Հայ ժողովրդի անտարբեր հատվածը թալանը շփոթում է հայրենիքի փրկության հետ
30 տարուց ավելի է, ինչ նորանկախ Հայաստանում՝ մինչ այսօր տիրում է աներեւակայելի ալան-թալան: Ում ձեռն ինչ պաշտոն ու այլ լծակներ եղել է, կա եւ ցանկանում ու կարողանում է, անում է առավելագույն թալան ու շարունակում է հանգիստ խղճով ապրել, թքած, թե ում եւ ինչ ունեցվածք է թալանում: Իրականում, դրանց հայտնաբերումը բավականին բարդ ու դժվարին է: Կարելի է գոնե երկու ճանապարհ նշել. կամ պետք է ուսումնասիրվեն դեռեւս չմահացած՝ բոլոր նախկին ու ներկա պաշտոնյաների ունեցվածքի ծագումնաբանությունը եւ պատմությունը, կամ իրավասու մարմինները շրջեն Հայաստանով մեկ, նայեն մարդկանց կառուցած տները, ուսումնասիրեն նրանց ունեցած բիզնեսներն ու վերլուծելով ունեցած վիճակը եւ տեղեկատվությունը, շարունակեն ուսումնասիրությունը: Սա է միակ ճանապարհը՝ եղած թալանն աստիճանաբար, ինչպես նաեւ ընթացիկ թալանը հայտնաբերելու եւ պետական բյուջե ներարկելու համար: Բնական է, որ սա է միակ հնարավորությունը մեզ նման աղքատ ու փոքրիկ երկիրը փրկելու եւ այն աստիճանաբար ապրեցնելու համար:
Կփորձեմ վերջապես պատասխանել 2020թ. 44-օրյա պատերազմից մինչ այսօր պտտվող այն հարցին, թե տեղի ունեցածն ինչու դաս չեղավ մեր ժողովրդի համար եւ նա անգամ հայրենիքի նկատմամբ կարծես անտարբեր դարձավ:
Պատճառները շատ են. փողի նկատմամբ ունեցած մոլուցք, ուրիշի ցավի նկատմամբ եղած անտարբերություն, չնայած այս պարագայում այդ մարդկանց ցավն առաջացել է նաեւ հենց այդ ուրիշի՝ անտարբեր մարդկանց ընտանիքները փրկելու համար, որոնց մեծ մասն այդպես չի համարում եւ անգամ անամոթաբար հայտարարում է, որ նրանք մահացել, վիրավորվել, անհայտ կորել կամ գերի են ընկել զուտ իրենց համար (նման մոտեցումն անբարոյականության հետ աղերս չունի):
Կարդացեք նաև
Ցավոք, հայ ժողովրդի անտարբեր հատվածը թալանը շփոթում է հայրենիքի փրկության հետ, չհասկանալով մի պարզ բան, որ բոլոր հանգամանքներից ու իրողություններից անկախ, բոլորս մեկ առաջնային պարտականություն ունենք. ամեն գնով նախ սատարել հայրենիքի փրկությանը, հետո միայն զբաղվել մնացած հարցերով, քանզի դրանք չեն փախչում ու անհետանում:
Ցանկացած ժողովրդի համար իր հայրենիքի փրկությունն ամենասուրբ եւ միակ առաջնային նպատակն է … Դժբախտաբար, մեր դեպքում այդպես չեղավ եւ ոչ միայն ժողովուրդը 30-ամյա թալանի շփոթը փոխարինեց հայրենիքի նկատմամբ անտարբերությամբ, այլեւ նրա մի մասը դարձան դավաճաններ եւ էապես նպաստեցին Արցախի ու Հայաստանի մի շարք տարածքների հանձնմանը թշնամուն: Կրկնում եմ, փոխանակ ամեն ինչ թողնեին մի կողքի, մեր ժողովուրդը 30-ամյա թալանը դարձրեց մատի փաթաթան, կարծես հայրենիքն է դրա մեղավորը ու մինչեւ այսօր էլ ընդունել է նեղացածի անտարբեր կեցվածք եւ համարյա ոչնչով չի մասնակցում հայրենիքի փրկության սուրբ գործին: Հատկապես, համարյա բոլոր ունեւորները, հայրենիքի անվան տակ հարստացածները թքած ունեն հայրենիքի վրա, նրանք փող ունեն եւ հայրենիքի ցանկացած կրիտիկական ու վտանգավոր իրավիճակում, կարող են եւ պատրաստ են տոմս վերցնել եւ ընտանիքով լքել Հայաստանը: Ժողովրդի մնացած մասը չի հասկանում, որ ինքը չի կարող եւ տեղ չունի գնալու, քանզի իր միակ տեղը իր հայրենիքն է, այնպես որ, ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ ու նրա նկատմամբ դառնալ անտարբեր եւ այն հանձնել թշնամուն: Թալանի վերաբերյալ հարցերը լուծում են միմիայն հայրենիքի փրկությունից հետո … իհարկե, խիստ հասկանալի է նաեւ, որ 30 տարուց ավելի է, ինչ հայ ժողովուրդը ոչ թե ապրում է, այլ «գոյատեւում» է միմիայն թալանի մամլիչի տակ, սակայն դա պատճառ չէ խռովելու ու հայրենիքը թողնելու անպաշտպան: Բայց եւ, հաստատապես պնդում եմ նաեւ, որ ապրելու՝ երջանկության բանալին, բնավ ունեցվածքը՝ փողը չէ, քանզի իրենք բնավ տեղյակ չեն թալանչիների հոգեվիճակներից … Համոզված եմ, որ նրանց ապրուստը կոպեկ չարժե, քանի որ նրանք ապրում են Աստծո անեծքի տակ, որի մասին նրանց մեծ մասն անգամ չի էլ գիտակցում:
Մեր հայրենիքն այսօր իրական վտանգի առջեւ է կանգնած եւ եթե մեր ժողովուրդը շարունակի իրեն այսպես պահել, ապա սարերի ետեւում չէ այն օրը, որ արագ կկորցնենք մեր հայրենիքը՝ երկիրը, պետականությունը, պետությունը, ժողովրդին …
Պետք է ժողովուրդն արագ ձերբազատվի անտարբերությունից, միակամվի, հիմնովին լծվի հայրենիքի փրկության գործին, իսկ հետագա պաշտոնավարողներն էլ չմոռանան, որ իրենց հիմնական առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն ու փրկությունն է:
Արձանագրենք. մարդիկ այսօր այնքան են տարվել միմիայն իրենց անձնականով ու հեռացել հայրենիքի գաղափարից, որ մեր հայրենիքի այսօրվա գերկրիտիկական, անպաշտպան վիճակը ճիշտ չեն գնահատում, իրենց պահում են բացարձակ անտարբեր, չեն փորձում անգամ գիտակցել, որ այսպիսի շարունակության պարագայում, թուրքը շատ արագ վերցնելու է նաեւ Հայաստանը, մտնելու է իրենց տները եւ նվազագույնը հարճի է վերածելու բոլորի մայրերին, կանանց, քույրերին ու աղջիկներին: Ցավոք, նրանք այդ ժամանակ են միայն հասկանալու կատարվածը, սակայն ամեն ինչ ուշացած է լինելու: Խելքի եկեք, քանի դեռ չեք ուշացել:
Հասկացեք, մարդու ապրած կյանքի ժամանակահատվածն ակնթարթ է: Ավելի լավ է այդ ակնթարթն ապրել սեփական քրտինքով վաստակած կոպեկով, քան թե տիեզերքի չափով թալանած փողերով: Դուք անգամ չեք գիտակցում, որ այդ թալանն էլ եք անում թուրքերի համար եւ դա նույնպես նրանք են վայելելու …
Ասվածը Տիրոջ կողմից սահմանած կյանքի միակ կանոնն է եւ ով շեղվի դրանից, հաստատ հատուցելու է իր արածների համար:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
09.11.2023