Արդեն քանի տարի «Արտդոկֆեստ» փառատոնը արգելված է Ռուսաստանում, ուստի այն անցյալ տարի «արտագաղթել» էր Հայաստան:
«Արտդոկֆեստի արձագանքը Երեւանում» փառատոնի շրջանակում Հայաստանում էր նաեւ փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկին, ում «Գորբաչով. Դրախտ» ֆիլմը ցուցադրվեց Հայաստանում, ռեժիսորն էլ առիթն օգտագործեց խոսելու հայրենիքը լքած ռուս միգրանտների, ռուս-ուկրաինական անարդար պատերազմի եւ այլնի մասին: Նաեւ ասաց. «Պատերազմը մեր բոլորի տանն է» :
Եվ ահա Հայաստանում քանիցս ջերմ ընդունելություն վայելած Մանսկին վերցրել ու Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանից լուսանկար է հրապարակել, ընդ որում՝ ոչ պատահական մի օր, եւ բուռն ոգեւորությամբ գրել է, որ արդեն երկու անգամ իրեն բախտ է վիճակվում Ադրբեջանի «Հաղթանակի օրով» լինել այդ երկրում: Նաեւ գրել է, թե այնքան է տպավորվել առաջին անգամ «Հաղթանակի օրվանից» , որ հիմա եկել է հատուկ նկարելու տոնական մթնոլորտը:
Կարդացեք նաև
Ի դեպ, Վիտալի Մանսկու հիմնադրած փառատոնը մի քանի օրից կրկին հյուրընկալվելու է Հայաստանում՝ նոյեմբերի 23-26-ին: Այս տարի եւս փառատոնի մեկնարկը կտրվի Վիտալի Մանսկու համահեղինակությամբ նկարահանված Восточный фронт կինոնկարով: Ցուցադրություններն էլ կկայանան Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում:
Մի քանի օրից Հայաստան ժամանող Վիտալի Մանսկին, հավանաբար, տեղյակ է, թե ինչ ողբերգական օր է նոյեմբերի 9-ը ողջ հայ ժողովրդի համար, եւ ինչպես են Արցախում հայերը էթնիկ զտման ենթարկվել, սպանվել, ստորացվել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության պատճառով, որովհետեւ ինքը պատերազմներից ու ազգամիջյան կոնֆլիկտներից ցավ ապրող ռեժիսոր է, ինչն անում է Ուկրաինայի, Իսրայելի հետ կատարվածի դեպքում, Մանսկին նաեւ շփումներ ունի հայերի հետ:
Ավելի ուշ, հավանաբար, ինչ-որ մեկի հուշմամբ, ճանաչված ռեժիսորը փակել է գրառումը, այն այլեւս հանրային չէ: Ի դեպ, Մանսկին ժամանակին եղել է Արցախում, նկարել է Բաքվի հայտնի դեպքերը, եղել է նաեւ Լաչինում: Իսկ 2015թ իր «Գիրքը» ֆիլմի պրեմիերային անգամ սիրո խոստովանություն է արել հայերին ու Հայաստանին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ viralife.ru -ից: