Երիկամների նորմալ գործունեությունը չափազանց կարևոր է մարդու առողջ կենսագործունեության համար, իսկ երբ խաթարվում է այդ զույգ օրգանների աշխատանքը, օրգանիզմն ահազանգում է այդ մասին ամենատարբեր եղանակներով․ մարդուն մնում է միայն ուշադիր լինել և ժամանակին կանխարգելիչ քայլեր կատարել՝ առողջական ավելի մեծ խնդիրները շրջանցելու համար։
Երիկամների խնդիրների մասին հուշող ախտանշանները
Մշտական հոգնածություն
Երիկամները ֆիլտրում են արյան մեջ առկա թափոններն ու դուրս բերում դրանք օրգանիզմից մեզի միջոցով։ Երբ երիկամները լավ չեն աշխատում, օրգանիզմում սկսում են կուտակվել թունավոր նյութեր՝ առաջացնելով մշտական հոգնածության վիճակ, թուլություն, ուշադրության կենտրոնացման հետ կապված դժվարություններ։ Երիկամների կողմից արտադրվող հորմոնը խթանում է էրիթրոցիտների արտադրությունն օրգանիզմում, և երբ այդ գործընթացը խաթարվում է, առաջանում է էրիթրոցիտների անբավարարություն, մկաններն ու գլխուղեղը չեն ստանում արյուն այն քանակությամբ, որքան որ իրենց անհրաժեշտ է։
Կարդացեք նաև
Քնի վատ որակ
Որոշ հետազոտություններ հնարավոր կապեր են նկատել քնի ապնոէի ու երիկամների քրոնիկ հիվանդության միջև, որը ժամանակի ընթացքում վնասում է նաև այլ օրգաններն ու կարող է երիկամային անբավարարության հանգեցնել։ Քնի ապնոէն կարող է մասամբ վնասել երիկամները՝ թույլ չտալով օրգանիզմին բավարար քանակությամբ թթվածին ստանալ, երիկամների քրոնիկ հիվանդությունն էլ իր հերթին կարող է քնի ապնոէի զարգացման պատճառ դառնալ։
Մաշկի քոր
Մաշկի քորն առաջանում է, երբ երիկամները չեն կարողանում դուրս բերել օրգանիզմից տոքսիններն, ու դրանք կուտակվում են արյան մեջ։ Դա կարող է մարմնի ցանի ու քորի պատճառ դառնալ։ Նպաստող հանգամանքներից մեկն էլ այն է, որ ժամանակի ընթացքում խնդիրներ ունեցող երիկամներն այլևս ի զորու չեն լինում ապահովել օրգանիզմում սննդանյութերի հավասարակշռությունը, որն էլ դրսևորվում է նաև մաշկի չորությամբ ու քորով։
Դեմքի, ձեռքերի և ոտքերի այտուցվածություն
Երբ երիկամներին չի հաջողվում լիարժեքորեն ֆիլտրել նատրիումը, օրգանիզմում հեղուկ է կուտակվում․ դա կարող է հանգեցնել ձեռքերի, ոտքերի, դեմքի այտուցման։ Այտուցն ավելի հաճախ է հանդիպում կոճերի ու ոտնաթաթերի շրջանում։ Իսկ սպիտակուցի կուտակումը դրսևորվում է աչքերի շրջանի այտուցվածությամբ։
Մկանային կծկումներ
Ոտքերի և մարմնի այլ հատվածների ջղակծկումները կարող են խոսել երիկամների վատ աշխատանքի մասին։ Նատրիումի, կալցիումի, կալիումի և այլ էլեկտրոլիտների անհավասարակշռությունը կարող է խաթարել մկանների ու նյարդերի նորմալ աշխատանքը։
Հևոց
Հիվանդ երիկամների դեպքում օրգանիզմում բավարար քանակությամբ չի արտադրվում Էրիթրոպոետին կոչվող հորմոնը, որն անհրաժեշտ է էրիթրոցիտների սինթեզի համար։ Իսկ էրիթրոցիտների անբավարարությունը հղի է սակավարյունության զարգացման վտանգով։ Ախտանշաններից է նաև հևոցը, երբ մարդը դժվարանում է շունչ քաշել։ Հևոցի առաջացման մեկ այլ պատճառ էլ կարող է լինել օրգանիզմում հեղուկի կուտակումը։ Ծանր դեպքերում պառկած վիճակում մարդու մոտ խեղդվելու զգացողություն է առաջանում։
«Մշուշոտ» գլուխ
Երբ երիկամներին չի հաջողվում օրգանիզմից դուրս բերել թափոնները, տոքսինները կարող են ազդել գլխուղեղի վրա։ Ինչպես նաև սակավարյունության պատճառով գլխուղեղը կարող է զրկվել բավարար քանակով թթվածին ստանալու հնարավորությունից։ Դա դրսևորվում է գլխապտույտով, ուշադրության կենտրոնացման ու հիշողության հետ կապված խնդիրներով, գխի մեջ «մշուշի» զգացողությամբ։
Վատ ախորժակ
Երիկամների հիվանդությունները կարող են սրտխառնոց, փսխում, ստամոքսի խանգարում առաջացնել՝ նվազեցնելով մարդու ուտելու ցանկությունը։ Երբեմն դա նաև քաշի կորստի պատճառ է դառնում։
Բերանի տհաճ հոտ
Օրգանիզմում թափոնների կուտակումը կարող է դրսևորվել նաև բերանի տհաճ հոտով։ Դրանից բացի արյան մեջ կուտակված տոքսինների պատճառով մարդը սննդից կարող է մետաղական կամ պարզապես տհաճ համ զգալ։
Փրփրուն, մուգ կամ արյան հետքերով մեզ
Փրփրուն մեզը կարող է հուշել ալբումին կոչվող սպիտակուցի կուտակման մասին, որը երիկամների խնդիրների մասին ահազանգող գործոններից մեկն է։ Նույնը վերաբերում է մեզի մուգ գույնին։ Երիկամների գործառույթների խանգարումների պատճառով մեզի մեջ կարող է արյուն հայտնվել։ Արյունոտ մեզը կարող է հուշել երիկամային քարերի, վարակների, բորբոքման, ուռուցքների առկայության մասին։
Ծանուցում․ նյութն ընդյանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ WebMD