Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի նոր զեկույցն առաջարկում է պետական ծախսերի արդյունավետության բարելավման ճանապարհներ

Նոյեմբեր 10,2023 14:36

«Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն Ծախսերի արդյունավետության բարելավում» խորագրով վերլուծական նոր զեկույցը, որն այսօր ներկայացվեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի կողմից, անդրադառնում է Հայաստանի ֆիսկալ ցուցանիշների բարելավմանը վերջին երկու տասնամյակների ընթացքում, և հանդես է գալիս առաջարկություններով, ուղղված հանրային ծախսերի բարելավմանը։ Զեկույցում անդրադարձ է կատարվում ենթակառուցվածքներին, ճանապարհային տրանսպորտի, առողջապահության և կրթության ոլորտներին։

Պետական ծախսերի ուսումնասիրության զեկույցը ցույց է տալիս, որ հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումների աջակցության պայմաններում հարկերի հավաքագրումն ավելացել է Հայաստանում, և կառավարությունը ներկայումս բավարար ռեսուրսներ ունի՝ ծախսումները պահպանելու և պարտքի մակարդակը կայուն պահելու համար։ Սակայն նշվում է, որ ծախսերի արդյունավետությունը դեռ պետք է բարելավվի և կոնկրետ առաջարկներ է ներկայացնում կապիտալ ծախսերի ավելացման, սոցիալական աջակցության և կենսաթոշակների փոփոխությունների և «Առողջության համապարփակ ապահովագրության» փուլային ներդրման համար։

Զեկույցի հիմնական բացահայտումն այն է, որ ռազմավարական պլանավորման բարելավումը և տվյալների օգտագործումը և ապացույցների վրա հիմնված պետական ներդրումների որոշումները կբարելավեն կապիտալ ծախսերի որակը: Նշվում է նաև, որ խոցելի խմբերի հասցեական թիրախավորման բարելավումը պահանջվում է ավելի արդյունավետ և էֆեկտիվ սոցիալական ծախսերի համար, որոնք ծախսերի իմաստով Հայաստանի համար մեծությամբ երկրորդն են շարունակում մնալ։ Առողջապահական ծախսերի անարդյունավետության հաղթահարումը կնվազեցնի առողջապահական ընդհանուր ծախսերը և գրպանից կատարվող ծախսերը, որոնք ամենաբարձրն են աշխարհում, և լրացուցիչ բուֆեր կստեղծի՝ տնտեսական ցնցումների կամ ճգնաժամերի դեպքում։

«Սոցիալական պաշտպանության և առողջապահության ոլորտում հանրային ծախսերի մակարդակի և արդյունավետության բարելավումը կարող է երկարատև օգուտներ բերել։ Սա, իր հերթին կարող է հանգեցնել սոցիալական ծառայությունների ավելի լայն և ավելի լավ ծածկույթի՝ այդպիսով թույլ տալով ավելի լավ թիրախավորել ամենաաղքատ և առավել խոցելի խավերին», – նշեց Համաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) մարդկային զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկին։

Զեկույցի առաջարկությունները քննարկելու համար մեկնարկային միջոցառման շրջանակում նաև անցկացվեց նախարարների մակարդակով փորձագիտական քննարկում մարդկային կապիտալի զարգացման թեմայով՝ թե ինչպես Հայաստանը կարող է սոցիալական և առողջապահական ոլորտներում բարելավել իր ծախսարդյունավետությունը: Փորձագիտական քննարկումը վարում էր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը, հրավիրված խոսնակներն էին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Աննա Ժամակոչյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ և Համաշխարհային Բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանայի մարդկային զարգացման գծով տնօրեն Միխալ Ռուտկովսկին։

«Կառավարության կառուցվածքում չկա մի մարմին, որը կգնահատի պետական գումարների ծախսման արդյունավետությունը։ Կան համապատասխան մարմիններ, որոնք գնահատում են հանրային ծախսերի իրավաչափությունը, հանձնարարականների կատարումը, սակայն արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից դեռ շատ բան ունենք անելու։ Մենք ունենք խորը գիտակցում, թե որքան կարևոր է այս հարցը։ Շնորհակալություն եմ հայտնում Համաշխարհային բանկին և ցանկանում եմ բոլորիս արդյունավետ քննարկում»,- նշեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բացման խոսքում։

Հրավիրված բանախոսները քննարկեցին ավելի լավ թիրախավորված սոցիալական աջակցության ծրագրի խնդիրները և հնարավոր լուծումները, ռազմավարական գնումների ապահովման ճանապարհները առողջապահության համակարգում, դեղագործական շուկայի և գների բարձրացման կարգավորումը, ինչպես նաև քննարկեցին տարածաշրջանում կառավարության բարեփոխումների իրականացման ընդհանուր օրինաչափությունները և մարտահրավերները։

Համաշխարհային Բանկը ներկայումս Հայաստանում ֆինանսավորում է 10 ծրագիր՝ 500 մլն ԱՄՆ դոլարի չափով։ 1992թ-ին Հայաստանում գործունեությունը մեկնարկելուց ի վեր ՀԲ-ն 2․7 մլրդ ԱՄՆ դոլար է տրամադրել Միջազգային Զարգացման Ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր Հայաստանը դարձավ 2023թ-ին, Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից (ՎԶՄԲ),  հոգաբարձուների հիմնադրամներից։ Համաշխարհային Բանկը հանձնառու է շարունակել աջակցել Հայաստանին՝ վերջինիս զարգացման ճանապարհին՝ ուղղված դեպի աղքատության կրճատումը և համատեղ բարգավաճումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930