Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. «Բակո Սահակյանը, եւ Արկադի Ղուկասյանը մեկ օր անգամ Արցախից չբացակայեցին, իսկ Ռուբեն Վարդանյանը ցույց տվեց, որ հայրենիքի նկատմամբ զգացումը կոմֆորտ կյանքը, ճոխությունները չեն, այլ հայրենիքի ցավ ու դարդով ապրելը»

Նոյեմբեր 09,2023 15:47

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Ադրբեջանի կողմից առևանգված եւ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ վերջին տարիների գործունեության մասին ասաց. «Եթե հեռարձակվեր օգոստոսի 29-ի լույս 30-ի մեծ խորհրդակցությունը, այսօր շատ-շատերը, որոնք փորձել են այլ հայացքով նայել Արցախի նախկին նախագահներին, հաստատ կփոխեին իրենց վերաբերմունքը: Այդ օրը իրենք եւս խոսել են: Եվ դահլիճում բոլոր նստածները տեսնում, հասկանում եւ զգում էին, որ իրենց առջեւ նրանք ամենայն անկեղծությամբ, առանց որեւէ բան թաքցնելու իրենց կարծիքն են ասում եւ խոսում իրենց զգացողությունների մասին: Այս երեք տարիների ընթացքում թե Բակո Սահակյանը, թե Արկադի Ղուկասյանը այլ երկրում կամ Հայաստանում ապրելու բազմաթիվ հնարավորություններ ունեին: Սակայն նրանք մեկ օր անգամ Արցախից չբացակայեցին: Եվ այդ ամբողջ ժամանակահատվածում չխանգարեցին Արցախի ներքաղաքական կյանքին: Այսինքն, որեւէ ճնշում, ստիպողականություն չգործադրեցին ոչ Արցախի իշխանությունների, ոչ ընդդիմության, ոչ Ազգային ժողովի վրա: Նրանք, ինչպես վայել է նախկին արժանապատիվ նախագահներին, միշտ եղել են խորհրդատուի կարգավիճակում, տարիների իրենց փորձը փոխանցել: Բայց որեւէ անգամ անտարբեր չեն եղել: Եվ ամենակարեւորը, որ այս երեք տարիներին զգացել եմ իրենց գործողություններում, դա եղել է համախմբման ձգտումը: Միշտ փորձել են բոլոր քաղաքական ուժերին համախմբել:

Իսկ Ռուբեն Վարդանյանը երբ եկավ Արցախ, սկզբում մեր համար անհասկանալի էր, որովհետեւ Արցախն այդքան դավաճանություններից հետո՝ արդեն դժվարությամբ էր մարդկանց ընդունում ու հասկանում: Անգամ, երբ նա սկսեց կտրուկ փոփոխություններից ու մեծ ծրագրերից խոսել, դեռեւս հասկանալի չէր: Բայց կարճ ժամանակ հետո Ռուբեն Վարդանյանը կարողացավ ցույց տալ, որ ինքը մեզնից մեկն է:

Մեկ անգամ, երբ նրա հետ զրուցում էինք, ես՝ ոչ որպես պատգամավոր, ինքը՝ ոչ որպես պետնախարար, ես՝ որպես ծնունդով երեւանցի, ինքը եւս՝ ծնունդով ոչ Արցախից, կիսվում էինք, թե ինչ զգացումներ ունենք հայրենիքի նկատմամբ: Ես ասացի, որ երբեմն ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ աննորմալ է Արցախի նկատմամբ նման զգացողությունը, որ ես չգիտեմ՝ դա սե՞ր է, հոգածությո՞ւն, աննորմալ է Արցախի հողը, ջուրը, ամեն ինչը, նույնիսկ ճանապարհի եզրի բարձրացող փոշին այդ աստիճան սիրելը: Ինքն էլ խոսեց իր զգացումների մասին: Ասաց, որ մինչ Արցախ տեղափոխվելը միշտ մտածել է. եթե մի օր իր երեխաներից մեկն իրեն հարցնի՝ բա ինչի՞ է ինքը հայ, ի՞նչ պիտի պատասխանի: Ու ես հասկացա, որ այն զգացումները, որ ես ունեմ, շատ նման են նրա զգացումին: Եվ շատ-շատերի զգացումները իրար շատ նման են: Այսինքն, այս քաոսային վիճակում, որ ստեղծել են իշխանությունները, յուրաքանչյուրս ինքնահաստատվելու խնդիր ենք ունեցել:

Եվ այո, շատերը գալիս էին Արցախ ապրելու եւ արարելու, փրկելու Արցախը, որպեսզի վերահաստատեին այս հողին արժանի լինելու իրավունքը: Ռուբեն Վարդանյանը նրանցից մեկն է: Ինքը շատ կարճ ժամանակում ցույց տվեց, որ հայրենիքի նկատմամբ զգացումը կոմֆորտ կյանքը չէ, ճոխությունները չեն, այլ հայրենիքի նկատմամբ զգացումը հայրենիքի ցավ ու դարդով ապրելն է: Ինքը ապրում է դրանով: Ինքը նույնիսկ Քոլատակ գյուղում էր տուն գնել ու ապրում էր այնտեղ: Ամեն օր գալիս էր Ստեփանակերտ եւ գնում, մինչեւ վառելիքի խնդրի սրանալը: Ինքն այդ ընթացքում բազմաթիվ ծրագրեր իրականացրեց, որպեսզի կարողանա շրջափակման ընթացքում թեթեւացնել ժողովրդի կյանքը»,-ասաց տիկին Մետաքսեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    իսկ վերջին մեկ ամսում, տասից ավել հիմնական կուտակման վայրերում, որտեղ ապաստանել են մեր Արցախից վտարված հայրենակիցները, Ծաղխաձորի և Աղվերանի հանգստյան տներում հարցում է անցկացվել, արդյոք Արցախի որևէ պատգամավոր այցելել է իրենց ու պարզվեց ոչ մեկը նրանց չի այցելել․․․․ առավոտից երեկո Մետաքսեն քայքայիչ գործունեություն է ծավալում եթերներում, դրա փոխարեն գնա մի հատ տես ինչ խնդիրներ ունի էլեկտորատդ․․․․ բա աշխատավարձ ես ուզում․․․․

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930