Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հոգեհանգստի արարողություն։
44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի կյանքում ամենատխուր օրն էր, որովհետեւ հենց այդ օրվանից սկսվեց Արցախի ու Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը։ «Մենք չկարողացանք պայքարել, չպայքարեցինք հանուն մեր երկրի, եւ ստացվեց այնպես, որ եղան զոհեր՝ հանուն ոչնչի․ այսօր Արցախ չունենք։ Գուցե տղաների հոգին վերեւում խաղաղ է, բայց նրանց հոգին հանգիստ չէ, քանի որ իրենց արյան գնով պահած հայրենիքն այսօր չկա»,- ասա նա։
Կարդացեք նաև
Աստղիկ Գալեյանն անդրադարձավ նրան, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն այսօր չեն այցելել Եռաբլուր։ «Նա չպիտի այցելի Եռաբլուր, որպես ի՞նչ այցելի, գա նայի ասի՝ ես հանձնեցի՞։ Ի՞նչ երեսով պետք է գա այստեղ։ Ես ոչինչ չեմ սպասում․ հող հանձնելուց, այս ժողովրդին նվաստացնելուց բացի այս կառավարությունը ոչնչի ընդունակ չէ։ Սա հաղթանակած կառավարություն չէ, սա պարտված կառավարություն է»,- հավելեց նա։
Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը տնային կալանքի տակ է գտնվում։ Նրան չեն թույլատրել նաեւ այսօր այցելել Եռաբլուր։ Աստղիկ Գալեյանը նշեց, որ ամուսնուն չեն թողնում տանից դուրս գալ։ «Այս իշխանությունը, դատական համակարգը պետք է որոշի՝ ծնողի գա իր որդու շիրիմին այցի, թե՞ ոչ։ Սա է մեր իրականությունը։ 2020 թվականից ի վեր ամեն երեկո Գարիկ Գալեյանը Եռաբլուրում է եղել, հետո եկել է տուն։ Դուք պատկերացրեք, երկու ամիս նա կալանավայրում է եղել, հիմա էլ տնային կալանքի տակ է, դարձյալ չի կարողանում այցելել իր որդու շիրիմին։ Դատավարության ընթացքում նա ասաց՝ հաշվի առեք այն հանգամանքը, որ ես օրվա ընթացքում գոնե մեկ անգամ գնամ Եռաբլուր, բայց հաշվի չառան»,- ասաց Աստղիկ Գալեյանը։
Շուշեցի Նարե Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր կապիտուլյացիայի երեք տարին է լրանում։ «Այո, երեք տարի առաջ դավաճանաբար հանձնվեց հայրենիքը, այն անվանվեց դժգույն եւ դժբախտ, սակայն իրավունք չունենք մոռանալ մեր տղաների սխրանքները, ովքեր իրոք պատերազմի 18 տարեկան աստվածներ էին։ Նույնիսկ այս ծանր օրերին պետք է գալ, նայել նրանց աչքերին, հասկանալ, որ մենք կիսատ թողած գործ ունենք եւ հասկանալ, որ ոչ մի բարոյական իրավունք չունենք այս պայքարը կիսատ թողնելու։
Արցախի հիմնում այսպիսի բառեր կան՝ պատմությունը երկրի մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։ Մեր մի քանի սերնդի արյամբ է այդ պատմությունը կերտվել, եւ մենք պետք է կամք ու քաջություն ունենանք՝ պայքարը կիսատ չթողնել»,- ասաց նա։ Նարե Սիմոնյանն անդրադարձավ հարցին, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր չեն այցելել Եռաբլուր։
«Դա նորմալ է, եթե հաշվի առնենք, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը վերջին երեք տարիներին։ Դա նրա սկսած եւ շարունակվող դավաճանական գծի մեջ է։ Ամեն ինչին պետք է նայել այն կտրվածքով, որ այս մարդը հայկական ազգային շահը չի սպասարկում։ Այս մարդու համար այս զոհերը սրբազան չեն, զոհերը զուտ թիվ են, եւ նրա ցանկացած արարք այս տրամաբանությամբ է բացատրվում։ Չեն այցելում Եռաբլուր, որովհետեւ ուզում են մոռացության տալ, չկարեւորել այն գործը, որն այս տղաներն արել են իրենց երիտասարդ կյանքի գնով»,- հավելեց նա։
Նարե Սիմոնյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե Արցախի հարցը այսպիսով չի կարող փակվել, ինչպե՞ս է պատկերացնում Արցախ վերադարձը․ «Հիշո՞ւմ եք, նոյեմբերի 9-ին դավաճանական ռեժիմն անընդհատ խաբում էր եւ ասում՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Իսկ Շուշիի համար մարտերը, այո, իրականում շարունակվում են։ Եվ մեր գլխավոր խրամատը Հանրապետության հրապարակով է անցնում։ Ես Արցախի համար, Շուշիի համար եւ ընդհանրապես հայկական պետականության համար պայքարը պատկերացնում են Հանրապետության հրապարակի խրամատն ազատագրելով»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ