«Նոյեմբերի 9-ը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկը: Մի խաբեբա, որը 2018 թվականին զանգվածային խաբեության ու խարդախության հետեւանքով տիրացել էր հայ ժողովրդի իշխանությանը, եւ նենգաբար ու դավադրաբար այդ իշխանությունը ծառայեցնում էր հայ ժողովրդի թշնամիների շահերին, երեք տարի առաջ, այս օրը, մինչեւ օրվա վերջին պահը դեռ խաբում էր հայ ժողովրդին: Ու դեռ շարունակում է խաբել»,- այսօր նախագահական նստավայրի դիմաց հայտարարությամբ հանդես եկավ «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով, որ երեք տարի առաջ այս օրը, մոտավորապես այս ժամերին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, թե՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», մինչդեռ վերջերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին օրինակը ինքը ստորագրել էր այդ օրը, դեռ առավոտյան: Իսկ հետագայում պարզվեց, որ ՀՀ ԶՈՒ-ը Շուշիի նկատմամբ վերահսկողությունը կորցրել են դեռ նոյեմբերի 6-ին:
«Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամները, հիշեցնենք, երեկ հարցադրումներ էին փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Թեեւ աշխատակազմից տեղեկացրել էին, որ գրավոր կպատասխանեն, շարժման անդամները, սակայն, ակնկալում էին, իրենց հարցերի պատասխանները լսել Նիկոլ Փաշինյանից՝ այսօր նախագահական նստավայրի մոտ:
Ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանը երեք տարի առաջ ստորագրելով չարաբաստիկ հայտարարությունը՝ «փախավ՝ մտավ թաքստոց», ճիշտ այնպես, ինչպես այսօր, տեղեկանալով այս ակցիայի մասին՝ «փախել է Փարիզ, կնոջ հետ, մասնակցելու է խաղաղության կոնֆերանսի»: Էդգար Ղազարյանն ուսումնասիրել է կոնֆերանսի ծրագիրը եւ պարզել, որ Նիկոլ Փաշինյանը միակ երկրի ղեկավարն է, որը մասնակցելու է պաղեստինաիսրայելական հակամարտությանը նվիրված կոնֆերանսին: Բացի Ֆրանսիայի նախագահից, իհարկե, որը հյուրընկալող երկիրն է:
Էդգար Ղազարյանը մարդկանց կոչ է անում չապավինել ոչ մեկի, ոչ մի բեւեռի, ոչ մի քաղաքական ուժի, դուրս գալ փողոց եւ կասեցնել այս աղետաբեր ընթացքը՝ հեռացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, քանի որ այս իրավիճակի միակ մեղավորը հենց նա է իր իշխանավորներով. «Մենք, որ տեսել ենք Պաշտպանության բանակի փառահեղ շքերթը Վերածննդի հրապարակում, չենք կարող ապրել՝ տեսնելով ադրբեջանական բանակի շքերթը նույն հրապարակում, չենք կարող հանդուրժել այն միակ պատասխանատուին եւ մեղավորին, որը միակն է՝ հայրենիքի գող: Դեռ անցյալ տարի նոյեմբերի 9-ին, Ստեփանակերտում կյանք կար, խանութներում դեռ մթերք կար, տներում հոսանք կար: Հայրենիքի գողին ընդամենը մեկ տարի պահանջվեց, որպեսզի Ստեփանակերտի կյանքը՝ պատրաստի, վարագույրերը կախ, գորգերը փռած, Արցախի դրոշը վրան դրած՝ դնի Ալիեւի ոտքերի տակ: Ընդամենը մեկ տարի նրանից պահանջվեց՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում հայտարարությունը ստորագրելուց հետո, մեր դրոշը Ստեփանակերտում, թշնամու ոտքերի առաջ փռելու համար: Այս տարի հոկտեմբերի 5-ին նա ստորագրել է Գրանադայի հայտարարությունը»:
Կարդացեք նաև
Բանախոսի պնդմամբ, հետագա աղետաբեր ընթացքը կանխելու միակ տարբերակը բոլորի միասնական պայքարն է՝ ՀՀ իշխանության դեմ, քանի որ արցախցիների ճակատագիրը այժմ սպասվում է ողջ հայ ժողովրդին. «Ինքն ԱԺ-ում կանգնում ասում է՝ քանի որ մեր երկիրը չունի կադաստրի վկայական, մի օր կգան ու կասեն՝ «դավայ եղեք ստեղից», ինքն արցախցիներին արդեն ասել է՝ «դավայ եղեք» ու մի օր էլ մեզ կասի, քանի դեռ մենք իրան չենք ասել՝ «դավայ եղի ստեղից»:
Նա հանրությանը հորդորում է՝ տեսածը հասկանալու պարզ ունակություն ունենալ եւ ըստ այդմ գործել, քանի որ իշխանությունը մեր հայրենիքը մաս առ մաս հանձնում է թշնամուն ու այս պայքարում արդարացի են բոլոր միջոցները, այդ թվում ազգային ազատագրական պայքարը:
Նա ուշադրություն է հրավիրում երեկ, Ադրբեջանի ԱԳ նախարարության այն հայտարարությանը, որ իբր ադրբեջանական ութ գյուղեր Հայաստանի տարածքում անկլավ են եւ Հայաստանը բռնազավթել է դրանք, իսկ ՀՀ ԱԳ փոխնախարարն այսօր հայտարարում է, որ դրանցից չորսի հետ ՀՀ-ն խնդիր չունի, մյուս չորսն էլ դեռ սովետական հանրագիտարանը նորից պիտի կարդան. «Այս տգիտությունը միտումնավոր է արվում: Դրանք գյուղեր չեն, այնտեղ մարդ չի ապրել եւ չի ապրելու, դրանք տարածքներ են, որոնցով վերահսկողություն է հաստատվելու Երեւան-Մեղրի, Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհների վրա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ