Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հոգեհանգստի արարողություն։
«Առավոտը» զրուցել է ազգային հերոս Վահագն Ասատրյանի մոր՝ Սիմա Պետրոսյանի հետ։ «Իմ որդու համար առաջնայինը իր հայրենիքն էր, հայրենիքի հզորացումը, մեծացումը, պահպանումը մեր դարավոր թշնամուց։ Իմ որդին սպասում էր, որ պատերազմ կլինի։ Որպես անվանի հետախույզ, սպեցնազի ղեկավար՝ գիտեր թշնամու ամեն մի շարժի մասին եւ պատրաստ էր դրան։ Նա պատրաստ էր հանուն հայրենիքի կռվելու, եւ դրան պատրաստ էր նաեւ իր հրամանատարությամբ գործող մի ամբողջ բրիգադ։ Եվ նա մեկնեց ու արեց իր գործը։ Քարվաճառում անելանելի վիճակ էր, թշնամին մտել էր, իմ որդին կարողացավ գրավել այնպիսի դիրք, որը մեծ նշանակություն ուներ հետագայի համար՝ տալով ընդամենը մեկ զոհ։ Իր համար իր զինվորի կյանքը թանկ էր։ Հասավ Ջաբրայիլ, Հադրութ, արծվի նման կանգնած էր Հադրութի գլխին եւ թույլ չէր տալիս, որ թուրքը ոտք դներ այնտեղ։ Եվ կատարվեց անսպասելին՝ գտան իրեն»,- ասաց Սիմա Պետրոսյանը։
Տիկին Սիման նշեց, որ երեք տարիների ընթացքում լսել է որդու ընկերներին, ծառայակից սպաներին, զինվորներին․ «Եվ հասկացել եմ, որ իմ Վահագին հենց այնպես չեն տվել ազգային հերոսի կոչում»։ «Նա իր ամբողջ կյանքով հենց հերոս է եղել՝ սկսած սովորելու տարիներից։ Նրան փնտրում էր ամբողջ Ադրբեջանը, նույնիսկ Թուրքիան, որովհետեւ բայրաքթարները ղեկավարում էին թուրք սպաները։ Եվ կարողացան գտնել։ Բայց իմ որդին գնացել է կռվի հաղթելու տրամադրությամբ՝ առանց մտածելու, որ իր հայրենիքից մի մազ կպակասի։ Եվ ես համոզված եմ, եթե նա ողջ լիներ, պատերազմն այսպիսի ավարտ չէր ունենա։ Նա իր խելացի մտքով, իր հզորությամբ, զորավարի գիտելիքներով ու ուշիմությամբ հաղթանակած էր տուն գալու, ես դրանում համոզված եմ»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Սիմա Պետրոսյանը չի համարում, որ մենք այսօր պարտվել ենք։ Պարտվողական թեզեր տարածողներին նա հակադարձում է․ «Ամբողջ աշխարհն է այսօր այս վիճակում՝ լինում են եւ հաղթանակներ, եւ պարտություններ։ Ես սա պարտություն չեմ համարում, որովհետեւ զինվորը, զորքը, բանակը չի պարտվել։ Սրանք ուրիշ խաղեր են, որոնք ժամանակի ընթացքում պետք է լուծվեն։ Դրա համար մեզ հարկավոր է միասնական լինենք։ Գրագետ լինենք, ինչպես իմ որդին է ասում՝ սպան պետք է լինի կարդացած, գրագետ, առողջ, որպեսզի կարողանա ծառայել։ Պետք է ունենանք հայկական հզոր բանակ՝ գիտելիքներով լի, որ ոչ միայն զենքին տիրապետեն, այլ տիրապետեն այնպիսի գիտելիքների, որ կարողանանք հաղթել»։
Տիկին Սիման նաեւ ասաց, որ երեք տարի է՝ որդու ծառայակից ընկերների հետ հանդիպումներ է ունենում եւ տեսնում է, որ բոլորի մոտ հույս կա՝ ունենալու հզոր բանակ։ «Մեզ փրկելու է մեր միասնությունը եւ հզորությունը։ Մեր բանակը պետք է ավելի հզորանա ու ավելի ճիշտ մասնագետներ ունենա, պետք է զարգացնենք ռազմարդյունաբերությունը։ Դրան պետք է մասնակցի ամբողջ աշխարհում սփռված հայությունը»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ