Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. «Ախտորոշումը ցավոտ է լինելու, բուժումն՝ էլ ավելի ցավոտ, բայց պետք է միարժեք բուժվենք բոլոր ախտերից, որոնք թույլ չեն տալիս մեզ կայանալ որպես ազգ»

Նոյեմբեր 10,2023 15:29

«Հայաստանում այսօր շատերն են փորձում համեմատություններ անցկացնել արցախյան հիմնախնդրի եւ պաղեստինյան հարցի միջեւ, բայց դա սխալ է: Պաղեստինի ժողովուրդն ունի իր հովանավորյալներին՝ արաբական աշխարհը եւ ԻԻՀ-ն: Արցախահայության միակ հովանավորը արցախահայությունն է եւ հայության մի ստվար մասը: Այդ իսկ պատճառով մենք ականատես դարձանք նրան, որ արցախյան պատերազմը՝ սեպտեմբերի 19-ի, տեւեց մեկ օր. արցախահայությունը մեն-մենակ էր»,- այսօր «Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ի նախագահ Վազգեն Պետրոսյանը: Քննարկման նախաձեռնողը հենց «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ն էր:

Եթե Արցախն ունենար այնքան հովանավորներ, ինչպիսիք են արաբական երկրները, Վազգեն Պետրոսյանի գնահատմամբ, արցախյան պատերազմը կավարտվեր դեռեւս 30 տարի առաջ՝ Նախիջեւանը միացնելով Հայաստանին:

«Բայց, քանի որ մենք չունեցանք այնպիսի ղեկավարներ, հասարակական, քաղաքական, ռազմական վերնախավ, որը նպատակ ունենար մեկընդմիշտ վերջ դնել հայկական հարցի լուծմանը, մեր խնդիրները շարունակվեցին ու այսօր դառը իրականությանն ենք առերեսվել՝ կորցրեցինք Արցախը: Այդ կորցնելը, եթե ուզում ենք դառնա ժամանակի հարց, պետք է հասկանանք, որ հայությանն ու Հայաստանին պետք է նոր ռազմաքաղաքական ղեկավարություն, նոր մոտեցումներ աշխարհաքաղաքական խնդիրներին, որտեղ բոլորը պետք է հասկանան՝ հայ ժողովրդի շահը կախված է հայության միասնությունից ու միաբանությունից: Հայ ժողովուրդը կարող է միասնական եւ միաբան լինել, երբ իր քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարները լինեն միասին: Եթե երկրի ղեկավարը գող է, ավազակ է, ժողովուրդն էլ է նույն ձեւ է դառնում, եթե երկրի ղեկավարը հայրենասեր է, հայրենակենտրոն է, ժողովուրդն էլ է դառնում այդպիսին, եթե երկրի ղեկավարը կոռումպացված է, ժողովուրդն էլ է այդպիսինը դառնում. սա աքսիոմա է աշխարհի բոլոր ժողովուրդների համար: Այս պատճառով, օր առաջ պետք է ձերբազատվել ամբարտավան իշխանությունից, լծվելով զրոյից նոր պետականություն ստեղծելու գործին»,- կարծում է Վազգեն Պետրոսյանը:

Միջոցառմանն իր օրհնության խոսքն էր հղել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը: Ըստ Սրբազանի, պետք է ախտորոշենք մեր բոլոր հիվանդությունները, չպետք է ամաչենք դրանից, ապա բուժման ընթացքը պետք է սկսենք՝ մեր կյանքի բոլոր մակարդակներում եւ ասպարեզներում՝ ընտանեկանից մինչեւ հասարակական. «Ախտորոշումը ցավոտ է լինելու, բուժումն՝ էլ ավելի ցավոտ, բայց պետք է միարժեք բուժվենք բոլոր ախտերից, որոնք թույլ չեն տալիս մեզ կայանալ, որպես ազգ: Այս ճանապարհն անցնելու համար անսահման աստվածասիրություն եւ անսահման հայրենասիրություն է մեզ պետք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930