Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիովին վստահում է հարցվածների 20,4%-ը, ընդհանրապես չի վստահում՝ 35,5 %-ը»․ ուսումնասիրություն

Նոյեմբեր 10,2023 15:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիովին վստահում է հարցվածների 20,4%-ը, ընդհանրապես չի վստահում՝ 35,5 %-ը, ավելի շուտ վստահում է 13,2%-ը, ավելի շուտ չի վստահում 18,6%-ը։ Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 12,3%-ը։ «GALLUP International Association»-ի կողմից կատարված «Խաչմերուկ» խորագրով հարցման արդյունքներով այսպիսի պատկեր է գրանցվել։

Մամուլի ասուլիսի ժամանակ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ` Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը, վերլուծելով այս տվյալներն, ասաց․ «Եթե միայն բացասասական պատասխանները նայենք, գրեթե 50-ից ավելի տոկոս ունենք, որոնք չեն վստահում Նիկոլ Փաշինյանին»։

Նա նաև նշեց՝ հարցվածներն ամենաբացասական գնահատականը տվել են ՀՀ ԱԺ-ի աշխատանքին։ ՀՀ վարչապետի գործունեությանը հարցվածների 34,2%-ը հավանություն է տվել, 52,6%-ը հավանություն չի տվել, 13,2%-ը դժվարացել է պատասխանել։ ՀՀ կառավարության աշխատանքին 29,1%-ը հավանություն է տվել, 57,7%-ը հավանություն չի տվել, 13,2 %-ը դժվարացել է պատասխանել։ ՀՀ ԱԺ-ի աշխատանքին 22,2%-ը հավանություն է տվել, 64,2%-ը հավանություն չի տվել, 13,6%-ը դժվարացել է պատասխանել։ ՀՀ նախագահի աշխատանքին 23,0%-ը հավանություն է տվել, 53,7%-ը հավանություն չի տվել, 23,3%-ը դժվարացել է պատասխանել։ Արամ Նավասարդյանն ասաց․ «Ամենավատ ցուցանիշն ԱԺ-ինն է»։

Կատարվել են 1100 հեռախոսային հարցումներ։ Ընտրանքային սխալը 3 տոկոս է։

Արամ Նավասարդյանն ասաց՝ հետազոտությունը վերնագրել են «Խաչմերուկ»․ «Հիմա շատ է խոսվում տարբեր խաչմերուկների մասին՝ խաղաղության, քաղաքական դաշտի կեսն ասում է, որ դա պատերազմի խաչմերուկ է»։

Հարցին՝ ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք արդյոք Ձեր կյանքով, հարցվածների 22,3 %-ը պատասխանել է՝ լիովին բավարարված եմ, 29,4%-ը պատասխանել է՝ ավելի շուտ բավարարված չեմ։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտանիքի նյութական /տնտեսական/ ապահովվածությունը ներկայումս, 5,3 տոկոսը պատասխանել է՝ շատ լավ, 20,9 տոկոսը խատասխանել է՝ լավ, 62,8 տոկոսը՝ միջին։ Արամ Նավասարդյանն ասաց․ «Եթե նկատում եք՝ միջին գնատականը մեզ մոտ պահպանվել է՝  մոտ 62 տոկոս։ Այս ցուցանիշը մեզ մոտ ավելի քան 10 տարի գրեթե փոփոխություն չի կրել, և այդ միջին գնահատականը պահպանվում է։ Որոշակի տեղաշարժ կա շատ լավ ցուցանիշի հետ կապված։ Դա կապում ենք տնտեսական ակտիվությամբ, որը Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պատերազմով է պայմանավորված․ ռելոկանտները բերել են իրենց ակտիվությունը»։

Հարցվածների 40 տոկոսը կարծում է՝ ՀՀ-ն պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ։ Ըստ երկրների՝ բաշխվածությունն այսպիսին է՝ ԵՄ՝ 17 տոկոս, ՌԴ 14 տոկոս։ Արամ Նավասարդյանը պարզաբանեց․ «Եթե նկատում եք՝ բավականին նվազում կա ՌԴ-ի ցուցանիշի հետ կապված։ 2020-ի հունիսին 25 տոկոսն էր այդպես կարծում, այժմ միայն 14 տոկոսն է կարծում, որ պետք է ինտեգրվել ՌԴ-ին։ ԱՄՆ-ին ինտեգրմանը կողմ է 13 տոկոսը, Իրանին՝ 4,8 տոկոսը»։

Հարցին՝ ո՞ր երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ մեր երկրի համար, 41,1%-ը կարծում է՝ Ֆրանսիայից։ Արամ Նավասարդյանը նշեց․ «Եթե համեմատում ենք նոյեմբերի ցուցանիշը հունիսի ցուցանիշի հետ, ապա առավել քան երկու անգամ այս ցուցանիշն աճել է։ Հունիսին միայն 19,6 տոկոսն էր նշել։ Սա կապված է վերջին հուշագրի ստորագման հետ, որ Ֆրանսիան մատակարարելու է մեզ լոկացիոն կայաններ։ ՌԴ-ի ցուցանիշը 14,4 % է։ Կտրուկ նվազում ունենք, եթե համեմատենք 2023-ի հունվարի հետ, գրեթե երկու անգամ նվազում կա։ Իրանի հետ ևս նվազում կա․ տարվա սկզբում ունեինք ակտիվ քննարկումներ, որ Իրանից կարող ենք ռազմաքաղաքական աջակցություն ստանալ, Ֆրանսիայի ֆոնին այդ խոսույթները պակասել են։ Միայն 18,7 տոկոսն է նշել, որ Իրանից կարող ենք նման աջակցություն ստանալ։ Ունենք ԱՄՆ-ի ցուցանիշի բարձրացում՝ 11,5 տոկոսից 23 տոկոս։ Հնդկաստան նշել է 21,3 տոկոսը, չմոռանանք, որ Հնդկաստանից մենք կատարել ենք կայանների գնումներ»։

Հարցին՝ ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ՝ հարցվածների 52 տոկոսը կարծում է՝ այո, 23 տոկոսը՝ ոչ, 25 տոկոսը դժվարացել է պատասխանել։ 47,2 տոկոսը կարծում է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, 21,5 տոկոսը կարծում է, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանն է քաղբանտարկյալ, 19,1 տոկոսը՝ Մամիկոն Ասլանյանը։

46,6 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ն պետք է պայքարի անկախ Արցախի Հանրապետության համար, որից հետո արցախահայությունը պետք է վերադառնա իրենց տները, 40 %-ը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինտեգրի արցախահայերին Հայաստանում և հոգ տանի սոցիալական և այլ իրավունքների համար։

Հարցին՝ ըստ Ձեզ ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյոք ՀՀ-ում անհրաժե՞շտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 23,3 տոկոսը կարծում է, որ միանշանակ անհրաժեշտ է, ընդհանրապես անհրաժեշտ չէ՝ 33,7 %-ը։ Գերակշռում է այն կարծիքը, որ պետք չէ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հարցին՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք, 15,6%-ը ընտրել է ՔՊ-ին, 4,7%-ը՝ «Հայաստան դաշինքին», 2,5 %-ը «Հանրային ձայն»-ին, 30,1%-ը դժվարացել է պատասխանել։

Արամ Նավասարդյանը, ի պատասխան լրագրողների՝ Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցերի ասաց․ «Երևանի քաղաքապետի ընտրության հետ կապված, եթե նայում ենք մեր՝ մինչև քարոզարշավի սկիզբը հրապարակած թվերը, ապա եթե ես չեմ սխալվում, երբ հարցրել էինք՝ ով է պատրաստվում քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին, 9,3 տոկոսն էր դրական պատասխան տվել։ Եթե հիմա նայում ենք ստացված իրական թվերը, մոտ 9,6 տոկոսն է քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին։ Չմոռանանք նաև, որ մյուս կուսակցությունները ստացել են ավելի քիչ ձայներ։ Եթե լիներ ավելի լավ թեկնածու ու քարոզարշավ, չեմ բացառում, որ պատկերը լիովին ուրիշ կստացվեր»։

Արամ Նավասարդյանի անձնական կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց մյուս կողմից էլ ասաց․ «Բայց ես նաև կողմնակից չեմ այն գաղափարին, որ Նիկոլ Փաշինյանը չլինի, ով ուզում է լինի։ Մենք փորձարկումների երկիր չենք։ Մենք պետք է հասկանանք, որ ՀՀ-ն չպետք է ղեկավարի ցանկացած հերթական «պռախադիմեցը», հետևաբար հարցս ուղղում եմ  քաղաքական դաշտին, եթե կա ավելի լավ թեկնածու, առաջ բերեք և աջակցեք, եթե չկա, ապա հեռացեք քաղաքական դաշտից և թողեք, որ զարգանան նոր քաղաքական կուսակցություններ։ ՀՀ ռացիոնալ մտածող լիդերի անհրաժեշտություն ունի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930