Նոյեմբերի 9-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 42-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման հետևանքներին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից ավելի քան 100 հազար փախստականների առաջնային կարիքներին արձագանքի ուղղությամբ։
Նախարար Միրզոյանը կարևորել է տեղահանված շուրջ 21 հազար դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքի իրացումը՝ նշելով, որ նրանց մեծ մասի համար արդեն իսկ ապահովվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արագ արձագանքը և բռնի տեղահանված փախստական երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով կազմակերպության կողմից հրատապ առաքելության Հայաստան գործուղումը։
ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդրին։ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել դրանց ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով։
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև փոխգործակցության օրակարգային նաև այլ հարցեր։
ՀՀ ԱԳՆ