Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկայինը, եթե ուզենա, հանգիստ կարող է ցանկացած ընկերության սնանկացնել»․ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանքի չափը մեծացել է մինչեւ 66 անգամ

Նոյեմբեր 10,2023 15:10
Hdm

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր մասնավոր ոլորտի ներկայացուցիչները ներկայացրեցին հանրագիր՝ դժգոհելով ՀԴՄ կիրառման կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափից։

«Ալֆա ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը, ներկայացնելով հանրագիրը, ասաց, որ դժգոհությունը Հարկային օրենսգրքի փոփոխություններին է վերաբերում, ըստ որի՝ ՀԴՄ կտրոնների կանոնների խախտման դեպքում մեծ շրջանառություն ունեցող ընկերությունները հենց առաջին անգամ խախտում անելու դեպքում միանգամից տուգանվում են 10 մլն դրամի չափով։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հստակեցրեց․ «Ոչ թե 10 մլն դրամի չափով են տուգանվում, այլ 2000 դրամ ֆիքսված գումար եւ իրենց շրջանառությունից ինչ-որ գումար, որը կարող է հասնել 10 մլն դրամի։ Այսինքն՝ 10 մլն դրամը նվազագույն տուգանքի չափը չէ, առավելագույն չափն է»։

Միքայել Մացակյանը արձագանքեց, որ համեմատաբար խոշոր շրջանառություն ունեցող ընկերությունների համար յուրաքանչյուր տուգանքը կազմում է 10 մլն դրամ։ «Մասնավորապես, այս հանրագիրը ստորագրած ընկերությունների դեպքում վստահ եմ, որ միշտ տուգանքը լինելու է 10 մլն դրամ, քանի որ նրանց շրջանառությունը մեծ է։ Առաջին կետը, որի վրա ուզում են ուշադրություն հրավիրել, դա այն է, որ տեղի է ունեցել տուգանքի 66 անգամ մեծացում։ Այսինքն՝ նախկին օրենսդրությունը եւ ներկա օրենսդրությունը համադրելով՝ տուգանքը կարող է մինչեւ 66 անգամ մեծանալ։ Այսինքն՝ նույն արարքի համար, եթե նախկինում տուգանքը հասնում էր մինչեւ 300 հազար դրամ, հիմա տուգանքը մեր այս թիրախային խմբի համար դառնում է 10 մլն դրամ։ Երկրորդ խնդիրն այն է, որ մեզ համար պարզ չէ՝ մեր նման ընկերությունների դեպքում, ովքեր բարեխիղճ վճարում են իրենց հարկերը, չեն թաքցնում շրջանառություն, ինչո՞վ է պայմանավորված նման սահմանաչափի կիրառումը։ Եթե ընկերությունը բարեխիղճ չէ, փորձում է թաքցնել իր շրջանառությունը, հարկային մարմինները մինչեւ այդ էլ ունեին գործիքակազմ՝ ավելի լայնածավալ ստուգումների միջոցով ավելի մեծ տուգանքներ կիրառել, եթե ՀԴՄ կտրոնների չկիրառումն ընկերության կողմից համակարգված վարքագծի դրսեւորում է։ Իսկ այն դեպքում, երբ ընկերությունը չի թաքցնում շրջանառությունը, նման մեծ տուգանքի փաստացի կիրառումը խիստ չափազանցված է։ Օրինակ՝ մեր ընկերությունն ամսական միջինը 600 հազար ՀԴՄ կտրոն է տրամադրում։ Եվ եթե այդ 600 հազար կտրոնից երկու կամ երեք չտրամադրվող կտրոն լինի, որի հետեւանքով կիրառվի պատասխանատվություն, ստացվում է, որ ամեն ամիս մեր ընկերությունը պետք է 30 մլն դրամ տուգանքի ենթարկվի, որը տարեկան կտրվածքով մի քանի հարյուր միլիոն դրամ տուգանք կարող է առաջացնել ընկերության համար։ Դա այն պարագայում, երբ ընկերությունը շրջանառություն չի թաքցնում եւ միտումնավոր չի փորձում թաքցնել իր հարկերը»,- նշեց Միքայել Մացակյանը։

Ըստ նրա՝ տուգանքի չափը պետք է հաշվարկվի ոչ թե ընկերության ամբողջ շրջանառությունից, այլ ընկերության տվյալ առեւտրի կետի շրջանառությունից։ Մասնավոր ընկերությունները նաեւ առաջարկում են որոշակի տուգանքներ սահմանել աշխատակիցների համար, որպեսզի աշխատակիցները տվյալ ընկերությանը ռիսկի տակ չդնեն։ Երրորդ առաջարկը վերաբերում է տուգանքի շեմը էականորեն նվազեցնելուն։ «Մենք գիտակցում ենք, որ պետության մտադրությունները բարի են, սակայն առողջապահական լեզվով ասած, ստացվել է կողմնակի էֆեկտ։ Մենք դարձել ենք այս դրական նախաձեռնության կողմնակի էֆեկտի դրսեւրումը»,- հավելեց նա։

ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանն ասաց, որ 2022 թվականից մայիսից հետո, երբ օրենսդրական նոր կարգավորումը մտել է ուժի մեջ, այս հանրագիրն ստորագրած 8 կազմակերպությունից միայն «Ալֆա ֆարմ»-ն է երկու անգամ երկու խախտում արել ու տուգանվել։ Որեւէ այլ կազմակերպություն, ըստ ՊԵԿ փոխնախագահի, չի տուգանվել։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց․ «Եթե մի պահ մտածենք, որ ամսական 600 հազար, տարեկան 7 մլն 200 ՀԴՄ կտրոն տրամադրելու ընթացքում ՊԵԿ-ը ձեզ մոտ անցկացրել է 20 րոպե եւ 10 րոպեի ընթացքում բռնել է խախտում, ապա հավանականությունը, որ պրոբլեմն ավելի մեծ է, քան այդ երկու ՀԴՄ կտրոնը, մեծ է։ Մեկ ՀԴՄ-ի չխփելը մեզ համար չի նշանակում, որ հենց այդ մեկ ՀԴՄ-ն չի խփվել, դա շարքի մեջ է դիտարկվում»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ տեսնում է հետեւյալ ռիսկերը․ «Ընդհուպ ես ռիսկեր եմ տեսնում մրցակիցների կողմից մրցակիցների վրա բան ուղարկելու՝ ինչ-որ պայմանավորվածություններով, որը մենք պետք է բացառենք։ Փաստացի կարելի է այս տիպի տուգանքի չափով սնանկության դատապարտել այս մեծ ընկերություններին։ Հարկայինի բարեվարքությունն այստեղ շատ կարեւոր դեր ունի։ Եթե իրոք ուզենան կարող են հանգիստ ցանկացած ընկերության սնանկացնեն»։

ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը նշեց, որ այս իրավակարգավորումն ուժի մեջ է մտել 2022 թվականի մայիսի 14-ից։ «Այդ ժամանակվանից առ այսօր մենք 10 մլն դրամ, այսինքն՝ առավելագույն չափով տուգանել ենք ընդամենը 20 կազմակերպության։ Դրանց թվում 30-40 տոկոսը բենզալցակայաններն են, որոնք ցավոք մեր ամենաանկարգապահ ոլորտն են։ Նշված տուգանքների մեծությունները սահմանելիս հաշվի են առնվել այն, որ որեւէ արարքի համար պատասխանատվության միջոցի սահմանումն առաջինը պետք է նպատակաուղղված լինի տվյալ արարքի նաեւ կանխարգելմանը։ Ալֆա ֆարմի պարագայում մեզ տեսուչը զեկուցել է, որ՝ պարբերաբար տեսնում եմ՝ այս հասցեում իրականացվում է առեւտուր, բայց չի տրամադրվում ՀԴՄ կտրոն։ Մենք՝ որպես բարեխիղճ գործընկեր, երկու անգամ տուգանել ենք»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ ՊԵԿ գործընկերների հետ լրացուցիչ գործիքակազմեր են քննարկում տեխնիկական միջոցների կիրառման հարցով, որ սա չդառնա մահակ տնտեսվարողների համար։ «Մենք առաջիկայում կունենանք օրենսդրություն, տեսաձայնագրման համակարգերի ներդրում, որի նպատակը ոչ թե տնտեսվարողին ստուգելն է, այլ հենց նույն ՊԵԿ-ի աշխատողի գործելաոճը ստուգելը»,- ասաց Թունյանը։ Նա նշեց, որ օրենքը համեմատաբար նոր է մտնել ուժի մեջ, արդյունքները տեսնելու համար որոշակի ժամանակ է պետք, այս պահին օրենքում փոփոխություններ կատարելը նպատակահարմար չեն համարում։

Հանձնաժողովի անդամները քվեարկեցին եւ հաստատեցին, որ Հարկային օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա այս պահին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930