Բարձրագույն դատական խորհրդում ստացվել էր հոկտեմբերի 2-ին դատավորների ընդհանուր ժողովի «Էթիկայի եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու մասին» որոշումը:
Դատավոր Արտաշես Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը քաղաքացիական գործով «Ֆուդո» Հ/Ձ ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Պետրոսյանի հաղորդումն է:
Սնանկության դատավոր Արտաշես Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, սակայն սեպտեմբերի 23-ի որոշմամբ այն երկարաձգվել է:
ԲԴԽ-ն նիստը նշանակել էր հոկտեմբերի 31-ին: Նոյեմբերի 6-ին ԲԴԽ-ն հրապարակել է դատավորի վերաբերյալ իր որոշումը: Դատավորին հայտարարվեց նախազգուշացում, ասվեց, որ նախ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, չի պահպանել իրավական որոշակիության սկզբունքը, առերեւույթ թույլ տարով հաղորդում ներկայացրած անձի դատական պաշտպանության իրավունքների խախտում, սահմանափակելով դրա իրացումը:
Կարդացեք նաև
Նույն օրը հրապարակվեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը: Ուշագրավն այն է, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել փաստաբաններ Նարինե Բեգլարյանի, Սոֆյա Խառատյանի, Մարիամ Սանթրոսյանի հաղորդումը:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի այս տարվա հուլիսի 7-ի թիվ 54-Ա որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, իսկ սեպտեմբերի 1-ի թիվ 64- Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ գործի քննությունը երկարաձգվել էր: Դատավորին, որը օրենքով սահմանված ժամկետներ էր խախտել, ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց:
Ըստ այդ որոշման, դատավորը հայցադիմումը վերադարձնելու օրվանից թույլ է տվել դատավարական ժամկետների խախտումներ, ինչը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնների խախտմանը: Տույժի տեսակ ընտրելիս «ԲԴԽ-ն հաշվի էր առել դատավորի անձնական որոշակի հանգամանքներ, որոնք վերաբերում էին բացառապես դատավորի գործունեության ընթացքին»:
Իսկ ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը դեմ է քվեարկել որոշմանը, հայտնել Հատուկ կարծիք, գտնելով՝ «դատավորին վերագրված արարքները նվազ կարեւորության էին»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.11.2023