոսով կգերազանցի 2023 թվականին պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի հանրագումարը։ Արդյունքում՝ 2024 թվականին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,3 տոկոսը»,- ասաց նա։
Արման Պողոսյանը հավելեց, որ սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 755 մլրդ դրամ, կրթության ոլորտի ծախսերը՝ 289 մլրդ դրամ, առողջապահության ոլորտի ծախսերը՝ 171 մլրդ դրամ։
«2024 թվականի պետական բյուջեի անվանական ՀՆԱ-ն գնահատվում է 10 տրիլիոն 497 մլրդ դրամ, բյուջեի եկամուտները՝ 2 տրիլիոն 676 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 566 մլրդ դրամ։ Պետական բյուջեի ծրագրված ծախսերը կազմում են 3 տրիլիոն 017 մլրդ դրամ։ Պետական բյուջեի դեֆիցիտը գնահատվում է 341 մլրդ դրամի չափով։ Սակայն այստեղ հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող գումարն այս շրջանակում արտացոլված չէ։ Խոսքը տվյալ դեպքում 144 մլրդ դրամի մասին է, որը նախորդ տարիներին տրվել է դեֆիցիտը հաշվարկելուց հետո։ Հիմա այս մեթոդաբանությունը կվերանայվի եւ ընդհանուր սահմանված կարգով կբյուջետավորվի։ Նախատեսվում է, որ 30 մլրդ դրամը կծախսվի կենսաթոշակային վճարումների վրա, մնացյալ գումարը կծախսվի բնակարանային ապահովման եւ աշխատանքային զբաղվածություն ապահովելուն միտված ծրագրերի իրականացման շրջանակներում»,- ասաց փոխնախարարը։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հաջորդ տարվա համար սահմանված է 24,4 տոկոս՝ այս տարվա ցուցանիշը բարելավելով շուրջ 0,8 տոկոսով։ «Գիտեք, որ մենք կառավարության ծրագրով ունենք հայտարարված նպատակ՝ 2026 թվականին առնվազն 25 տոկոս նշաձողը հաղթահարելու»,- ասաց Արման Պողոսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ