Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձելու են արոտավայրեր ստանալը ներկայացնել որպես մեծ հաղթանակ, բայց հանձնելով ռազմավարական բարձունքներ, երկու միջպետական ճանապարհներ՝ դեպի Վրաստան ու Իրան»․ Հայկ Մամիջանյան

Նոյեմբեր 09,2023 16:49

«Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի, չսպիացած վերքի օր է։ Այն վայրկյանին, երբ այդ ցավը վերափոխվի ցասման, բոլոր լուծումներն ինքնին կգան»,- Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց դեպի ՀՀ ԱԺ անցկացված լուռ երթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ անցկացված լուռ երթի ժամանակ մասնակիցները այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական բնակավայրերի նկարներով պաստառներով էին։

Հայկ Մամիջանյանը վստահեցրեց՝ այս բնակավայրերը դաջված են յուրաքանչյուր հայի սրտին․ «Եթե ինչ-որ մարգինալների, դավաճանների խմբակ որոշել է դրանք մեր սրտից մաքրել, մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից, քանի որ իրենք այնպես չեն պահում իրենց, իբր սա իրենց հայրենիքն է։ Սա մեր հայրենիքն է»։

Հարցին՝ ՀՀ իշխանության առաջ քաշած «խաղաղության խաչմերուկ»-ն ո՞ւր է տանում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Տարբեր ՔՊ-ական երեսփոխաններ խոսում են, որ բանակցում են Արցախում հայերի իրավունքների և ազատությունների համար։ Հենց հիմա թող բոլորով հավաքվեն, գնան իրենց բանակցած իրավունքների ու ազատությունների պայմաններում ապրեն, տեսնեմ քաղցր է, թե՝ ոչ։ Ինչ վերաբերում է խաղաղության խաչմերուկին, ապա Փաշինյանն այսուհետ ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով։ Մի քանի շաբաթ առաջ ԱԺ-ում հպարտորեն հայտարարեց, ասաց՝ կապիտուլյացիան ու հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունի․ այսուհետ լոգոյի տակ ենք հանձնելու։ Փաշինյանը, վերջին հինգ տարիներին, երբ խաղաղություն բառն է օգտագործել, ցավ, արյուն ու մահ է բերել։ Իրենք փորձում են ներկայացնել իրենց հայրենավաճառությունը՝ որպես ՀՀ-ի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման մեծ ձեռքբերում։ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը երբեք հարցականի տակ չեն եղել։ Իրենք ստեղծել են այդ խնդիրները, հիմա իբր ներկայացնում են, որ ուզում են լուծել։ Խոսքը ամբողջ ՀՀ-ն վտանգի տակ թողնելու մասին է։ Հայրենիքը, տարածքները քառակուսի կիլոմետրերով չեն հաշվում։ 29․8-ը կեղծ օրակարգ է։ Սրանք փորձելու են արոտավայրեր ստանալու դիմաց ներկայացնեն դա որպես մեծ հաղթանակ, բայց հանձնելով ռազմավարական բարձունքներ, երկու միջպետական ճանապարհներ՝ դեպի Վրաստան ու Իրան։ Հիմա իրենք չեն էլ թաքցնում։ Երեկ Գևորգ Պապոյանը հպարտորեն ասում էր, որ իրենք հետ են բերելու մի քանի արոտավայրեր Տավուշի մարզում, բայց մոռացավ նշել, որ դրա դիմաց մենք զրկվելու ենք Տիգրանաշենից, ութ գյուղերից, ՀՀ-ն մեր բարեկամ Վրաստանին կապող երկու ճանապարհներից մեկից՝ առնվազն այն թողնելով ադրբեջանական վերահսկողության տակ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930