Լրահոս
Օրվա լրահոսը

«5 մլն տալիս եք սահմանամերձ համայնքներին, որ բլինդաժ ու ապաստարան կառուցեն, բայց հազարավոր հա տարածքներ մնացել են թշնամու տիրապետության տակ». Արման Ղազարյան

Նոյեմբեր 10,2023 13:49

Այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը:

Վաչե Տերտերյան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ 2016-ին այս օրենքն ընդունվել է՝ իր բովանդակության մեջ էական սահմանափակումով. «Մենք այն ժամանակ նպատակահարմար գտանք, որ օրենքի գործունեության մեջ մտնելու պարագայում որեւէ համայնք ավելի մեծ դոտացիոն ֆոնդ չունենա, քան ունեցել է 2016-ին: Այս թեզն իրացնելու համար մենք օրենքը անցումային դրույթներով լրացրեցինք եւ օրենքն ամբողջությամբ չգործեց: Օրենքի բովանդակությունը հետեւյալն էր՝ ոչ միայն համահարթեցվեն եկամտային ունակությունները, այլ նաեւ հաշվի առնվեն համայնքների ծախսային կարիքները: Մասնավորապես՝ Երեւանից, մարզկենտրոնից հեռավորությունը, բնակչության տարիքային կազմը եւ այլն: Այդ մոտեցման որդեգրման արդյունքում ստացվում էր, որ ավելի բարձր եկամտային կարիքներ ունեցող եւ ծախսային կարիքների միջինացվածին մոտիկ պարամետրեր ունեցող համայնքներում դոտացիոն ֆոնդերի հոսք էր տեղի ունենում դեպի սահմանամերձ, բարձր լեռնային ավելի փոքր համայնքներ, նաեւ խոշորացված համայնքներ, որովհետեւ շատ կարեւոր էր բազմաբնակարանության եւ մասշտաբի գործոնը»:

Տերտերյանն ասաց, որ հիմա արվել են մի քանի նոր շեշտադրումներ. առաջինը` փոքրաթիվ բնակչությամբ, այսինքն՝ մինչեւ 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրվի 50-ական մլն դրամ: Այսինքն, 400 մլն դրամ կհատկացվի այդ համայնքներին դոտացիոն ֆոնդից: Դրանք հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն են: Առաջ նրանց տալիս էին 3,5 մլն, հիմա՝ 50 մլն: Երկրորդ`համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչուրին հատկացվելու է լրացուցիչ 5 մլն դրամ. «Այդ բնակավայրերում կան անվտանգային որոշակի խնդիրներ, հատկապես, որոնք վերաբերում են ՏԻՄ խնդիրներին, դրանք ապաստարաններն են, առաջին անհրաժեշտության որոշ բաներ»,- ասաց Տերտերյանը եւ ներկայացրեց երրորդ շեշտադրումը՝ աճել է մարզկենտրոնից եւ Երեւանից հեռավորության գործակիցը, որը կազդի դոտացիա ստանալու գումարի ավելացմանը:

Վաչե Տերտերյանն ասաց, որ կարեւոր մի փոփոխություն էլ են արել՝ նախկին օրենքում բնակչության քանակի միջակայքեր էին սահմանել՝ մինչեւ 3500 բնակիչ, 3500-5000, 5000-50.000 բնակիչ, 50-150.000 եւ դրանից ավելի: Ըստ այդմ` որոշել էին մասշտաբի գործակիցներ՝ 1, 1.5, 2 եւ այլն: Հիմա խոցելի համայնքները՝ 3500-20.000 բնակիչ ունեցողները, որոնք հիմնականում խոշորացման մեջ չմտածներն են, մասշտաբի գործակիցը դրվել է 2.8, իսկ 20.000-50.000 բնակիչ ունեցողների գործակիցը մնացել է 2, 50.000-200.000 բնակիչ ունեցողներինը դարձրել են 1,5 եւ 200 հազարից ավելի բնակիչ ունեցողներինը՝ 1: 200 հազարից ավելի բնակիչ ունի միայն Երեւանը:

Արման Ղազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հարցրեց. «Դոտացիաները փոխվել են, բայց հաշվի առնվե՞լ է այն, որ շատ սահմանամերձ համայնքներ անցել են թշնամու տիրապետության տակ: 5 մլն տալիս եք, որ բլինդաժներ, ապաստարաններ կառուցեն, բայց հազարավոր հեկտար տարածքներ կան՝ վարելահողեր, որոնք մնացել են թշնամու տիրապետության տակ կամ անվտանգային առումով հնարավոր չէ մշակել, բայց դոտացիան տալուց հաշվարկում եք՝ որպես հողատեսք, այդ հարցը ո՞նց եք կարգավորում»:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ այդ հարցը 92 թ-ից որոշակի կարգավորում ունեցել է. «Մասնավորապես, Տավուշում ունեինք նման հողատեսքեր, բայց մենք հիմա խոսում ենք մեխանիզմի մասին: Դուք խոսում եք հողի օգտագործման անվտանգության մասին, դա մի քիչ այլ խոսակցություն է»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930