«Արցախում կատարվածը, երբ մենք անվանում ենք ցեղասպանություն, դա միայն հռետորաբանություն չէ եւ նպատակ չունի զգայական ֆոնն ավելացնելու. ընդամենը կատարվածի նկարագրությունն է, ոչ թե գունավորման երանգ: Երբ ասում ենք՝ ցեղասպանություն չէ, էթնիկ զտում է, դա նման է նրան, որ երբ խոսում ենք տարվա եղանակներից՝ ասենք՝ աշուն չէ, սեպտեմբեր է. էթնիկ զտումը ցեղասպանության բաղադրիչ է»,- այսօր «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ի կազմակերպած՝ «Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: Նա ներկայացնում էր ցեղասպանական բաղադրիչը՝ Արցախի եւ Գազայի դեմ գործողություններում:
Բանախոսի գնահատմամբ, եւ Գազայում, եւ Արցախում տեղի ունեցածը՝ տարածքը տվյալ ժողովրդից մաքրելու նպատակ ուներ: Սուրեն Մանուկյանը հիշեցնում է Ցեղասպանության կոնվենցիան, որում ասվում է՝ ցեղասպանություն է նաեւ այնպիսի պայմանների ստեղծումը, ինչը կարող է բերել ոչնչացման: Ցեղասպանագետն այս դրույթը զուգահեռում է Արցախի շրջափակման շրջանի հետ: Թե Արցախի, թե Գազայի պարագայում, բանախոսի գնահատմամբ, իրադարձությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայի այն դրույթին, որ ցեղասպանությունները իրականացվում են հյուծման միջոցով: Նա ուշագրավ է համարում այն իրողությունը, որ Արցախի շրջափակման շրջանում այս մասին հրապարակումներ, հոդվածներ գրեցին նաեւ հայտնի ցեղասպանագետներ, մարդիկ, ովքեր քաղաքական շահագրգռություններ ու նախասիրություններ չունեն:
«Արցախի հայերն, այո, ֆիզիկապես չոչնչացան, բայց ունենք նախադեպ՝ Բաքվի եւ Ադրբեջանի մյուս բնակավայրերի հայերի մասով, որոնք ցրվեցին աշխարհով մեկ ու մշակութապես ոչնչացան: Մինչ այդ՝ արեւմտահայությունը՝ ցրվեց աշխարհով մեկ, ապրեցին տարբեր համայնքներում, մեկ-երկու սերունդ հետո ձուլվեցին: Այժմ էլ արցախահայության ճակատագիրը կարող է նույնը լինել»,- ասում է Սուրեն Մանուկյանը՝ նկատելով, որ ցեղասպանությունը երկու փուլ ունի. տվյալ համայնքի ինքնության ոչնչացում եւ այդ ինքնության վերափոխում, իսկ սա այն է, ինչ Ադրբեջանն այսօր անում է Արցախում՝ քանդելով ամեն հայկականը, դրանց մի մասը ներկայացնելով իբրեւ ալբանական:
Բանախոսի դիտարկմամբ, մենք չպետք է կրկնենք նախորդ սխալը, երբ ցեղասպանությունից 50 տարի անց միայն սկսեցինք խոսել դրա մասին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ