Պեմզաշենում 31-ամյա կնոջ և 8-ամյա, 12-ամյա երեխաների դաժան սպանության, եւ երեխաներից մեկի՝ 12-ամյա Կարինեի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու աղմկահարույց գործի դատավարությունը շարունակվում է:
Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Արկադի Բարսեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու:
Արկադի Բարսեղյանի պաշտպանն ասաց, որ Արկադիին գյուղի բնակիչները գնահատում են դրական անձ, լավ են վերաբերվում, եթե ազատության մեջ լինի, մտավախություն չկա նրա նկատմամբ հաշվեհարդարի: Մեղադրող դատախազն ու տուժողի ներկայացուցիչը պահանջել էին խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամիս ժամկետով: Երբ դատավորը սպանված կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի ամուսնու՝ տուժող Սևակ Մելիքսեթյանի դիրքորոշումը փորձեց պարզել կալանքի ժամկետի վերաբերյալ, նա հայտարարեց. «Ի՞նչ կալանք, պետք է գնդակահարել՝ տեղում»:
Կարդացեք նաև
Արկադի Բարսեղյանը դատարանում ասաց. «Ես ոչ մի բանից խաբար չեմ, ոչ մի բան չեմ էրէ, թող բացահայտվի: Տուժող Սևակ Մելիքսեթյանն ասեց՝ պտի գնդակահարվի, ոչ թե գնդակահարեն, թող վառեն հրապարակում: Ես կապ չունեմ դրա հետ, չիդեմ՝ ինչի են իմ անունը տվե: Ով որ էրել է՝ պիտի պատասխան տա, պիտի վառեն: Մի հատ էլ տուժող Սևակ Մելիքսեթյանն ասում է՝ պիտի գնդակահարեն, թող գնդակահարեն, թող վառեն, ես էդ տղեն չեմ, որ նման բան անեմ»:

Court hearings of the murder of a mother and two children in Pemzashen took place at the Court of First Instance of Shengavit District of Yerevan, Armenia
Իսկ ամբաստանյալ Վրույր Բարսեղյանն ասաց. «Ես ինչ էրել եմ, ես եմ: Ինձ մեղադրում են բռնաբարության մեջ, ինձ դանակով հարվածել են, որ ես շարունակեմ էդ գործը»:
Այսպես անհասկանալի ձևակերպումներից հետո նա ասաց. «Ես քանի տարի հոգեմետ դեղեր կխմեմ, եթե հնարավոր է, ինձ բուժում նշանակեն»: Դատավորը հարցրեց՝ ՔԿՀ-ում ձեզ դեղ չե՞ն տրամադրում: Նա պատասխանեց՝ տրամադրում են, բայց բուժումն ուրիշ է: Արտուշ Գաբրիելյանը հորդորեց այդ բովանդակությամբ նամակ գրել քրեակատարողականի պետին, որ նրան տեղափոխեն բուժման:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ