Մեր զրուցակիցն արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն է:
– Վերջին շրջանում տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ ճաղերի ետեւում են հայտնվում՝ իրենց խոսքի համար: Իշխանությունը դա գնահատում է որպես բռնության կոչ, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները կամ համակիրները ավելի կոշտ գրառումներ են անում, սակայն նրանց նկատմամբ գործեր չեն հարուցվում, իսկ ընդդիմադիրներին կալանավորում են:
– Մենք երբեմն ասում ենք, որ օրենսդրության կիրառումը մեզանում երկակի ստանդարտներով է գործում, սա այն դեպքն է, որ անգամ չենք կարող ասել՝ երկակի ստանդարտներ, սա ուղղակի իրավակիրառման ցինիզմ է, օրենքի նկատմամբ արհամարհանք` բառի բուն իմաստով: Տասնյակ ընդդիմադիր քաղաքացիներ քրեական հետապնդումների եւ պատասխանատվության են ենթարկվում Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով` բռնության կոչեր անելու համար․ հրապարակային կոչերի եւ քարոզի մասին է խոսքը: Այսինքն` մարդիկ մեղադրվում են իբրեւ բռնություն քարոզելու համար: Այս իշխանությունները հարցին առավել խիստ երանգներ տալու համար այդ ամենը դիտարկում են նույն հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով: Նախօրեին էլ նման մեղադրանք են առաջադրել Արագած Ախոյանին, դրանից առաջ՝ Տաթեւ Արցախի ու շատ այլ ուրիշ անձանց դեմ: Այսինքն` Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածը սրանք իրենց ձեռքի մուրճն են սարքել` մարդկանց լռեցնելու համար: Համեմատության համար կարող եմ հետեւյալ օրինակները բերել. ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հրապարակավ ականջ եւ լեզու կտրելու կոչեր արեց, սա ե՛ւ բռնության կոչ էր, ե՛ւ, կարելի է ասել, խուլիգանական արարք էր, բայց, ինչպես տեսանք, ոչինչ տեղի չունեցավ այդ անձի հետ, բայց նույն արցախցի Տաթեւիկ Վիրաբյանին` Տաթեւ Արցախին կալանավորեցին, քանի որ նա ուղղակի ինքնապաշտպանական նպատակներով կոչ էր արել հավաքվել հրապարակում: Այդ ամենը կարող ենք դիտարկել բոլոր ընդդիմադիր մարդկանց լռեցնելու փորձ:
– Առհասարակ, Ֆեյսբուքում գրառում անելը կարո՞ղ է բռնության կոչ դիտարկվել:
Կարդացեք նաև
– Բռնության կոչը, ամեն դեպքում, բավարար չէ մարդուն կալանավորելու համար: Անձը նախ պետք է հնարավորություն ունենա՝ կոչերն իրագործելու համար: Հրապարակային կոչը չի կարող ենթադրել կոնկրետ բռնություն: Բայց օրվա իշխանությունների մեջ վախն այն աստիճան է խորացել, որ ցանկացած ընդդիմադիր գրառում դիտարկում են բռնության կոչ: Գործնականում կան տարբեր պատժի տեսակներ, մի պահ ընդունենք՝ իսկապես կա հանցագործություն, ինչպե՞ս են կալանքն ընտրում որպես խափանման միջոց: Դա ամենածանր խափանման միջոցն է եւ պետք է միայն կիրառել այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցներն իրենց չեն արդարացնում: Կալանքն այս պարագայում ունի ընդդիմադիրներին պատժելու նպատակ: Դրա համար էլ բոլորին անմիջապես կալանավորում են:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: