Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ բնակավայրերին եւս 3 տարի աջակցություն կտան. 82 համայնքի մեջ մտնո՞ւմ են այն բնակավայրերը, որոնք նոր են դարձել սահմանամերձ

Նոյեմբեր 10,2023 12:55

Այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» նախագիծը: Այս օրենքի ժամկետը մինչեւ 2024թ էր, հիմա կառավարությունն առաջարկում է ժամկետը երկարացնել մինչեւ 2027թ:

Վաչե Տերտերյանն ասաց. «Ակնհայտ է, որ սահմանամերձ բնակավայրերն ունեն սոցիալական աջակցության կարիք հատկապես վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Կարծում ենք, որ աջակցության կարիք դեռեւս կա»: Ըստ այդ աջակցության, կառավարությունը, առանձին որոշմամբ սահմանված 82 սահմանամերձ բնակավայրերում 50%-ով փոխհատուցում է բնական գազի, էլեկտրաէներգիայի որոշ սահմանաչափերի, ոռոգման եւ խելու ջրի համար: Բացի այդ, կան որոշ արտոնություններ պատերազմի, ռազմական գործողությունների հետեւանքների մեղման եւ փոխհատուցման վերաբերյալ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հարցրեց՝ այդ 82 համայնքը ո՞ր թվականին է որոշվել, արդյոք ընդգրկվե՞լ են այն համայնքները, որոնք վերջին պատերազմից, ռազմական գործողություններից հետո դարձել են սահմանամերձ, այդ թվում՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի համայնքները: Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Ընդգրկված են Սյունիքի մարզից շատ համայնքներ, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզից շատ համայնքներ, որոնք մեր հրապարակային խոսույթում գիտենք, որ լարված իրավիճակներում հայտնվել են որպես սահմանամերձ համայնք, բայց պիտի հիշենք, որ այս ցանկը մենք սահմանում ենք որոշակի չափանիշներով: Այդ չափանիշների մեջ ընկնող համայնքները ցանկում ընդգրկված են: Ես այդ չափանիշների մասին կխուսափեմ բարձրաձայն ասել, բայց կախված է վտանգավորության աստիճանից: Գիտեք, որ օրենքով կա սահման, սահմանային շերտ, սահմանամերձ, դրանք սկսում են 5 կմ եւ ավելիից: Մենք այդ չափանիշով չենք այս բնակավայրերը սահմանել 2014-ին եւ մինչեւ հիմա այդ 2014-ի սահմանած չափանիշը փորձում ենք պահել, որովհետեւ հակառակ դեպքում մեր երկրի համայնքների մի շատ զգալի մաս կհայտնվի այդ կարգավիճակում: Իսկ այդ կարգավիճակը ամենաէֆեկտիվ ու ամենալավ կարգավիճակը չի խնդիրներ լուծելու: Իսկ Սյունիքի մարզի համայնքները՝ Ներքին Հանդը եւ այդ թեւի բոլոր համայնքները ընդգրկվել են այդ դեպքերից հետո՝ կառավարության որոշմամբ»:

Արման Ղազարյանը արձագանքեց. «Ես լավ չհասկացա: 2014-ից հետո Վարդենիսում, ինչքան էլ մենք փորձենք չբարձրաձայնել, կան համայնքներ նույնանման, որտեղ մի համայնք սահմանամերձի արտոնությունից օգտվում է, կողքի համայնքը, եւ՛ բարձրությամբ, ե՛ւ աշխարհագրական դիրքով, ե՛ւ սահմանամերձ լինելով՝ չի օգտվում: Այդ համայնքները ընդգրկվե՞լ են այս ցանկում, թե՞ ոչ»:

Տերտերյանը պատասխանեց, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի բոլոր բնակավայրերը, որոնք իրենց սահմանած չափորոշիչներով են, ընդգրկված են. «2014-ից հետո մոտեցումը նույնն է մնացել, որովհետեւ այն ժամանակ էլ էին համայնքները ընդգրկվում վտանգավորությունից, ոչ թե ֆիզիկական տեղից»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930