Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ու Բաքուն Երեւանին դրդում են բոյկոտել Արեւմուտքի հետ բանակցությունները

Նոյեմբեր 10,2023 12:00

«Որպես Գերմանիա՝ մենք նույնպես զգում ենք, թե ինչքանով ենք կախված Ռուսաստանից, եւ գիտենք Հայաստանի մասով եւս, բայց մի օրում դա չի փոխվելու, բայց պետք են ամուր գործընկերներ», Բերբոքի երեւանյան ուղերձը

Նոյեմբերի 3-ին Երեւան ժամանեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը: ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցությունների օրակարգում հայ-գերմանական երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերն էին: Երեւանից Բերբոքը մեկնեց Բաքու: Սա Բերբոքի՝ Հայաստան եւ Ադրբեջան՝ առաջին, իսկ տարածաշրջան` երկրորդ այցն էր, գարնանը նա Վրաստանում էր։

Ցանկանում ենք պայմաններ ստեղծել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, անվտանգության ու կայունության համար՝ հիմք ընդունելով երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, Երեւանում ասաց Գերմանիայի ԱԳ նախարարը` հավելելով. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղության համար չկա այլ ճանապարհ, քան բանակցությունների սեղանը։ Սահմանագծման հարցում շատ տարբեր խնդիրներ են առաջանում, թե ինչպե՞ս է պետք վարվել տարբեր քարտեզների հետ։ Երեւանը եւ Բաքուն ջանքեր են գործադրում այս ուղղությամբ, որը հույս է արթնացնում, որ դուք կարող եք հանգել խաղաղ լուծման»։ Բերբոքը նաեւ նշեց. «Այս ճանապարհից հետ դառնալը կնշանակի գործել այն դերակատարների օգտին, որոնք, գործելով այսպես կոչված «ազդեցության գոտում», փորձում են սեփական շահերը առաջ մղել։ Երկար ժամանակ ԵՄ-ը հանդես է գալիս որպես անաչառ միջնորդ այս ճանապարհին, համոզված եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունները կհանդիսանան ամենակարճ կամուրջը դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում։ Այդ պատճառով կարեւոր է, որ առաջիկայում տեղի ունենա բանակցությունների հաջորդ փուլը»:

Թեեւ պաշտոնական Բաքուն վերջերս բոյկոտում է ԵՄ միջնորդությամբ Հայաստանի հետ հանդիպումները, այնուամենայնիվ, Բերբոքը հույս հայտնեց, որ Եվրոպական խորհրդի նախագահի ջանքերը զուր չեն անցնի եւ բանակցային գործընթացը կվերսկսվի։ Իր հերթին Արարատ Միրզոյանը կարեւորեց Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ հիշեցրեց Բերբոքի սեպտեմբերի 19-ի հայտարարությունը, թե «Բաքուն խախտել է ռազմական գործողություններից զերծ մնալու խոստումը»։ «Հնարավոր ոճրագործության հիմնավոր վախի պատճառով բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից, զուգահեռ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ են պահվում հայ ռազմագերիներ եւ ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք: Ցանկանում եմ մեջբերել սեպտեմբերի 19-ին լեռնային Ղարաբաղում զարգացումների կապակցությամբ Ձեր արձագանքից՝ «ռազմական գործողություններից զերծ մնալու Բաքվի խոստումը խախտվեց», այո, ցավոք, դա այդպես էր: Այս գործելաոճի մերժման ուղղությամբ անկեղծ ու գործուն ջանքերն են, որ կարող ենք իսկապես նպաստել տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատմանը», – ասաց նա: Միրզոյանը կրկին շեշտեց, որ չնայած բոլոր բարդություններին, Երեւանն ունի քաղաքական կամք խաղաղություն հաստատելու համար։

«Ես հանդես եմ գալիս, որ էսկալացիա տեղի չունենա այս տարածաշրջանում, որ այս պատուհանն օգտագործվի խաղաղության համար», – նշեց Գերմանիայի ԱԳ նախարարը, որն ուղիղ չպատասխանեց հարցին, թե արդյոք Գերմանիան պատրա՞ստ է կանգնեցնել նավթի ու գազի ներկրումը եւ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, եթե հարձակում տեղի ունենա Հայաստանի վրա։ «Գերմանիան պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ կանգնած է այդ երկու երկրների կողքին, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի», – ասաց նա։ «Որպես Գերմանիա՝ մենք նույնպես զգում ենք, թե ինչքանով ենք կախված Ռուսաստանից, եւ գիտենք Հայաստանի մասով եւս, բայց մի օրում դա չի փոխվելու, բայց պետք են ամուր գործընկերներ, մեր էներգետիկ կախվածությունից մենք ինքներս ազատվել ենք», – նկատեց նա։

Այնուհետեւ Գերմանիայի արտգործնախարարը եւ դեսպան Վիկտոր Ռիխտերը այցելեցին Երասխ: Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հայտնեց, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին ներկայացրել է տեղում տիրող իրավիճակը: Գերմանիայի արտգործնախարարությունն էլ X սոցիալական հարթակում նշեց. «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ապահովում է կայունություն եւ նպաստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորմանը»:

Երեւանում բանակցություններից հետո Անալենա Բերբոքը Բաքու մեկնեց, որտեղ նոյեմբերի 4-ին նրան ընդունեց Իլհամ Ալիեւը: Բերբոքի՝ Ադրբեջան կատարած այցը սկանդալներով զուգորդվեց։ Առաջին սկանդալը Ադրբեջանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ տեղի ունեցավ, երբ Բերբոքը, հայտարարելով, թե Գերմանիան անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի հանդեպ, իր խոսքում օգտագործեց Ստեփանակերտ եւ Շուշի տեղանունները։ Այս փաստն ակնհայտորեն դուր չէր եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, որն այսպես հակադարձեց. «Մենք, իհարկե, բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ տիկին նախարարը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա հետ մեկտեղ տիկին Բերբոքը երբ խոսում էր Շուշայի եւ Խանքենդիի մասին, այդ քաղաքների հետ կապված այլ տեղանուններ օգտագործեց։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի տեղանունների ռեեստրում երկրորդ անվանումներ, որոնք հնչեցին Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքում, գոյություն չունեն։ Այնպես որ, կոչ եմ անում նախարարին հարգանք ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ»։

Մյուս սկանդալն առնչվում էր Գերմանիայի ԱԳ նախարարի եւ բռնի տեղահանվածների շփումներին։ Ասուլիսում Բերբոքը բավական մանրամասն խոսում էր Հայաստանում պատսպարված արցախահայերի հետ հանդիպումների մասին։ Դրան ի պատասխան՝ ադրբեջանցի լրագրողներից մեկը Բերբոքին հարցրեց, թե արդյո՞ք նա հանդիպել է նաեւ ադրբեջանցի փախստականների հետ, ինչին գերմանական դիվանագիտության ղեկավարը դրական պատասխան տվեց։ Ըստ «Ազատության», նշյալ աղմուկից հետո` Ադրբեջանի պաշտոնական Azertag գործակալությունը հերքել է Բերբոքի նշյալ հայտարարությունը՝ պնդելով, թե Գերմանիայի ԱԳ նախարարը որպես ադրբեջանցի փախստականների հետ շփում է ներկայացրել Բաքվի ռեստորաններից մեկում կազմակերպված իր հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հաջորդ ուշագրավ պահն այն էր, որ Բերբոքի եւ Բայրամովի ասուլիսի ընթացքում, Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, թե վերջին շրջանում այն կրկին դոփում է տեղում. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի կողմից ձեռնարկվող ոչ կառուցողական եւ հակասական քայլերը դանդաղեցրել են այդ գործընթացը։ Այժմ մենք սպասում ենք հայկական կողմի առաջարկներին»։

Մեղադրանքը, թե հարաբերությունների կարգավորման հեռանկարները հիմնականում կախված են պաշտոնական Երեւանի մոտեցումներից, Բայրամովը սկսել է հաճախակի հնչեցնել: «Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա հիմնված այդ կարգավորումը ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի շահերին կծառայի, այլեւ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս դեռեւս չիրացված հնարավորությունների օգտագործման հեռանկար կապահովի։ Օգտվելով առիթից՝ ես մեկ անգամ եւս ցանկանում են ընդգծել Ադրբեջանի օրակարգի խաղաղ բնույթը, որը հիմնված է կողմերի շահերի փոխադարձ հարգանքի վրա։ Հակառակ կողմից մենք կառուցողական մոտեցումներ եւ փոխադարձության վրա հիմնված քայլեր ենք ակնկալում։ Հուսով ենք, որ համապարփակ տարածաշրջանային կարգավորման, համագործակցության եւ առաջընթացի այս առանձնահատուկ հնարավորությունը մեկ անգամ եւս չի մսխվի», – ասել է Բայրամովը։

Գերմանիայի արտգործնախարարի ներկայությամբ պաշտոնական Երեւանի ուղղությամբ հնչեցրած «դժգոհությունից» հետո Բաքուն Հայաստանին կոչ արեց «դրսեւորել կառուցողական դիրքորոշում եւ ըմբռնել տարածաշրջանի իրողությունները»: Հավատարիմ լինելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրմանը՝ Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում կառուցողական եւ արդար դիրքորոշում դրսեւորել խաղաղ գործընթացում եւ ճիշտ ըմբռնել տարածաշրջանային իրողությունները, ասվում է օրերս Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարածած հայտարարությունում: «Հայկական կողմը պետք է վերջապես գիտակցի, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասվում է փաստաթղթում։

Ըստ ադրբեջանական լրատվական գործակալությունների, Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հայտարարությունը հրապարակել է «նոյեմբերի 8-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ»։ Պաշտոնական Բաքուն ուղղակի մեղադրում է Հայաստանին. «դեռեւս ընտրում է խաղաղ պայմանագրի բանակցություններին խոչընդոտելու ճանապարհը», «խոչընդոտում է խաղաղ գործընթացը», «վտանգում է Ադրբեջանի քաղաքացիների կյանքը», «խոչընդոտում տարածաշրջանի վերականգնումը»: Եվ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության վերջին մեղադրանքը` «Հայաստանը դեռ չի փոխանցել Ադրբեջանին 8 գյուղերը, որոնք տակավին դեռ օկուպացված են»։

Այսպես, պաշտոնական Բաքուն հայկական կողմին է պաշտոնապես մեղադրում խաղաղության հաստատման գործընթացը փակուղում պահելու մեջ, հիշեցնելով, որ հայկական կողմը դեռեւս չի արձագանքել Ադրբեջանի վերջին առաջարկներին։

Արեւմուտքի հովանու ներքո անցկացվող բանակցություններից խուսափող Ադրբեջանին, ինչպես միշտ, օգնության է հասնում Ռուսաստանը, որտեղից օրերս հնչեց խիստ նախազգուշացում: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ելույթ ունենալով ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, հայտարարել է, թե հայ-ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն, եթե դրան չմիջամտեն ոչ տարածաշրջանային երկրները. «Պրակտիկան է դա ցույց տալիս: Արեւմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա եւ նպաստում են հակասությունների պահպանմանը»: Մինչդեռ Ռուսաստանը, ըստ Պատրուշեւի, հետեւողական քայլեր է ձեռնարկում, որ Երեւանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն, տեղի ունենա սահմանազատում, բացվեն տրանսպորտային հաղորդակցությունները:

Նկատենք, որ Մոսկվայում կայացած հավաքին այս անգամ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չմասնակցեց: Պաշտոնական Երեւանը որեւէ պատճառ չնշեց, իսկ Պատրուշեւը հայտնեց, թե հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ժամանել էր Բաքու, որտեղ անցկացվեցին ռուս-ադրբեջանական անվտանգության պլանային խորհրդակցություններ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը քննարկվել էր` «միջազգային անվտանգության ամրապնդման հարցերը»: ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնեց. «Բաքվում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության, կայունության ապահովման ու ամրապնդման ուղղությամբ հարցերը»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930