Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական համաձայնություն «Զանգեզուրյան միջանցքի» շուրջ՝ առանց Հայաստանի

Նոյեմբեր 09,2023 22:00

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև  տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը պետք է  իրականացնի Ռուսաստանի Դաշնության  Անվտանգության դաշնային ծառայությունը։

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս տեղեկատվությունը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ այս հայտարարությունը պատահական չէ․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի կապիտուլյացիոն ակտի 9-րդ կետում այս մասին պարզ գրված է, որ ապագայում բացվող տրանսպորտային կապերը պետք է վերահսկվեն Ռուսաստանի Դաշնության  Անվտանգության դաշնային ծառայության կողմից։

Ըստ նրա, Մարիա Զախարովան հենց այս փաստաթղթի 9-րդ կետն է  նկատի ունեցել՝  նման հայտարարություն անելով։

«Հարցն այն է, թե ինչո՞ւ հիմա Մարիա Զախարովան հիշեց այս կետի մասին։

Բնականաբար՝ պատահական չի հիշել։․Հայաստանի գործող իշխանությունները սեպտեմբերի 23-24-ից հետո, երբ որ արդեն պարզ էր՝ Արցախը 99․9 տոկոսով կհայաթափվի, բացահայտ՝ վարչապետի, Ազգային Ժողովի նախագահի մակարդակով սկսեցին տարածել հակառուսական հռետորաբանություն, որը մինչև այդ հասարակության շրջանակում  տարածվում էր ավելի ցածր պաշտոնյաների ու հիմնականում ֆեյքնյուսերի միջոցով։

Հիմա Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը վարում է հակառուսական գծով․ ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է,  որ 102-րդ ռազմաբազայի հեռացման մասին հիմա չեն մտածում, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու մասին ևս չեն մտածում, բայց հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը երբեք գործին չի համապատասխանել։

Եվ այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, ՀԱՊԿ-ում չի նշանակում իր դեսպանին, ավելին՝ դեսպանին հանում է այդ կազմակերպությունից ու նոր դեսպան չի նշանակում։ ԱՊՀ գագաթաժողովներին չի գնում, ԱՊՀ վարչապետերի հանդիպումներին չի գնում, ՀԱՊԿ գագաթաժողովներին չի գնում, բացահայտ արհամարհում է Ռուսաստանի կողմից ժամանակին ստեղծված ռազմա-քաղաքական և տնտեսական միջազգային կազմակերպությունները՝ ի դեմս ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի։

Ավելին, հատկապես Գրանադայի այցից հետո Նիկոլ Փաշինյանի շրջապատից այսպես ասած արտահոսք եղավ․ կրկին բավական բարձր պաշտոնյաների կողմից էր՝ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, որ բացվող տրանսպորտային հանգույցները պետք է վերահսկվեն միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս թեզը հատկապես  սկսեց շատ ակտիվորեն առաջ տարվել Թբիլիսում տեղի ունեցած մետաքսի ճանապարհ կոչվող միջազգային ֆորումից հետո, երբ  Փաշինյանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Եվ այդ ծրագիրը ներկայացնելուց հետո բազմաթիվ իշխանականներ Հայաստանում հայտարարեցին, որ Ռուսաստանի կողմից ոչ մի տրանսպորտային միջանցք կամ հանգույց կամ որևէ ուղի չի վերահսկվելու։

Ենթադրաբար հենց այս ֆոնին Մարիա Զախարովան այս հայտարարությունն արեց, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին պիտի վերահսկի ՌԴ-ն, իսկ դա զանգեզուրյան միջանցքն է։

Եվ հիմա հասկանալի է, թե ինչու պաշտոնական Մոսկվան Հայաստանի Հանրապետության թիկունքում բանակցում է Թուրքիայի հետ։ Այս հայտարարությունը պատահական չի արվում, սա արդեն համաձայնեցված է Անկարայի հետ։ Մոսկվան արհամարհած ունի և՛ Երևանին, և՛ այս պարագայում Բաքվին, հարցերը լուծում է Անկարայի հետ։
Եվ թուրք-ռուսական հարաբերությունների մերձեցումը կրկին ընթանում է այն նույն աղետալի սցենարով, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, երբ որ մեր հաշվին ռուս բոլշևիկները, իսկ այստեղ կարելի է նշել, որ պուտինյան Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ է ստեղծում Թուրքիայի հետ։

Չմոռանանք, որ նույն 20-րդ դարի սկզբին, ինչպես հիմա, Ռուսաստանը գտնվում էր «իզգոյ» վիճակում, այն ժամանակ համաշխարհային հանրություն կոչվածը չէր ճանաչում բոլշևիկների իշխանությունը Ռուսաստանում, այժմ էլ  համաշխարհային հանրությունը գրեթե արհամարհում է Պուտինին։ Եվ մեր հաշվին Ռուսաստանը փորձում է լավ հարաբերություններ ստեղծել Անկարայի հետ։

Վերջին իրադարձություններն Արցախում ես դիտարկում եմ հենց նույն տեսանկյունից, որ Հայաստանի գործող իշխանությունների կոպտագույն սխալների արդյունքում ՌԴ նախագահը որոշեց պատժել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ողջ հայ ժողովրդին, և կրկին այդ պատժելու արդյունքում «թանկ գնով մեզ ծախեց», իսկ այս պարագայում Արցախը վաճառեց թուրքերին։ Կրկնում եմ՝ այս ամենի մեղավորը մենք ենք, և Հայաստանի գործող իշխանությունների կոպտագույն սխալներն արտաքին քաղաքականության մեջ, որից հմտորեն օգտվում են և՛ մեր թշնամիները և՛ մեր հակառակորդները»։

Քաղաքագետի ասելով՝ որևէ լավ հետևանք կանխատեսել հնարավոր չէ։

«Եվ հիմա ես սպասում եմ նոր հակամարտության, ցավով պետք է  արձանագրեմ, որ որևէ լավ հետևանքներ մեզ համար չեմ տեսնում, որովհետև որքան ես հասկանում եմ՝ կոնֆլիկտը սողացող և արագընթաց ձևով մտնում է արդեն Հայաստանի տարածք, որը  ենթադրաբար կընթանա սիրիական կամ լիբիական սցենարով․ Հայաստանը մասնատվելու  է այս կամ այն երկրի ազդեցության գոտիների։

«Արցախը տանք, հանգիստ ապրենք» կամ  «Խաղաղության  օրակարգ, «Խաղաղության խաչմերուկ»  ծրագրերը, որոնք այս իշխանությունները տարբեր ձևաչափերով հրամցնում են մեր հասարակությանը, ուղղակի տապալված են։ Եվ պետք  է նշեմ, որ Արցախը տալ, հանգիստ ապրելու փոխարեն մենք հիմա բացահայտ առնչվում ենք Արցախը տվեցինք, պատերազմը բերեցինք  բուն Հայաստան։  Հիմա սպասենք, թե Զախարովայի այս հայտարարությունից հետո ինչ քայլեր կձեռնարկեն Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած ուժերը։

Ես կրկնում եմ՝ ՀՀ-ն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ոչ թե  բանակցային սեղանի շուրջ է, այլ վրան է, և Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, բոլոր թեզերը, որ ինքն առաջ է քաշում և ինչ-որ խրոխտ կեցվածք է ընդունում հայաստանյան  հասարակության մոտ, դա ընդամենը շղարշ է, իրականում ՀՀ-ը միջազգային հանրության կողմից ընդունվում է որպես կապիտուլացված, թուրքերի կողմից նվաստացած, նսեմացած երկիր, որը բանակցային սեղանի շուրջ տեղ չունի։

Մենք բանակցային սեղանի վրա ենք, որի ամենախայտառակ ապացույցներից մեկը Մարիա Զախարովայի այսօրվա հայտարարությունն էր, որի վերաբերյալ համոզված եմ՝ ՀՀ գործող իշխանությունները ոչինչ էլ չգիտեին, որովհետև այս հարցերը կրկնում եմ՝ լուծվում են ոչ թե Մոսկվայի ու Երևանի կամ Մոսկվայի և Բաքվի միջև, այլ լուծվում են Մոսկվայի և Անկարայի միջև։ Ցավոք սրտի, որքան ես տեսնում եմ, այդ լուծումները շարունակում են մնալ հակահայկական», ասում է Գագիկ Համբարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Նախ՝ հիշեցնեմ, որ «սեղանի շուրջ-սեղանի վրա» անհեթեթությունը շատ վաղուց է իր արժանի քննադատությանն արժանացել ու հօգուտ դրա հեղինակի՝ մերժվել։
    Երկրորդ՝ Ինչու՞ է ձեզ թվում, թե ՀԱՊԿ կոչված սնամեջ կառույցի մասին արժե շարունակել խոսել, երբ դրան անդամակցել-չանդամակցելու խնդիրը Հայաստանն արդեն փաստացի լուծել է, Ռուսաստանն էլ իրողությունն ընդունել, («Ճիշտ է մի քիչ դժգոհ է գնացել, բայց դե․․․» կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը)։
    Հիմա Զաղարովային վերադառնանք․ այդ տիկինը անդրադառնալով «Հայաստանի անվտանգության մարմիններում ճանապարհների վերահսկողության ծառայություն ստեղծելու Հայաստանի ինքնիշխան որոշմանը՝ բառացիորեն ասաց, որ «ըստ պայմանավորվածությունների, (անգամ նոյեմբերի 9 չի նշել), վերահսկողությունը «կոչված է իրականացնել» ռուսական կողմը և այլն։ Նա այս հարցում չհամարձակվեց կեղծել, դա թողնելով խոսքերը մեջբերողներին, ինչն էլ տեսնում ենք։
    Երրորդ՝ մի կողմից ներկայիս Ռուսաստանը նամեմատում եք բոլշևիկյան Ռուսաստանի հետ այն կոչելով ոչ ավել, ոչ պակաս թուրքամետ ու «իզգոյ», մյուս կողմից մեղադրում եք հայաստանյան իշխանություններին այդ իզգոյից հեռանալու համար, էլ չասած, որ այդ իզգոյը չգիտես ինչ իրավունքով կարող է իրեն վատ վերաբերող իշխանությունների պատճառով պատժել բովանդակ հայ ժողովրդին․ սա մի անիմաստ թեզ է, որի սնամեջությունը թեև հասկանում են, բայց չեն էլ կարող հրաժարվել, չգիտես ինչու։
    Չորրորդ՝ Արցախից հետո պատերազմը «Սողալով մտնում է Հայաստանի տարածք», սա ոչ մի փաստացի հիմնավորում չունի, քանի որ նույն սողալը տեսել ենք 2021-ի գարմանից, ու հակառակի նման 2023-ի աշնանը չենք տեսել, ավելի շուտ, չենք տեսել այն ժամանակվանիս, երբ եվրամիության դիտորդներին սկսեցինք տեսնել։
    Վերջում էլ՝ Փափազյանը կասեր․ «ամեն սև բան Օթելլո չէ, մանչս»․․․ Միայն թե այս վերջին միտքն ինձ թույլ եմ տալիս ուղղել, ոչ թե մեր քաղքագետին, այլ նրանից՝ իբրև քաղաքագետի, ծավալուն հարցազրույց վերցնողցնող ու այդ ժամանակավրեպությունը մեզ հրամցնող լրագրողին։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930